Միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրանների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը. Արցախի թեմի առաջնորդ
Գլխավոր » Լրահոս » Միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրանների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը. Արցախի թեմի առաջնորդ

Միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրանների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը. Արցախի թեմի առաջնորդ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին ուղերձով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը.

«Իրապես դուք հերոս ժողովուրդ եք. այսօր դուք մի կողմ եք թողել ձեր բոլոր տեսակի անձնական նեղություններն ու դժվարությունները և եկել եք այստեղ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ ձեր հերոս նախնինների սրբազան կանչով, ովքեր սկսեցին արցախյան շարժումը, որը հետո դարձավ պայքար ու գոյամարտ, որպեսզի ցույց տա համայն հայությանը, որ Արցախը ապրում է և պիտի ապրի, քանզի ավետարանական  խոսքի համաձայն՝ մեր այո-ն այո է. և ոչը՝ ոչ:

Ես՝ որպես թեմակալ առաջնորդ,  ոչ միայն օրհնում եմ, այլև խոնարհվում եմ ձեր նվիրական կեցվածքի առջև:

Մենք շատ մեծ գին ենք վճարել, որ կարողանանք ապրել ազատ, անկախ, ինքնորոշված Արցախում: Եվ մեր այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումը ավարտված չէ և այն շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետև մենք ապրող ազգ ենք, և հակառակ տեսանելի և անտեսանելի թշնամիների՝ Արցախը պետք է ապրի և զորանա:

1988թ. անկախության այո-ն մնում է այժմեական և ավելի զորեղ: Որպեսզի այն դառնա համախմբող ողջ հայության համար, պիտի դառնա հոգու ճիչ՝ անտարբերությունից հանելու շատերին և ճշմարիտ ճանապարհից շեղվածներին հետ դարձնելու,  դառնա առ աստված աղերս՝ փրկության և հավերժության:

Վստահեցնում ենք ձեզ, որ այսօր ողջ հայությունը Հայաստանում և Սփյուռքում սպասում է արցախահայության որոշմանը, և ժողովուրդն իր օրենսդիր ղեկավարության հետ միասին կայացրել է այդ որոշում-հայտարարությունը, ուստի մեզ մնում է, որ մեզանից դեն նետենք մեր միասնականությանն ու պայքարին խանգարող բոլոր տեսակի խոցելի երևույթները, հագնենք աստծո սպառազինությունը, հագնենք հավատքի պատմուճանը, վերցնենք առաքինությունների վահանն ու արդարության սուրը և դառնանք մեկ միասնություն, որը հարիր է արցախցիներին:

Միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրանների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը:

Սիրելինե՛ր, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի  դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել -չլինելու, մեր ազգային արժանապատվության ու կորստի հարցը:

Մենք կյանքի և մահվան պայքարի մեջ ենք, և մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ:

Չար ուժերը փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ  չակերտավոր քաղաքակիրթ ձևակերպումներ, բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը սովորական հարց չէ, այն չարի և բարու, խավարի և լույսի պատերազմ է, քոչվորի և տեղաբնիկի հարց  է, որն ուզում են լուծել գաղտնի և առանց մեզ:

Այսօր Արցախի հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ: Ահա այս համոզումով է, որ մենք արդեն իսկ 30 և ավելի տարիներ ասում ենք՝ այո՛ ինքնորոշմանը:

Այսօր Արցախի կողքին լինել նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին: Սա է բանալին Արցախի հարցի լուծման՝ կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցին կանգնած է արցախահայության կողքին իր ազգընտիր հայրապետով:

Աղոթում եմ, որ աստված օրհնի մեր միասնությունը, օրհնի մեր Արցախ աշխարհի և նրա ազատատենչ ոգին: Մեր շնորհակալությունն ու օրհնությունն ենք բերում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին և հրամանատարությանը, որ ապահովում են մեր ամենօրյա կյանքն ու խաղաղությունը մեր հողում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս ուղղափառ եկեղեցուն, որ այսօր իր հոգևոր դեսպանատունն ունի Արցախում, որտեղ ամեն օր աղոթք է բարձրացվում Ռուսաստանի և Արցախի համար:

Լիահույս ենք, որ այս հոգևոր դեսպանության հենքի վրա վեր կխոյանան բարեկամական ևս երկու կարևոր կառույցներ՝ տնտեսական և քաղաքական ոլորտներում:

Սիրելի՛ հայրենակիցներ, եթե մենք լինենք միասնական և ապրենք աստվածահաճո կյանքով, ապա Աստված չի ուշացնի Արցախի փրկության օրը: Մտածենք այս ոգով և գործով այս հավատով:

Աստված օրհնի Արցախը և նրա հերոսական ժողովրդին:

Ամեն»:

1