Ադրբեջանը շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։
-Հոկտեմբերի 21-27-ը ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմից ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-ԵԱՀԿ-ի ակտիվացումը անպայման պետք է դիտարկել ռուսական տիրույթների ուղղությամբ միջազգային ընտանիքի տարբեր կառույցների համակարգված ներթափանցման գործողությունների շրջանակում։ Այստեղ խնդիրը կարևոր երանգ ունի։ ԵԱՀԿ-ն իր Մինսկի խմբի համանախագահական ձևաչափով միջազգային լիազորություն էր ստացել՝ միջնորդելու արցախյան հակամարտության հանգուցալուծման բանակցություններին։ Հիմա գրանցվում է լիազորությունների դաշտի վերաձևավորում, և ԵԱՀԿ-ի գործառույթը փոփոխություն է կրում՝ արցախյան շփման գծերից տեղափոխվելով Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագիծ։ Ընդհանուր միտումները տանում են դեպի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման գործընթաց, ինչը դրական ազդեցություն չի թողնի Արցախի կարգավիճակի կամ ինքնորոշման իրավունքի իրացման աշխատանքներին վրա։ Արձանագրվում է ԵԱՀԿ-ի լիազորությունների վերափոխում։
-Նաև ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու նախնական որոշում կա։ Այս քայլը ՌԴ-Արևմուտք մրցակցության համատեքստու՞մ պետք է դիտարկենք, թե՞ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կարգավորման։
-ՀԱՊԿ խորհրդի նիստից է կախված ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու մանրամասների ճշտումը։ Նկատվում է ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի շտապ օպերատիվ որոշում-գործողություն մեխանիզմի աշխատելը, ինչի դիմաց նկատվում է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունը։ ՀԱՊԿ-ի նախագահողը Երևանն է, որ Ղազախստանի դեպքերի առիթով օպերատիվություն ցուցաբերեց։ Այստեղ հարցականներ կան՝ նախագահողի լիազորությունների հետ կապված, բայց կա քաղաքական բացատրություն։ Ռուսաստանը շարունակում է ասել, որ ինքն է Հայաստան-Ադրբեջան հակամարտության գլխավոր երաշխավորն ու միջնորդը։ Իսկ միջնորդը, որը ՀԱՊԿ-ի առանցքային ուժն է, և այն պահելու համար գերմիջնորդի կարգավիճակը խաղում է համահավասարության կանոններով։ Ի տարբերություն ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի՝ Ռուսաստանը կառաջարկի դիտորդական կամ փաստահավաք առաքելություն իրականացնել սահմանագծի՝ թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական հատվածներում։ Իսկ ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն տեղակայվել են սահմանագծի հայաստանյան հատվածում միայն։
-Չնայած ԵՄ տեխնիկական գնահատման խմբի ներկայությանը՝ Ադրբեջանն ամենօրյա ակտիվությամբ խախտում է հրադադարի ռեժիմը, այս անգամ՝ նաև խոշոր տրամաչափի զենքերով։ Ի՞նչ է սա նշանակում։
-Ադրբեջանական գործողությունների տրամաբանությունը պարզ է։ Կրակել՝ որպես ճնշամիջոց իրականացնելու առաջադրանքը։ Այդպես եղավ Բերձորի միջանցքի փակման և նոր երթուղու բացման համար։ Նրանք հարձակվեցին հայկական դիրքերի ուղղությամբ, որից հետո հայկական կողմը արագացրեց Լաչինի միջանցքի փակման և նոր ճանապարհաշինության աշխատանքները։ Հիմա կրակում են, որպեսզի արագ մեկնարկեն սահմանազատման աշխատանքները։ Շտապում են, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել։ Դրա համար էլ հայկական կողմը ԵԱՀԿ-ից ակնկալեց ոչ միայն զուտ դիտորդական, այլև՝ նոր հավանական հարձակումների կանխարգելիչ առաքելություն։
Հայկ Մագոյան
radar.am