Ջութակահար Բորիս Բաբայանի արձանը՝ Ստեփանակերտի հուշահամալիրում

Երկու տարի է, ինչ մեզ հետ չէ Ստեփանակերտի կոլորիտային դեմքերից մեկը՝ ջութակահար Բորիս Բաբայանը (скрипач Боря): Նրա պատվին Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցվել է քանդակ, որի բացման արարողությունը կայացել է հոկտեմբերի 11-ին: Արձանի տեղադրման վայրը պատահական չէ. անվանի ջութակահարին հաճախ էինք այնտեղ հանդիպում:
Նախաձեռնության հեղինակը ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն է, քանդակագործը՝ ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, պետական այլ այրեր, ստեփանակերտցիներ:
Քանդակի բացման պատիվը տրվել է Կարեն Սարգսյանին և Բորիս Բաբայանի թոռանը՝ Արսեն Բաբայանին:

«Շատ հաճախ պատերազմն ու մշակույթը համաձուլվում, ներդաշնակվում են իրար: Ազգային-ազատագրական շարժման ժամանակ հայ ազատամարտիկները մարտի էին գնում երգելով ու պարելով: Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային դիվիզիաները մարտի մեջ էին մտնում ջութակի երաժշտության ներքո: Բնական է, որ պատերազմը պիտի ունենար իր երաժշտական արվեստը, որի կոլորիտային գործիչներից էր Բորիս Բաբայանը»,- իր խոսքում նշել է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ Բ. Բաբայանը կարողացավ ողջ մնացածների և մեր ազատամարտիկների միջև երաժշտական ներդաշնակային կապ ստեղծել:

Բորիս Բաբայանն իր հավատարիմ ջութակով այսուհետ միշտ ներկա կլինի իր քաղաքի ամենասիրելի վայրում՝ հերոս եղբայրների կողքին:
