Պահանջում ենք հարգել մեր անօտարելի իրավունքները

Հոկտեմբերի 30-ին ԱՀ Աժ-ում գումարվել է արտահերթ նիստ:
Նիստին ելույթ է ունեցել ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր քույրեր և եղբայրներ, հարգելի՛ գործընկերներ,
Արցախն իր ողջ պատմության ընթացքում դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու, ազգային էությունը պաշտպանելու և հարատև գոյատևելու համար: Եվ այդ բարդ ու ծանր ճանապարհին տարբեր ժամանակներում ունեցել է ինչպես հաջողություններ, այնպես էլ, ցավոք, անհաջողություններ: Հարյուրամյակներ առաջ հայկական պետականության կորստից հետո Արցախը գրեթե միակ հայկական նահանգն էր, որտեղ երկար ժամանակ պահպանվել են պետականության հիմնասյուները՝ տվյալ ժամանակաշրջանին յուրահատուկ կարգավիճակներով:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր էլ մենք կրկին կանգնած ենք այդ նույն մարտահրավերների առաջ: 1988 թվականին սկսված մեր ազգային-ազատագրական շարժումն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ, երբ 1990-ական թթ. սկզբներին փլուզվում էր Խորհրդային միությունը, և Արցախի ողջ ժողովուրդն ընտրեց անկախության ուղին՝ 1991թ. սեպտեմբերի 2ին ընդունելով անկախության հռչակագիրը, այնուհետև ազատ և անկախ ապրելու իր կամքն արտահայտեց դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի միջոցով՝ միջազգային բոլոր իրավանորմերի և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան: Մեր անկախության ավելի քան 31 տարվա պայքարի ընթացքում Արցախի ժողովուրդն անդադար փորձում էր իր արդարացի պահանջը հասցնել միջազգային հանրությանը, բայց, ցավոք, տարբեր սուբյեկտիվ պատճառներով մեր ձայնը լսելի չէր նրանց համար, որի հետևանքով Ադրբեջանը, օգտվելով այդ թողտվությունից, փորձեց ուժի կիրառմամբ լուծել այդ խնդիրը Արցախյան երեք պատերազմների միջոցով: Եվ միայն մեր հերոսների արյան գնով է մեզ հաջողվել Արցախը պահել հայկական: Փա՛ռք մեր հերոս նահատակներին:
Արցախցիներս մեր անկոտրում ոգով այսօր՝ անգամ այս վերջին աղետալի պատերազմից հետո, շարունակում և հետայսու շարունակելու ենք պայքարը հանուն մեր ինքնորոշման իրավունքի ու մեր անկախության, և դրա վառ վկայությունն այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակհազարավոր մեր հայրենակիցիների պայքարելու կամքն ու վճռականությունն են՝ հայրենի հողում ապրելու և արարելու համար:
Սիրելի՛ հայրենակցիներ, հարգելի՛ գործընկերներ, ամենաշատը խաղաղության գինը գիտենք մենք և հետևաբար կողմնակից ենք խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կարող է դառնալ տարածաշրջանի կայունության և խաղաղության երաշխավորման կարևորագույն հիմքերից մեկը: Սակայն այն չպետք է հարվածի տակ դնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հնարավորությունները:
Այս համատեքստում կարևոր ենք համարում ՌԴ կողմից գործադրվող ջանքերն ու գործուն քայլերը , ինչպես նաև ընդունելի ենք համարում իրենց կողմից խաղաղության պայմանագրի կնքման համար ներկայացված առաջարկները, որով վերջնականապես չի կարգավորվում խնդիրը, սակայն հնարավորություն է տալիս մեզ շարունակելու պայքարը հակամարտության արդարացի կարգավորման և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման համար, ինչին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը՝ փորձելով ներկայացնել աշխարհին, որ չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիր. այն արդեն իրենք լուծել են ռազմական ճանապարհով: Բայց դա իրականում այդպես չէ: Մենք, ինչպես աշխարհում ապրող բոլոր ժողովուրդները, իրավունք ունենք ինքնորոշվելու և ազատ ապրելու: Սա պետք է գիտակցեն միջազգային հանրությունն ու բանակցային գործընթացում ընդգրկված բոլոր դերակատարները: Հակառակ դեպքում դա նշանակելու է նոր աղետ և հայ ժողովրդի նոր ցեղասպանություն, որի պատմական պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանն ու իրեն սատարող բոլոր ուժային կենտրոններն ու միջազգային կազմակերպությունները:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր նպատակը ազնիվ է և արդար. ընդամենը պահանջում ենք հարգել մեր անօտարելի իրավունքները, ուզում ենք ապրել անկախ, անվտանգ ու խաղաղ հայրենիքում և պատրաստ ենք պայքարելու մեր իղձերի իրականացման համար: