Խնդիրը լուծված չէ, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
Գլխավոր » Լրահոս » Խնդիրը լուծված չէ, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան

Խնդիրը լուծված չէ, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան

ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանի ելույթը՝ հոկտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ.

«Արդեն երկու  տարի է, ինչ Արցախի Հանրապետության ժողովուրդը ապրում  ու արարում է ոչ սովորական պայմաններում՝ անորոշություն, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ, ենթակառուցվածքների պարբերական խաթարումներ և նման տասնյակ խնդիրներ:

Երկու տարի է՝ Արցախի ժողովուրդը տագնապի զանգ է հնչեցնում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ կառույցներին՝ փորձելով նրանց հասցնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները՝ բազմիցս խախտելով կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողություններին վերջ տալու եռակողմ հայտարարության ելակետային դրույթը, ոտնահարելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության միջազգային սկզբունքը:

Այս ամենով Ադրբեջանը մեծապես վնասում է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը՝ կասկածի տակ դնելով Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի արդյունավետությունը:

Երկու տարի է, ինչ Ադրբեջանը  բոլոր միջազգային ատյաններում  համառորեն    ձգտում է տպավորություն ստեղծել, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է:

Ստիպված ենք ցավով արձանագրել, որ միջազգային որոշ կառույցներում և որոշ ազդեցիկ երկրներում Ադրբեջանի մատուցած, այսպես ասած, փաստարկները ոչ միայն արժանանում են ուշադրության, այլև փորձ է արվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը ստորադասել  աշխարհաքաղաքական հետաքրքրություններին, որոշ դեպքերում էլ ադրբեջանական նավթին և գազին:

Որևէ հակամարտության լուծում չի կարող միակողմանի զիջումների հաշվին լինել: Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված չէ, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը, քանի վերականգնված չեն Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված քաղաքացիների խախտված իրավունքները, քանի դեռ բռնազավթված տարածքներում հետևողականորեն ոչնչացվում են հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը:

Վերջապես, հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ միջազգայնորեն ամրագրված չեն Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու  արդեն իսկ իրացված իրավունքը, և  լիարժեք պաշտպանված չէ մեր ժողովրդի անվտանգությունը:

Ինչպես նախկինում, այնպես էլ   2020թ. հետո Արցախի Հանրապետության հանրային ու պետական կառույցները անհատական ու հավաքական կարծիքների  միջոցով մշտապես հայտարարել են այն բացահայտ ճշմարտության մասին, որ հայկական Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել ու չի լինելու, քանի  որ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է  տարածք՝ առանց  իր բնիկ հայ բնակչության, ու այսօր մեր ուղերձն աշխարհին այն է, որ արցախցին տերն է իր հայրենիքին, իր հայրենի հողում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքին և շարունակելու է իր գոյության պայքարը՝ իրավունքի ճանաչման ու միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար:

Այս հարցում Արցախի ժողովուրդը ունի ինչպես մայր հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության, այնպես էլ իր անվտանգությունը այսօրվա դրությամբ  ապահովող ռուսական խաղաղապահ առաքելության, միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված ուժային կենտրոնների՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, Բրյուսելի աջակցության կարիքը:

Մարդու իրավունքները իրենց համար գերակայություն հռչակած երկրները իրավունք չունեն աչք փակելու Արցախում նոր ցեղասպանության նախապատրաստության փաստի վրա, դա պարզապես զավեշտ է 21-րդ դարի աշխարհակարգի համար:

Այս համատեքստում կարևոր եմ համարում շեշտել, որ Արցախի հայաթափման ծրագիրը այսօր խոչընդոտող գլխավոր գործոնը ռուսական խաղաղապահների ներկայությունն է:

Գնահատելով ռուսական խաղաղապահների դերակատարությունը՝ տեղին եմ համարում Ռուսատանի Դաշնության  իշխանություններին  դիմել Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու  գործը շարունակելու խնդրանքով:

Հարգելի՛ գործընկերներ, իհա՛րկե,  խաղաղությունը ցանկալի նպատակ է բոլոր ժողովուրդների համար: Խաղաղության մասին տարածաշրջանում հենց Արցախի ժողովուրդն է բոլորից շատ երազում, սակայն խաղաղության գինը չի կարող լինել Արցախի ժողովրդի հայրենազրկումն ու հայկական Արցախի ոչնչացումը:

Մենք խորապես գիտակցում ենք անվտանգության այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց այսօր բախվում է Հայաստանի Հանրապետությունը:

Արցախի հանդեպ մայր հայրենիքի հոգատար վերաբերմունքը մենք զգացել ենք մշտապես: Վերջին երեք տասնամյակներում մեր հազարավոր հայրենակիցներ իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի այս հատվածում հայկականության պահպանման համար, և այսօր նաև մեր սուրբ նահատակների պատգամն իրագործելու համար պետք է շարունակենք պայքարը՝ սթափ, կշռադատված լուծումներ ապահովելով   ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում:

Այդ ամենը չի կարող կատարվել մեկը մյուսի հաշվին, քանի որ առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստանի չկա Արցախ:

Մեր՝ Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունը, կոչ է անում քվեարկել Ազգային ժողովի նախագծի օգտին»:

1