«Արցախ ֆոնդ»-ի նոր ծրագիրն Արցախում
Հուլիսի սկզբներին Արցախում էր ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը: Նա «Արցախ ֆոնդ»-ի Արցախի մասնաճյուղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանի ուղեկցությամբ 10 օրերի ընթացքում այցելել է Արցախի մի շարք սահմանամերձ բնակավայրեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին՝ նախատեսվող ծրագրերն ավելի նպատակային ու արդյունավետ դարձնելու նպատակով:
Արդյունքում հիմնադրամն այս օրերին կյանքի է կոչում իր հերթական ծրագիրը, այն է՝ շահառուներին խոզեր և մեղվափեթակներ տրամադրելու ծրագիրը:
«Արցախ ֆոնդ»-ի Արցախի մասնաճյուղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ խոզաբուծության գծով շահառուները 6-ն են՝ 3 շրջանների սահմանամերձ համայնքներից 2-ական շահառուներ, իսկ 3-ական մեղվափեթակներ հատկացվում են Մարտունու շրջանի Հացի համայնքում մեղվապահությամբ զբաղվող բոլոր ընտանիքներին և 2-ական այն ընտանիքներին, որոնց պատրաստակամություն են հայտնել օժանդակել 3-ական մեղվափեթակ ստացող շահառուները:
Խոզաբուծության համար հիմնադրամը հատկացնում է 400 000-ական ՀՀ դրամի չափով վարկ, իսկ շահառուները պարտավորվում են 2 տարվա ընթացքում վերադարձնել գումարի 25 տոկոսը:
Տրդատ Մարտիրոսյանի խոսքով՝ ամռան շրջանում փորձնական արդեն 2 շահառուի տրամադրել էին հատուկ ցեղատեսակի խոզեր, որոնք աչքի են ընկնում բարձր մթերատվությամբ:
Հիմնական ծրագրի մեկնարկին 2 շահառուների կտրամադրվեն նշյալ ցեղատեսակի խոզեր, որոնք գնվելու են փորձնական շրջանում ծրագրից օգտված շահառուներից մեկից:
Ինչպես նշում է Տրդատ Մարտիրոսյանը, սկզբնական շրջանում որոշվել էր ոչխարներ տրամադրել շահառուներին, սակայն գյուղացիների հետ իրենց ունեցած հանդիպումներից հետո եկել են այն եզրահանգման, որ պատերազմից հետո ոչխարապահությամբ զբաղվելը դժվարացել է գյուղացիների համար, ուստի որոշվել է մեղվափեթակներ և խոզեր տրամադրել շահառուներին:
Տրդատ Մարտիրոսյանը հավելեց նաև, որ ծրագիրը նպատակ ունի Արցախում տարածել նոր ներկրված խոզի ցեղատեսակը, որն ավելի արագ է աճում և ավելի բարձր մթերատվություն ունի:
Հիշեցնենք, որ «Արցախ ֆոնդ»-ը Արցախում մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցից են Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգումը, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի շարք գյուղերի բնակիչներին հավի ճտեր հատկացնելու ծրագիրը: