ՀՅԴ ԱԵՄ-ի Ստեփանակերտի երիտասարդական կենտրոնը անվանակոչվել է Արտակ Իշխանյանի անունով
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում գտնվող ՀՅԴ Արցախի երիտասարդական միության երիտասարդական կենտրոնն անվանակոչվել է դաշնակցական ընկեր, ՀՅԴ ԱԵՄ-ի , ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության և ՀՄԸՄ Արցախի միավորի վարչության անդամ Արտակ Իշխանյանի անունով։
Միջոցառմանը ներկա էին Արտակ Իշխանյանի ծնողներն ու հարազատները, կուսակցական և գաղափարակից ընկերները, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ և Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամները, ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամները, ՀՄԸՄ և ՀՕՄ Արցախի միավորների ներկայացուցիչները։
ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության նախկին անդամ Տաթևիկ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ներկաներից շատերն արդեն իսկ ծանոթ են Արտակ Իշխանյանին, սակայն հարկ համարեց բոլորին ծանոթացնելու Արտակ Իշխանյանի կենսագրությանն ու գործունեությանը։
«Արտակ Իշխանյանը ծնվել է 1993թ․ հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, որն ավարտելով՝ ընդունվել է Արցախի Պետական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժինը։
Աշխատել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում, այնուհետև «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցում
Արտակ Իշխանյանը ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում, մասնակցել է 2016թ․ քառօրյա և 2020թ․ քառասունչորսօրյա պատերազմներին։
Առավել հարուստ է նրա կուսակցական և հասարակական գործունեությունը․ ՀՅԴ պատանեկան շարքերում էր դեռևս Աշանում՝ դպրոցական տարիներին, իսկ ուսանողական տարիներին անդամակցել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանը, եղել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության ատենապետ, ՀՄԸՄ Արցախի միավորի Կենտրոնական վարչության անդամ»,- նշել է Տ․ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ Արտակը ոչ միայն կառույցների շարքերում սովորական անդամ էր, այլև կառույցներն առաջ մղող նվիրյալներից մեկը։
Տ․ Աղաջայնանը հիշում է, որ ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցչի պաշտոնում միշտ Արտակ Իշխանյանն էր առաջադրվում, սակայն նա կտրականապես մերժում էր՝ ասելով, որ ինքը կանի իրենից կախված ամեն բան, սակայն ներկայացուցչի պաշտոն զբաղեցնել չի ուզում։
«Պատասխանատվությամբ էր մոտենում իրեն վստահված բոլոր գործերին, սակայն չէր սիրում աչքի ընկնել։ Կյանքում երբևիցե հարցազրույց տված չկա։ Նկատած կլինեք, որ ավանդական ջահաերթի և մյուս միջոցառումների կազմակերպիչը նա էր, սակայն երբեք հարցազրույց տված չկա, միշտ մեզ էր ասում, որ պատասխանենք հարցերին»,- ասել է Տ․ Աղաջանյանը։
ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդական կենտրոնը վերանորոգելը Արտակ Իշխանյանի ցանկություններից մեկն էր։ Այսօր արդեն այն իրականություն է, սակայն առանց նրա․
«Մենք միասին եկամտաբեր ծրագրեր էինք իրականացնում, որոնցից որոշակի գումար էր գոյացել, և Արտակը միշտ առաջարկում էր այդ գումարով կենտրոնը վերանորոգել, արժեքավոր գույք գնել կենտրոնի համար, և մենք որոշեցինք նրա այդ գաղափարն իրականություն դարձնել։ ՀՅԴ Արցախի ԿԿ աջակցությամբ վերանորոգեցինք և Արտակ Իշխանյանի անունով անվանակոչեցինք այս երիտասարդական կենտրոնը։ Նպատակն այն է, որ եկող սերունդները ևս իմանան ու ճանաչեն Արտակ Իշխանյանին»,- նշել է Տաթևիկ Աղաջանյանը։
Միջոցառմանը ներկա էր նաև Արտակ Իշխանյանի մանկության ընկերը՝ Արթուր Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ Արտակի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն նա ցանկացավ ներկաներին պատմել, թե ինչպես է սկսվել իրենց ընկերությունը։
«2002 կամ 2003թ․ սեպտեմբերի 30-ն էր։ Մեր դպրոցում մի ավանդույթ կար․ ծննդյան օրերին ծնողները քաղցրավենիք էին բերում, ու երեխաները դասարանով նշում էին։ Այդ օրը մեր ընկերոջ՝ Հակոբ Գրիգորյանի ծննդյան օրն էր։ Մենք մի դասարանից չէինք, սակայն երբ որ իմացանք այդ մասին, ես, Արտակն ու Էդոն որոշեցինք գնալ տուն, նվեր վերցնել և գնալ Հակոբի տուն, գնանք ու ասենք, որ մենք չորսս ընկերներ ենք։ Այդպես առանց հրավերի գնացինք Հակոբի տուն, ասացինք, որ մենք քո ընկերներն ենք և եկել ենք ծնունդ նշելու․ այդտեղից էլ սկսվեց մեր ընկերությունը, և առ այսօր ու միչև իմ կյանքի վերջ կմնանք ընկերներ»,-ասել է Ա․ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ Արտակն այնպիսի անձնավորություն էր, ումից պետք է միշտ օրինակ վերցնել։
«Արտակը միշտ էլ օրինակ էր ընկերների համար, ցանկացած հարցում հասկանում ու ընդառաջում էր։ Միշտ լավատես էր և իրենից կախյալ ամեն բան անում էր թե՛ հարազատներին, թե՛ ընկերներին, թե՛ համագյուղացիներին օգնելու համար»,- նշել է Արթուր Գաբրիելյանը։
Արտակի հետ ունեցած իր հիշողություններով կիսվել է նաև ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ երբևէ չէր պատկերացնի, որ Արտակ Իշխանյանին նվիրված կենտրոն կբացվի։
«2008թ.-ից Արտակը եղել է մեր կրտսեր ընկերը։ Ինձ բախտ է վիճակվել նաև նրա հետ աշխատել ԱՀ Մշակույթի նախարարությունում․ նա եղել է իմ օգնականը։ Բացի իմ ընտանիքի անդամներից ավելի քան 8 ամիս առաջին բարև տվողն ու վերջին հրաժեշտ տվողն Արտակն էր։
Հիշում եմ նրա խոսքերը, երբ որ 2018թ․ հոկտեմբերին առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեցինք Երևան և հանդիպումներ ունեցանք, դուրս գալուց հետո ասաց՝ ընկեր Հովհաննիսյան, այս մանկապարտեզը որտեղի՞ց են հավաքել։ Երևի գիտեր, որ այդ մանկապարտեզը վերջում մեր գլխին դաժան խաղ էր խաղալու, նաև՝ իր արյան գնով»,-ասել է Լ․ Հովհաննիսյանը։
ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն էլ իր խոսքում նշեց, որ հայոց երկիրը 5000 տարվա պատմություն ունի և այն ապրել է անգին նահատակներ ունենալու գնով։
«Ցավոք սրտի, կյանքի փիլիսոփայությունն այդպիսինն է, երևի աստված մարդուն այդպես է ստեղծել, որ հայրենիքը միշտ կանգուն է լինում արժանավոր զավակներ ունենալու պարագայում։ Արտակն այդ զավակներից մեկն էր, որ չվարանեց իր կյանքը զոհաբերելու, որ Արցախն ապրի։
Երբ մենք շրջում ենք Արցախի տարբեր գյուղերում, բնակավայրերում, մասնավորապես Շուշիում, տեսնում ենք քարերի վրա գրված՝ «Կյանքս տվի հայրենիքի փրկության համար»։ Դա պատահական չէ, քանի որ այն գենետիկան, որը փոխանցվել է և այսօր էլ շարունակում է մեր երիտասարդության մեջ մնալ, հնարավորություն է տալիս, որ Արցախը վերընձյուղվի, նորից ապրի», — նշել է Վ․ Բալայանը։
Նրա խոսքով՝ այսպիսի միջոցառումներով հերոսները շարունակում են ապրել մեր շարքերում և օրինակ ծառայում մյուսների համար։
«Արտակի գործն իսկապես անմար է մնալու, որովհետև այն արյունը, որ թափվել է հայրենիքի համար, հենց այնպես չի կորչում․ դառնում է որակ, նոր կյանք, որն արտացոլվում է իր որդու աչքերի մեջ, ով, ապրելով Արցախում, շարունակելու է իր հոր գործը, շարունակելու է Իշխանյանների գերդաստանը, որը պտղաբեր է ու հայրենիքի համար նվիրական գործեր է բերում»,-ասել է պատգամավորը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն էլ իր խոսքում նշեց, որ իր մոտ երկվություն կա և՛ որպես հարազատի, և՛ որպես կուսակցական ընկերոջ, պատասխանատու մարդու։
«Արժեքը կորցնելուց հետո ենք սկսում գնահատել այն․ ցավոք սրտի այդպիսինն է մարդը։ Այդ համոզումը ինձ մոտ չի մտել Արտակի կորստից հետո, այլ 90-ականներին, երբ մեր շարքերում կորցնում էինք մեր ընկերներին։
1991թ.-ին առաջին զոհերն ունենալով մեր կողքին՝ շատ դժվար էր․ որպես մարդ արարած փորձում ես գնահատել այն, ինչ որ կա, հասկանալ որդեգրած ճանապարհը, որով շարժվում ես։ 23-24 տարեկան երիտասարդների համար դժվար է դեռևս կենսափորձ չունենալով՝ հասկանալ, թե ինչ ճանապարհ ենք մենք որդեգրել։
Ես զարմանում և նաև ոգևորվում էի, երբ տեսնում էի՝ ինչպես են իմ սերնդակիցների, զոհված ընկերների երեխաները միմյանց հետ ընկերություն անում։ Այդ ընկերությունը և՛ կուսակցության ներսում էր, և՛ դրանից դուրս, ու այստեղ պատահականություն չկա։ Ինչպես քիչ առաջ ասվեց, գեները փոխանցվում են։
Ես հիշում եմ՝ 90-ականներին առաջին անգամ մենք կարդում ու լսում էինք, որ մեր գենոֆոնդը փորձում են ոչնչացնել, մեր գենոֆոնդը քչանում է։ Սրանք պատահական բառեր չեն, սա տեսակի հարց է, տեսակի խնդիր է, գիտակցման խնդիր է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, ընդունի և խորքային ընկալի, որ մեր տեսակը, լավագույն տեսակը, մեր դաշնակցական ընտանիքի գենոֆոնդը պետք է պահպանվի և միմյանց փոխանցվի։
Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ մեր զավակները մեր գործի շարունակողն են։ Գուցե մի քիչ զգացմունքային ստացվի, բայց ընդհանրության մեջ ճանապարհը, որը մենք որդեգրել ենք, շատ երկար ու դժվարին է լինելու, սա պետք է գիտակցի յուրաքանչյուրը։
Երբ որ խոսում ենք գենոֆոնդի մասին, տեսնում ենք Արտակի որդի Ռուբենին, մեր մյուս նահատակների զավակներին, որ մեր շարքերում են՝ իրենց արժանի ծնողներին փոխարինելու»,-ասել է Դ․ Իշխանյանը։
Նրա խոսքով՝ այսպիսի միջոցառումները կուսակցության մեջ ընդունված են, որը դաստիարակության միջոց է։
«Յուրաքանչյուր ոք՝ ծնող, ընկեր, հարազատ, ՀՅԴ ԱԵՄ մուտք գործած երիտասարդ պետք է գիտակցի, որ ճանապարհն այսպիսին է։ Այսօրվա իրավիճակը մեզ թելադրում է, որ պետք է մենք շարունակենք այն գործը, որ մեր ավագ ընկերները, մեր սերնդակիցները, մեր նախնիները որդեգրել են։ Այդ գործի շարունակողներից մեկն էլ Արտակն էր։
Իմ խոնարհումը բերելով Արտակի ծնողներին, հարազատներին ու ընկերներին՝ վստահ եմ, որ այդ նպատակը, որի համար մենք տվել ենք թանկ կորուստներ, պիտի փորձենք իրականացնել յուրաքանչյուրս մեր գործով, մեր առաքելությամբ և ամենօրյա աշխատանքով»,- նշել է Դ․ Իշխանյանը։
Ելույթներից հետո ներկաները դիտել են ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ նկարահանված Արտակ Իշխանյանի մասին պատմող ֆիլմը։
Արտակ Իշխանյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 31-ին Արցախի Մարտունի քաղաքի մոտակայքում։ Հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։
Արտակ Իշխանյանի մարմինն ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։