Արցախն իր հույսը կտրել է ոչ թե մայր Հայաստանից, այլ Նիկոլի վարչախմբից
Գլխավոր » Լրահոս » Արցախն իր հույսը կտրել է ոչ թե մայր Հայաստանից, այլ Նիկոլի վարչախմբից

Արցախն իր հույսը կտրել է ոչ թե մայր Հայաստանից, այլ Նիկոլի վարչախմբից

Սոչիում կայացած Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպման վերաբերյալ զրուցել ենք Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ։

Դուք որեւէ ակնկալի՞ք ունեիք Սոչիի հանդիպումից, որ ինչ-որ կերպ պետք է Արցախի հարցի կարգավորման մասով գոնե ինչ-որ կարմիր թել անցներ, կամ հստակ ուղենիշներ մատնանշվեին։

— Ցանկալի կլիներ, բայց․․․ Մենք պետք է մեր հույսը մեզ վրա դնենք եւ պայքարենք հանուն մեր իրավունքների։ Իհա՛րկե, շատ լավ կլիներ, որ նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ մեր ակնկալիքներն արդարանային։ Այսօրվա տեքստն այդ առումով ոչինչ չի ասում։

Ի դեպ, այդ տեքստում նաեւ ռուս խաղաղապահների մասով հստակեցում չկա. ընդամենը շեշտվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին։ Բայց չի նշվում, որ ռուս խաղաղապահները պետք է հետագայում էլ շարունակեն իրենց մանդատի շրջանակներում ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։

-Տեքստում այդ մասին ոչինչ նշված չէ. դրա ժամկետը նոյեմբերի 9-ի համաձայնագրով է սահմանված։ Իսկ այդ ժամկետից դուրսն արդեն լրացուցիչ պայմանավորվածության առարկա է, որը հավանաբար տեղ չի գտել այդ տեքստում։

-Կարծո՞ւմ եք՝ սա Հայաստանի իշխանությունների կողմից հատուկ մոտեցում կամ վերաբերմո՞ւնք է, որ Արցախի մասին բառ անգամ չի արծարծվել այդ հանդիպմանը։

— Հստակ տեղեկություն չունենալու պատճառով Ձեր հարցին դժվարանում եմ պատասխանել։

-Ի դեպ, ես ճի՞շտ եմ հասկացել, որ Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ընթացքում անընդհատ շեշտվում էր այն թեզը, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են լինելու, եւ, ըստ էության, Արցախը հույսը դնում է միայն Ռուսաստանի վրա ու պատրաստ է Ռուսաստանի հովանու ներքո շարունակել իր անվտանգ գոյությունը։

-Ո՛չ, մենք ասել ենք, որ այսօր անվտանգության երաշխիքները մեր Պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահներն են։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ անգամ մեր Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների առկայության դեպքում լինում են սադրանքներ։ Եվ մենք պարզապես արձանագրել ենք՝ քանի որ այսօր, ըստ համաձայնագրի, Ռուսաստանի Դաշնությունն է խաղաղապահ առաքելություն իրականացնում Արցախում, մենք դիմել ենք ՌԴ-ին եւ նրա ղեկավարությանը, որ քաղաքական եւ ռազմական լրացուցիչ գործուն միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նմանօրիակ դեպքերը բացառվեն։

-Իսկ դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Արցախը հույսը վերջնականապես կտրում է մայր Հայաստանից անվտանգության երաշխիքների առումով։

-Արցախը երբեք մայր Հայաստանից հույսը չի կտրել, Արցախը հույսը կտրել է Հայաստանի հետ որեւէ աղերս չունեցող Նիկոլի վարչախմբից։ Ես չեմ կարծում, թե Հայաստանը Նիկոլի հետ հույս է կապում, այն դեպքում, երբ իր տարածքի կեսն այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք «Հայաստան» հասկացություն չենք ասում, մենք ասում ենք՝ Հայաստանի ժամանակավորապես իշխող վարչախումբ։ Ես ասել և կրկնում եմ՝ ինձ համար տարբերություն չկա՝ Ջերմո՞ւկն է, Մարտակե՞րտը, թե՞ Ստեփանակերտը։

 -Ստեփանակերտի վերջին հանրահավաքը համաձայնեցվա՞ծ էր Արցախի իշխանությունների հետ։ Օրինակ՝ Արայիկ Հարությունյանն ու կառավարությունը համաձա՞յն էին այն ամենին, ինչ այդ օրը հնչեց հարթակից։

-Չեմ կարծում, թե կարող է ամեն ինչի հետ համաձայն լինեին։ Հանրահավաքը կազմակերպել էին Արցախի ժողովուրդը եւ քաղաքական ուժերը և հավաքն ունեցել է մեկ նպատակ՝ տեր կանգնել Արցախի ինքնորոշման իրավունքին։ Ու քանի որ հանրահավաքի թեման դա էր, տեսանք՝ ինչ հոծ բազմություն էր հավաքվել։ Չկա Արցախում մեկը, որ այդ գաղափարի շուրջ չհամախմբվի։ Հանրահավաքը ոչ մեկի հետ համաձայնեցված չէր. քաղաքական ուժերն այն կազմակերպել էին ժողովրդի հետ միասին։ Հանրահավաքին մասնակցել են բոլորը, այդ թվում՝ Արցախի նախկին, ներկա նախագահները։

-Ի դեպ, տեսակետ կա, որ եթե Արցախի իշխանությունները դեմ չէին հանրահավաքի կազմակերպմանը, կամ գոնե իրենց կողմից աջակցություն էր վայելում այդ հանրահավաքը, դա նշանակում է, որ այն համաձայնեցված էր նաեւ Հայաստանի իշխանությունների հետ կամ գոնե ուներ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությունը։

-Ես չեմ կարծում, թե մեր հանրահավաքը պետք էր պայմանավորել կա՛մ Արցախի, կա՛մ Հայաստանի իշխանությունների համաձայնեցման կամ չհամաձայնեցման հետ։ Խնդիրն ավելի լուրջ է դրված. մենք կանգնած ենք շատ վատ մարտահրավերների՝ հայրենիքի կորստի առաջ, եւ եթե մարդը գտնվում է իր տունը կորցնելու վտանգի եզրին, արդեն որեւէ մեկից՝ նախագահ թե վարչապետ, թույլտվություն չի հարցնում։

hraparak.am

1