ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղում տեղի է ունեցել խմբապետերի երդման արարողություն
Հոկտեմբերի 20-ին Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղում տեղի է ունեցել խմբապետերի սկաուտական երդման արարողություն: 17 խմբապետեր, հանդիսավորությամբ երդվելով, խոստացան ծառայել Աստծուն, հայրենիքին և ազգին:
Խմբապետերի հետ հինգ ամիս շարունակ ամենօրյա աշխատանք է տարել ՀՄԸՄ խմբապետուհի Մարո Քեշիշյանը: Իր ելույթի խոսքում նա անդրադարձել է ՀՄԸՄ-ը 104 տարիների գործունեությանը: Այն հայապահպանման ջատագով դարձավ, մարզական ու սկաուտական խմբերով ազգային ոգով սերունդներ դաստիարակեց, թրծեց աշխարասփյուռ հայ երիտասարդությանը, որոնք հետագայում իրենց կորովի կեցվածքով անկորտում ուժ դարձան հայ ժողովրդի արդար պայքարի համար: «ՀՄԸՄ-ն գոյատևեց, Հայոց ցեղասպանության որբացած սերունդների հոգեկան վիճակը բարձրացրեց, դաստիարակեց ու կյանքի նկատմամբ լավատեսությամբ լցրեց: Նաև աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներ ներս թափանցելով՝ առողջ ու մաքուր միջավայր ստեղծեց մեր երիտասարդության համար, վերադարձավ հայրենիք և ահա այսօր իր նոր ղեկավարությամբ հաստատակամ իր նախաքայլն է դնում վիրավոր, սակայն շուտով ազատ ու ամբողջական դարձող Արցախում: ՀՄԸՄ-ի 104-ամյա ճանապարհն այնքան էլ հեշտ չընթացավ, սակայն կամք, կորով ու աննահանջ ոգով այն հարատևեց: Հպարտությամբ եմ ընդգծում, որ հայ ժողովրդի ծոցից ծնունդ առած ՀՄԸՄ-ն հաջողեց իր առաքելության մեջ: ՀՄԸՄ-ն ինքնանպատակ կամ քաղաքական կազմակերպություն չէ, այն ազգանվեր կազմակերպություն է, որը նպատակ ունի պատրաստել բարոյապես բարձր արժանիքներով և ազգային նկարագրով հայրենիքին ծառայելու պատրաստ քաղաքացիներ»,- նշել է նա:
Մարո Քեշիշյանը հպարտությամբ արձանագրեց, որ համահայկական կառույցի վերածված ՀՄԸՄ-ն իր արմատներն է ամրապնդում նաև Արցախի Հանրապետության Հանրապետությունում. «Կասկած չունեմ, որ այս կազմը նվիրումով կգործի և պիտի կարողանա իր շուրջը համախմբել խտացած սկաուտական շարքեր, որոնք ազգային ոգով լցված նվիրումով են գործելու Արցախի Հանրապետությունը հզորացնելու գործում: Պիտի դառնան իսկական բանակ, պիտի շարունակեն մեր անմահացած հերոսների կիսատ թողած գործունեությունը, մինչև որ Արցախն ամբողջությամբ ազատագրվի»:
ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետ Դավիթ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել քույր Մարոյին այս ծանր ժամանակշրջանում Արցախում ու արցախցու կողքին լինելու համար: «Այսօր ՀՄԸՄ ընտանիքում տոն է, մեր մեծ ընտանիքը համալրվում է գաղափարակից ու խանդավառ երիտասարդներով: ՀՄԸՄ-ն միշտ գործել է այնտեղ, որտեղ պետք է հայերի համախմբումը, և անհրաժեշտ է հայեցի դաստիարակություն, ցավոք սրտի, այսօր Արցախում սև ամպեր են կուտակվել և միայն համախմբումով մենք կարող ենք հասնել հաղթանակի: Շնորհավորում եմ բոլոր նորամուտ տոնող քույրերին ու եղբայրներին: Այս օրը շատ տպավորիչ և միաժամանակ պարտավորեցնող է բոլորիս համար, կցանկանայի, որ այսուհետ Արցախում լինի միայն հաղթական խաղաղություն»,- նշել է նա:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչ Արթուր Մոսիյանի խոսքով՝ երեք տարի առաջ Արցախում ՀՄԸՄ-ի 111-րդ մասնաճյուղի բացումով Արցախի կառույցը մաս դարձավ այդ բազմահազար ընտանիքին: «Ցավոք, հետագա շրջանում պատերազմով պայմանավորած՝ ՀՄԸՄ-ն անհրաժեշտ ակտիվությամբ աչքի չընկավ: Քույր Մարոյի և ՀՄԸՄ-ի վարչության միջոցով այդ աշխատանքն ակտիվացավ, և այսօր մենք ունենք ՀՄԸՄ-ի գործող կառույց, վարիչների մեծ խումբ, և հուսով եմ, որ բաց թողնվածը արագորեն կընկնի իր տեղը: Կարծիք կա, որ ՀՄԸՄ-ն Դաշնակցության կառույցն է, սակայն այն ինքնակազմակերպվող, ինքնակառավարվող մարմին է և ուղղահայաց ենթակայություն չունի: Կրկնակի թյուրիմացություն է այն, որ Դաշնակցությունն ընդհանրապես կապ չունի ՀՄԸՄ-ի հետ, որովհետև Դաշնակցությունը չի կարող կապ չունենալ հայապահպանություն, հայեցի դաստիարակություն, առողջ սերունդ դաստիարակող նման կազմակերպության հետ: ՀՅԴ-ի կողմից ՀՄԸՄ-ն գուրգուրանքի առարկա է»,- իր խոսքում ընդգծել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՄԸՄ-ական տեսակը ազգի մեջ կգերակշռի նվնվացող, խոնարհվող տեսակին:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ Դավիթ Հակոբյանը, շնրոհավորելով խմբապետների նորամուտը, նշել է, որ Արցախում կազմակերպությունը մեծ աշխատանք ունի անելու. «Համոզված եմ, որ Արցախում ազգային դաստիարակության, ազգային ոգու մի նոր շունչ կբերեք ձեր ներկայությամբ: Մեր հիմնական առաքելությունը հայ երիտասարդին, հայ պատանուն ազգային բարձր գաղափարներով դաստիարակելն է: Հուսով եմ, որ հաջորդ անգամ Արցախում հարյուրավոր սկաուտներ նորից հպարտ տողանցք կանեն ու ևս մեկ անգամ կասեն, որ Արցախն անպարտ է, և Արցախի երիտասարդությունը կարգապահ տողանցքով կերտելու է մեծ ու գեղեցիկ հայրենիք»:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի անդամներ: