Այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին
Գլխավոր » Լրահոս » Այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին

Այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին

Սեպտեմբերի 15-30-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը գտնվում էին ԱՄՆ-ում: Արցախի պաշտոնյաները բավականին հագեցած այց են ունեցել, որի մանրամասների մասին զրուցել ենք Լեռնիկ Հովհաննիսյանի հետ.

-Պարոն Հովհաննիսյան, լրատվությունից տեղյակ ենք, որ հանդիպումներ եք ունեցել ԱՄՆ հայկական, քաղաքական, հասարակական և այլ շրջանակների հետ: Այդ հանդիպումներից որո՞նք կառանձնացնեիք, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

-ԱՄՆ ենք այցելել ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի հրավերով: Վաշինգտոնում մեզ միացել է նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Հանդիպումների մասին ամենօրյա լրատվություն էր տրվում, բավականին հագեցած էին, խիտ գրաֆիկով ենք աշխատել: Հետաքրքիր շատ հանդիպումներ են եղել, այդ թվում՝ Հայ դատի կողմից կազմակերպված «Կրթել, աշխուժացնել, մոտիվացնել» խորագրով խորհրդաժողովը, որը բաղկացած էր երկու փուլից՝ վաշինգտոնյան և լոս-անժելեսյան: Հիմնական բանախոսը ԱՀ ԱԳ նախարարն էր: Ես նույնպես ելույթ եմ ունեցել՝ խոսելով ԱՀ օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության, մարտահրավերների և մշակութային ցեղասպանության մասին, որն այսօր կատարվում է մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Բավականին ներկայացուցչական կազմ է եղել: Վաշինգտոնում մասնակցել է նաև փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով զբաղվում է ռազմագերիների խնդրով, իսկ ԱՄՆ Արևմտյան ափին մասնակցում էին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հանդիպումները բավականին բարձր մակարդակով էին կազմակերպվել, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայ դատի մարմիններին: Մեր պատվիրակությունը պատշաճ ընդունելության է արժանացել ոչ միայն հայկական շրջանակներում, այլ նաև ԱՄՆ Կոնգրեսում ու Սենատում:

-Ինչո՞վ եք կարևորում այցը:

-Այցը կարևորվում է նրանով, որ ներկայացրել ենք Արցախյան հակամարտության հետ կապված ԱՀ դիրքորոշումը: Վերջին ժամանակներս այդ հարցի հետ կապված որոշակի խնդիրներ կային, և հենց առաջին ձեռքից թե՛ մեր սփյուռքահայ հայրենակիցներին, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներին ներկայացվեցին Արցախի այսօրվա իրավիճակը, հակամարտությունը, հետագա լուծման ուղիները: Հնչած լուսաբանական հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Կարո՞ղ ենք համարել, որ այցը հաջողված էր և իր նպատակին ծառայել է:

-Այո: Հիմա պետք է ականատես լինենք, թե ինչպիսի արձագանքներ կան, ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոշ խոստումներ պետք է դրվեն գործնական հողի վրա: Այս առումով՝ այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին:

-Ձեր պատասխանատվության ոլորտների առումով ի՞նչ է հաջողվել իրականացնել:

— Խորհրդաժողովների ժամանակ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության հետ կապված հարցեր են հնչեցվել թե՛ մեր հայրենակիցների, թե՛ այլ շրջանակների կողմից: Մենք այնտեղ բաժանել ենք նախարարության օժանդակությամբ և Համլետ Պետրոսյանի ու Հայկուհի Մուրադյանի կողմից հրատարակված «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքույկը: Թեքեյան մշակութային միությունում քննարկել ենք մշակութային ծրագրերի օժանդակության հարցը: Շատ կարևորում եմ Համազգային հայ մշակութային և կրթական միության Կենտրոնական վարչության արևմտյան շրջանի ներկայացուցիչ Տիգրան Պապիկյանի հետ քննարկումները:

ԱՄՆ-ն, որպես պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պահպանության առաջին օրենսդրական հիմքը ստեղծող երկիր, դեռևս 1863 ապրիլին Աբրահամ Լինկոլնի կողմից ստորագրել է Ֆրենսիս Լիբերի օրենքը, որը հստակ սահմանում է, որ պատերազմական գոտիներում մշակութային արժեքները պետք է պահպանվեն և հարձակումների թիրախում չհայտնվեն: Կարևոր է, որ այս մասին հիշեցվի և ԱՄՆ-ն իր ակտիվությունը ցուցաբերի տվյալ հարցում, կանխվի մեր օկուպացված տարածքներում տեղի ունեցող մշակութային էթնոցիդը:

-Հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում Արցախի հետ կապված ի՞նչ տրամադրություններ զգացիք:

-Արցախի նկատմամբ միշտ դրական վերաբերմունք կա, որը չի փոխվել: Մեր համայնքը բավականին անհանգստացած է, և հավաստիացրին, որ իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են՝ սատար կանգնելու, օգնելու Արցախին: Այդ հավաստիացումները ստացել ենք բոլոր հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ: Կարող եմ առանձնացնել թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ Բուրբանքի Բեշիր Մարտիրոսյան երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած հանրային քննարկումը, որը կազմակերպվել էր ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի ԿԿ-ի կողմից: Քննարկումը մարդաշատ էր: Հնչել են տարբեր մտահոգություններ և ամեն ինչով Արցախին սատարելու պատրաստակամություն:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1