Կայացել է Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը
Գլխավոր » Լրահոս » Կայացել է Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը

Կայացել է Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը

Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ «Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի» կազմակերպած շնորհանդես-միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեցին Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուները։

ԱՀ Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը ստեղծվել է 2022թ․-ի մայիսի 30-ին՝ նախագահի հրամանագրով։ Խորհուրդը բաղկացած է 15 անդամներից։

Իր ելույթում Խորհրդի նախագահ, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս շնորհանդեսում ներկայացված են կատարված աշխատանքների մի մասը, որը հիմնականում վերաբերում է գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուներին։ «Կա գործողությունների հստակ պլան, որով էլ առաջնորդվում է Խորհուրդը։ Առաջիկա ամիսներին շատ ավելի մեծ  արդյունքներ կունենանք՝ ցուցակների ավելի ամփոփ, պրոֆեսիոնալ կազմման և բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության վանդալիզմի, ոչնչացման դեպքերի մշտադիտարկման արդյունքների ներկայացման միջոցով, որոնք հասանելի կլինեն հայաստանյան և օտարերկրյա լսարաններին։ Այս շրջանակներում կարևոր է բոլորի աջակցությունը՝ մասնագիտական աջակցության և իրազեկման տեսքով։ Առնվազն յուրաքանչյուր ոք իր շրջանակներում՝ Հայաստանում և արտասահմանում պետք է հնարավորինս տարածի այս նյութերը, որպեսզի պարբերաբար մենք թեման թեժ պահենք, ներկայացնենք, թե ինչ ենք կորցրել, ինչ կա վտանգված, և ինչ կարող ենք կորցնել ապագայում։ Կանխարգելումը ենթադրում է նաև նախորդ դեպքերի պատժում, որպեսզի ապագայում նման խնդիրներ չառաջանան»,- մասնավորապես ասել է Ա․ Բեգլարյանը։

Խորհրդի աշխատանքները համակարգող, «Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը մանրամասն ներկայացրել է կատարված բոլոր աշխատանքները։ Ըստ նրա՝ մինչ հիմնական աշխատանքներին անցնելը խնդիր էր դրված բացահայտելու բռնազավթված տարածքներում մնացած բոլոր հավաքածուները։ Դա մեծ խնդիր էր, որովհետև բացի պետական թանգարաններից ու հավաքածուներից, կային նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներ։ Մինչ այժմ ցուցակագրվել են Շուշիի 13 հավաքածուներ։ Դրանք և՛ գեղարվեստի գործեր են, և՛ թանգարանային նմուշներ։ Դրանք են՝ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի, Շուշի քաղաքի պատմության պետական թանգարանի, Շուշիի երկրաբանության պետական թանգարանի, Շուշիի պատկերասրահի, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակի, Շուշիի Արվեստի Կենտրոնի ցուցասրահի, Արցախյան գորգի թանգարանի, Շուշիի դրամագիտության թանգարանի, Նարեկացի Արվեստի Միության, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի, Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի, Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահի, Վարդան Դուշմանի տուն-թանգարանի, հավաքածուներ։

«Մեր կարծիքով այս ցանկը վերջնական չէ, հնարավոր է՝ այս հավաքածուների շնորհանդեսից հետո ի հայտ գան մարդիկ, որոնք այնտեղ ունեին հավաքածուներ։ Բավականին դժվար գործ էր նաև բացահայտել յուրաքանչյուր հավաքածուի մեջ ժամանակին ընդգրկված մշակութային արժեքները։ Շուշիի գրավման ժամանակ Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային հավաքածուները, այլև դրանց ցանկերը, կատալոգները և մյուս փաստաթղթերը, ուստի մենք զրոյից ենք հավաքագրում այդ փաստաթղթերը։ Մեր կողմից կազմված ցանկերը ցուցակներ են, որոնք ունեն նաև ապացուցողական հիմք։ Սրանք պաշտոնական տվյալներ են, այսուհետ պետք է օգտագործվեն այն անվանումներն ու ձևակերպումները, որոնք այսօր հրապարակվում են»,- նշել է Ս․ Շահվերդյանը՝ ավելացնելով, որ շնորհանդեսին ներկայացվել են Շուշիի 13 հավաքածուներից 7-ը։

Խորհրդի համակարգողի խոսքով՝ Շուշիի Պատկերասրահի հավաքածուի մասին տվյալներ չեն կարողացել ստանալ այնտեղի պաշտոնյաների կողմից, և ներգործության այլ միջոցներ պիտի գործադրվեն։

Կորուսյալ հավաքածուների թվային պատկերը հետևյալն է՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարան-648 ցուցանմուշ, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու-168 ցուցանմուշ, Շուշիի արվեստի կենտրոնի հավաքածու-66 ցուցանմուշ, Շուշիի քանդակի միջազգային պուրակի հավաքածու-51 ցուցանմուշ, Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու-37 ցուցանմուշ,  Նարեկացի արվեստի միության հավաքածու-36 ցուցանմուշ, Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու-20 ցուցանմուշ։ «Փաստացի այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ապացուցողական հիմքով հավաքագրված 1026 գեղարվեստի նմուշ։ Թյուրըմբռնում կա, որ Շուշիի թանգարանների գեղարվեստի գործերի մեծ մասը անհատների նվիրատվություններ են, այնինչ դրանք պարզապես տրամադրվել էին ժամանակավոր ցուցադրության համար։ Այդ երևույթին ականատես եղանք Կերպարվեստի պետական թանգարանի, Երկրաբանության պետական թանգարանի դեպքում»,- տեղեկացրել է Խորհրդի համակարգողը։

Յուրաքանչյուր հավաքածուի համար կազմվել են հետևյալ ձևաչափով ցանկեր՝ առարկայի անվանումը, նույնականացման համար անհրաժեշտ տվյալները, արվեստի գործի չափերը և այն նյութը, որից պատրաստված է։ Յուրաքանչյուր առարկայի տրված է նույնականացման չկրկնվող կոդ։ Ցանկերի հիման վրա ստեղծվել են շնորհանդեսային նյութեր և տեսանյութեր։ Խորհուրդը նախատեսում է ստեղծել թվային հարթակ, որտեղ կենտրոնացված են լինելու շարժական և անշարժ մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվություններ։ Սա ևս երկար գործընթաց է, որի աշխատանքները կարող են սկսվել միայն հավաքագրման աշխատանքներն ավարտելուց հետո։

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Խորհրդի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներ են նաև ՀՀ մշակութաբաններ և միջազգային իրավունքի մասնագետներ: Աշխատանքներ են տարվում Հայաստանում և այլ վայրերում այս նույն շնորհանդեսը կազմակերպելու համար։ «Մարդու իրավունքների միջազգային դատարանում արդեն երկու գործ կա, որոնցից մեկը վերաբերում է Հադրութի Սբ Հարություն եկեղեցուն, մյուսը՝ Քարին տակի Սբ Աստվածածին եկեղեցու պղծման և վանդալիզմի դեպքերին։ Ադրբեջանի կողմից ներկայացվում են հակընդդեմ հայցեր։ Պետք է պատրաստ լինենք նաև պայքարել դրանց դեմ»,- նշել է Լ․ Հովհաննիսյանը՝ պատասխանելով վանդալիզմի դեպքերը դատապարտելու մասին հարցին։

Շնորհանդեսին ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, խորհրդի անդամներ, լրագրողներ։

Լենա Խաչատրյան

1