Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. Դ. Բաբայան
Գլխավոր » Լրահոս » Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. Դ. Բաբայան

Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. Դ. Բաբայան

Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք, որտեղ ելույթ է ունեցել նաև ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Իր ելույթուոմ նա մասնավորապես նշել է.

Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ, ողջունում եմ բոլորիդ:

Միայն այն փաստը, որ այսօր բոլորդ կանգնած եք այստեղ, որ տասնյակ հազարավոր արցախցիներ այստեղ են, արդեն պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրներին:

Իսկապես, մենք ապրում ենք օրհասական ժամանակներ: Մենք առերեսվում ենք գոյաբանական վտանգների, ավելին՝ ոչ միայն Արցախը, այլև մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում նմանատիպ գոյաբանական խնդիրների, և նրանց ապագան մեծապես կախված է արցախցուց, Արցախից՝ ձեզանից:

Ի՞նչ պետք է անենք, որպեսզի այս ծանր իրավիճակից պատվով դուրս գանք. իհա՛րկե պետք է աշխատենք և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում:

Ներքին ոլորտներում անեկարևորը պետք է չլինեքն անտարբեր, հենց անտարբերությունը կարող է մեզ կործանել: Կարծես թե ամենաանմեղ արարքն է:

Դե ի՞նչ է կախված ինձանից: Ոչ մի բան կախված չէ մեկ մարդուց: Այդպես են մտածում ոմանք. ո՛չ, յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, յուրաքանչյուրիցդ է կախված՝ հաղթանա՞կ է լինելու, թե՞ պարտություն:

Ինչ վերաբերում է արտաքին ոլորտին, իհա՛րկե, մեծ աշխատանք է արվում համայն հայության հետ մեկտեղ: Պետք է լինենք սկզբունքային, պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը:

Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս: Մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ և, եթե այդպիսի առաջարկ տարբեր երկրներից, տարբեր միջազգային ատյաններից մեզ ներկայացնեն, մենք դա դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:

Հավատացե՛ք, որ ի վիճակի ենք պաշտպանելու Արցախը, հավատացեք, որ կա այդ ներուժը. այդ ներուժը ձեզնից յուրաքանչյուրի մեջ է, մի՛ հավատացեք, եթե ասեն, որ մենք ի վիճակի չենք պաշտպանելու:

Սիրելի՛ ժողովուրդ, յուրաքանչյուրս հիմա ունի ընտրության իրավունք. կա՛մ մենք պետք է պատմության մեջ մտնենք որպես ամաենաանարժանապատիվ, ամենաթուլամորթ, ամենաանհայրենիք սերունդ, որի ժամանակ կործանվեց բիբլիական Արցախը, կա՛մ մենք պետք է պատմության մեջ մտնենք որպես սկզբունքային, հայրենասեր, իր պատմությունը հարգող սերունդ, որն անկախ բոլոր դժվարություններից կարողացավ փրկել այս աստվածային հողակտորը:

Ես ավելի քան համոզված եմ, որ մենք կարողանալու ենք դա անել, համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, համոզված եմ, որովհետև մենք ունենք Ծիեռնակաբերդ, համոզված եմ, որովհետև ունենք Շուշի, որը նայում է մեզ:

Ի վերջո ո՞նց ենք մենք վաղը նայելու մեր մանուկներին, մեր մեծերին, սգացող մեր կանանց և մայրերին, ո՞նց ենք կանգնելու մեր հերոսների հիշատակի առջև, ի՞նչ պատասխան ենք տալու աստծո առջև: Հետևաբար պետք է բոլորս իմանանք, որ մեր ճակատագիրը միասնական է. չի՛ լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի ետևում, բոլորս միասնական պահելու և պաշտպանելու ենք Արցախը՝ անկախ բոլոր դժվարություններից. կա Արցախը փրկելու շանսը:

Մենք բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը տարածաշրջանում և խաղաղապահ առաքելության այդ բարդ գործը, որն իրականացվում է ամենօրյա կտրվածքով:

Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը եղբայրական են, ի լուր աշխարհի ուզում ենք հայտարարել, որ դա ուղղված չէ որևէ այլ պետության դեմ: Մենք նման իրավունք չունենք, որովհետև ունենք Սփյուռք:

Հետևաբար եկենք բռունցքվենք, համախմբվենք, երբեք չհուսահատվենք. կա բոլոր շանսերը՝ պահելու և պաշտպանելու մեր երկիրը:

Կեցցե՛ Արցախը, կեցցե՛ հայ ժողովուրդը: Իմաստություն և ուժ մեր ժողովրդին:

1