Պետք է մի կողմ թողնել ընթացիկ անձնական կամ քաղաքական ամբիցիաները և հասկանալ, որ հայրենիքի շահն է կարևոր
Գլխավոր » Լրահոս » Պետք է մի կողմ թողնել ընթացիկ անձնական կամ քաղաքական ամբիցիաները և հասկանալ, որ հայրենիքի շահն է կարևոր

Պետք է մի կողմ թողնել ընթացիկ անձնական կամ քաղաքական ամբիցիաները և հասկանալ, որ հայրենիքի շահն է կարևոր

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի երիտասարդների կոչը ներկայացրել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսխորհուրդի նախագահ Հրաչ Սաիյանը․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ես Արցախի անկախության սերնդից եմ։ Ու իմ ծնողներից եմ լսել խորհրդային ժամանակաշրջանի մասին։ Գիտեմ, որ Արցախը խորհրդային Ադրբեջանի կազմում իբրև թե ունեցել է ինքնավարության կարգավիճակ, բայց մշտապես ենթարկվել է բռնաճնշումների ու խտրական վերաբերմունքի։ Հենց դա էլ ստիպել է ոտքի կանգնել ու պայքարել մեր իրավունքի համար։ Մեր ծնողները պայքարել են ու հաղթել։ Եվ ես ու իմ սերնդակիցները, ինչպես ասացի, ապրել ու մեծացել ենք անկախ Արցախում։ Ինքնուրույն ու հայկական Արցախի գոյությունը Ադրբեջանի համար անընդունելի է, դրա համար նա միշտ դիմում է ահաբեկչական մեթոդների, որոնց նպատակը մեկն է՝ հայաթափում, բայց, եթե ուզում ենք անկախ հայրենիք ունենալ, պիտի պայքարենք միշտ։

2020թ․ դաժան պատերազմը շատ բան է փոխել մեր մտքում, ապրելակերպում, բայց Արցախում ապրելու մտադրությունը, նպատակն ու ծրագրերը մնացել են անփոփոխ, դեռ ավելին՝ ամրապնդվել են։ Սակայն պատերազմից հետո ծավալվող քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ առերեսվում ենք լուրջ վտանգների։ Բոլորիս համար պարզ է, որ թշնամու ախորժակը Արցախով չի սահմանափակվելու։ Մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները ավելի ընդարձակ են։ Արցախը զավթելուց հետո հերթը հասնելու է Սյունիքին, այնուհետև Արարատյան դաշտին, Գեղարքունիքին, Շիրակին և այդպես շարունակ՝ մինչև հայկական պետականության վերջնական կործանում։ Հայ ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ 1988, 1991, 1994 թվականներին, 2016 թվականի քառօրյային, 2020 թվականի 44-օրյային Հայաստանի Հանրապետությունից, հայկական Սփյուռքից իրենց արյունն ու քրտինքն են շաղախել Արցախի հողին՝ գիտակցելով, որ Արցախը հայկական եղել է և լինելու է։

Եվ մենք իրավունք չունենք այդ բոլոր տառապանքներն ու զրկանքները, նվիրումը մոռանալու և ուրանալու. դա կլինի ամենամեծ դավաճանությունը ինքներս մեր նկատմամբ։ Մեզ համար անընդունելի է ցանկացած խաղաղության պայմանագիր, որը կասկածի տակ կդնի մեր ինքնիշխանությունը՝ մեր, ձեր, բոլորի, յուրաքանչյուրի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և պապենական հողում արժանապատիվ ապրելու իրավունքը. անընդունելի է իմ՝ անկախության սերնդի ներկայացուցչի, անկախության համար պայքարած սերնդի, անկախությունը երազած սերնդի  համար։ Ես համոզված եմ, որ այս օրհասական պահին նույն համազգային համախմբումն է անհրաժեշտ ի պաշտպանություն Արցախի ու արցախահայության։

Սիրելի՛ արցախցիներ, մենք՝ արցախցի երիտասարդներս, մեր ապրելակերպում ու սկզբունքներում երբևէ թույլ չպիտի տանք, որ հայակործան որևէ ծրագիր իրականանա։ Արդեն ասացի, որ մեր հայրենիքում ապրելու և ստեղծելու իրավունքը պահելու համար գոյամարտ է մղվել։ Թե՛ ինձանից ավագ, թե՛  իմ սերնդակից բազմահազար հայորդիներ հանուն հայրենիքի զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Կարծում եմ, որ հանուն Արցախի, հանուն հայրենիքի պետք է մի կողմ թողնել ընթացիկ անձնական և քաղաքական ամբիցիաները և հասկանանք, որ հայրենիքի շահն է կարևոր։ Եթե չունես հայրենիք, ի՞նչ հասարակական կամ քաղաքական գործունեության մասին է խոսքը, որտե՞ղ է դա գործելու, ինչի՞ համար և ինչպե՞ս։ Ճակատագիրը մեզ չի տալիս հանգիստ ապրելու հնարավորություն և այն, ինչ ուրիշ երկրների բնակիչները ստանում են ի ծնե՝ որպես բնական իրավունք, մենք դա էլ ենք նվաճում պայքարելով, իսկ պայքարը հաջողությամբ ավարտելու համար պետք է համախմբում։ Ուստի, որպես արցախցի երիտասարդ, կոչ եմ անում լինել միաբան ու մեր ամբողջ ներուժը ներդնել հայրենիք պահելու, մեր արցախցի լինելու իրավունքը պաշտպանելու համար»։

1