Արցախի գոյության փաստացի երաշխիքը Արցախում ապրող հայն է. Մ.Պետրոսյան

ԱՀ ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանի ելույթը՝ հոկտեմբերի 30-ին ԱՀ Աժ-ում գումարված արտահերթ նիստում.
«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն է: Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ հռչակելով հանրապետություն, իսկ դեկտեմբերի 10-ին՝ անցկացնելով անկախության մասին հանրաքվե: Ինքնորոշման իր իրավունքն իրացրել է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ: Ուստի իր բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքն ու պարտականությունը ժողովրդավարական ընթացակարգերով ընտրված Արցախի իշխանություններինն է: Իսկ միջազգային հանրությունն իր հերթին պետք է խրախուսի և օգնի Արցախին՝ իրացնելու իր այս պարտականությունը: Չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր կեցության սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բաղադրիչի անվտանգությունը շաղկապում է Հայաստան-Արցախ-Սփյուռք համակարգին, այնուամենայնիիվ ռազմաքաղաքական կայունության հեռանկարն օբյեկտիվորեն դիտարկում է առավելապես Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո: Այսինքն՝ մի կողմից առկա է ընդգծված ռուսամետ տրամադրություններով հասարակության բացարձակ մեծամասնություն և իշխանություն, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկզբունքային դիրքորոշման ընդգծված զգուշավորություն: Հայաստան — Ադրբեջան խաղաղության պայմանագրի ելակետով Հարավկովկասյան տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետության ու գլխավոր դերակատարների վերադիրքավորումները վկայում են, որ զարգացումների նմանօրինակ բովանդակությունն ու տեմպը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում ռուսական ազդեցության չեզոքացման, ինչը մեզ ձեռնտու չէ: Արդյունքում Ռուսաստանն ու Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում փոխադարձաբար կարող են կորցնել վերջին գոյաբանականա հենակետը: Այս համատեքստով պայմանավորված՝ ԽՍՀՄ-ի իրավահաջորդության և պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատվության փաստով Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ երկխոսությամբ կարելի է և պետք է սահմանել հնարավոր գործակցության հստակ ուղենիշներ: Նկատենք սակայն, որ նախքան դեպի Հյուսիս, Հարավ, Արևմուտք կամ Արևելք ճախրելը մենք պարտավոր ենք սթափ կշռադատել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի անվտանգային շահերը, ոչ թե դրանք ի սպաս դնել մեր իսկ սեփական շահերը շրջանցող երկրներին և հոսանքներին: Մասնավորապես հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների հետ ունեցած անբնական հարաբերությունների պատճառաբանությամբ մայր Հայաստանին թիրախավորելու, նրան հյուսիսային կամ արևմտյան խաչմերուկներում օտար շահերին ստորադասելու, Արցախը հակահայաստանյան օջախ դարձնելու փորձերը միանգամայն մերժելի են: Այս հպանցիկ դիտարկումների համատեքստում «Միասնական հայրենիք» խմբակցությունն առաջարկում է մշակել երկարաժամկետ հայեցակետային մոտեցումներ՝ սահմանելով ազգային մարտահրավերներն ու սպառնալիքները, խնդիրներն ու նպատակները, դրանց իրագործման հնարավոր ճանապարհները:
Հարգարժա՛ն գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի գոյության փաստացի երաշխիքը Արցախում ապրող հայն է, Արցախի ինքնության բացարձակ երաշխավորը մայր Հայաստանն է: Արցախի անվտանգության շոշափելի երաշխիքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն է»: