Մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը, ինչը նշանակում է, որ կա Արցախի Հանրապետություն. Դավիթ Բաբայան

Տարբեր առիթներով ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ արցախահայության որոշակի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը պետք է լինի առաջնային, սակայն որևէ խոսք չկա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
Առհասարակ Արցախն ինչպե՞ս է ընկալում ու արձագանքում նման հայտարարությունններին, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի վերաբերյալ որևէ խոսք չկա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, հարցին ի պատասխան, նախ առաջարկեց՝ գուցե ավելի ճիշտ կլինի Հայաստանի իշխանությունների՞ց պարզաբանում լինի, թե ինչու ինքնորոշման մասին խոսք չկա, ապա շարունակեց.
«Երբ մենք խոսում ենք ինքնորոշման մասին, ոչ միայն իրավունքն է, այլև այդ իրավունքի իրականացման փաստը պետք է հարգվի։ Մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը, ինչը նշանակում է, որ կա Արցախի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ եթե պաշտոնական Երևանը հիմնական շեշտը դնում է Արցախի իրավունքների և անվտանգության վրա, ուրեմն՝ պետք է հասկանալ Արցախի Հանրապետության անվտանգության, բնականոն զարգացման և այլն։ Այլ տարբերակ չի կարող լինել, որովհետև Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը մի քանի անգամ իրացրել է՝ դա եղել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, եղել է սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև բազմաթիվ ընտրություններ և այլն։ Հետևաբար, եթե դա Արցախի Հանրապետության պաշտպանությունն է, այդ դեպքում սա ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում է», — նշեց Դավիթ Բաբայանը։