Թանկագի՛ն Մայր Հայաստան, միացի՛ր մեզ, պայքարի՛ր մեզ հետ. Դ. Գաբրիելյան

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի ելույթը՝ Վերածննդի հրապարակում
Սիրելի՛ հայրենակիցներ, արցախցիներ,
Հիմա այստեղ տեսնելով շատերին՝ հպարտանում եմ, որ մեր երիտասարդներն այստեղ են՝ իրենց ընտանիքների կողքին, աջակցում են նրանց։ Ուզում եմ հիշել անցյալը՝ 1988 թվականը, երբ Սովետական միությունում վերակառուցում էր, իսկ մենք՝ միամիտ հայերս, հավատացինք և դիմեցինք ՍՍՀՄ գերագույն խորհրդին, Սովետական Հայաստանին և Սովետական Ադրբեջանին՝ խնդրանքով, որ վերականգնեն պատմական արդարությունը և Արցախը վերամիավորեն Հայաստանին։ Այդ նույն ժամանակահատվածում հայտնի գիտնական, ակադեմիկոս Սախարովը Գորբաչովին ասաց, — «Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերակառուցման լակմուսի թուղթն է, եթե Դուք ճիշտ լուծեք այդ խնդիրը, ապա վերակառուցումը կհաջողեք»։ Սակայն Ղարաբաղի հարցը չլուծվեց, վերակառուցումը ձախողվեց, իսկ Խորհրդային միությունը փլուզվեց։ Մեզ, ի պատասխան միավորման խնդրանքի, պատասխանեցին պատերազմով, որը և մենք հաղթեցինք ամբողջ հայության շնորհիվ, և ստեղծեցինք իրավական, ժողովրդավարական պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդ օրից ի վեր երկար տարիներ մենք ապրում էինք խաղաղ, գլուխներս բարձր պահած։ Բայց այսօր մեր ժողովրդավար պետությունը ուզում են միացնել բռնապետական Ադրբեջանին, որը երբեք չի կարող լինել, քանի որ մենք դա թույլ չենք տա։ Ակադեմիկոս Սախարովը ասել էր նաև, որ Ադրբեջանի համար Ղարաբաղը ամբիցիաների խնդիր է, իսկ հայերի համար՝ կյանքի ու մահու խնդիր։ Մենք պարտավոր ենք ապրել այս հողում, մենք ուզում ենք ապրել այս հողում, մենք ուզում ենք մեր ապագան կառուցել այստեղ, որ մեր թոռներն ու նրանց թոռները ապրեն ու արարեն այստեղ՝ խաղաղ տարածաշրջանում։ Սախարովի խոսքերով կարելի է ասել, որ Արցախը հիմա էլ է լակմուսի թուղթ, որի ապագայով կարելի է որոշել՝ կմնա՞ աշխարհը ժողովրդավարական, թե՞ ոչ։ Եթե չլինի Արցախը ազատ ու անկախ, ուրեմն՝ չկա նաև արդարություն ու ժողովրդավարություն աշխարհի վրա։ Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում բոլորիդ մնալ, ապրել, արարել Արցախում ու տեր կանգնել Արցախին, որը հնարավոր է միայն ռուս խաղաղապահների անժամկետ տեղակայման պայմաններում։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել աշխարհում արդարության վերականգնման մասին։ Վերջում ուզում եմ դիմել Մայր Հայաստանին․
— Թանկագի՛ն Մայր Հայաստան, միացի՛ր մեզ, պայքարի՛ր մեզ հետ։