Համշեն. հայկական դրախտը
Ես հայ եմ: Հայ՝ ինքնամոռաց սիրահարված այն ամենին, ինչը հայկական է: Այն ամենը, որտեղ կա հայկական հետք, հայի ձեռագիր՝ իմ տարերքն է: Ես սիրում եմ հայկական յուրաքանչյուր քար ու թուփ:
Տարիներ առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեցի Անի, տարօրինակ զգացողություն էր, ես ինձ տանն էի զգում, տանտեր էի զգում. խելագարվե՞լ էի: Ո՛չ, իհարկե. իսկապես տանն էի՝ թեկուզ ավերված, թեկուզ կիսաքանդ, բայց տանն էի: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչպես էի դողացող ձեռքերով արագ-արագ փորձում զանգել հնարավոր յուրաքանչյուրին՝ ասելու՝ գիտե՞ս հիմա որտեղ եմ, տուն եմ եկել (իմիջիայլոց, Հայաստանի ցանցից էի օգտվում. Ախուրյան գետի մյուս կողմում Գյումրին էր):
Հազար տարվա կարոտ ուներ իմ երազը հազարաթև,
Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնել Անին՝ ու նոր մեռնել…
Տեսա Անին ու… չմեռա…
Եվ հենց այդ օրն ուխտեցի հետագա ճամփորդական պատմությանս փազլը հավաքել հայկական բնակավայրերից բերված պատառիկներով, բոլոր այն վայրերով, որտեղ կան հայի արմատներ:
Այս անգամ քայլերս ուղղվեցին դեպի ՀԱՄՇԵՆ — Համամշեն:
Համշենը Սև ծովի հարավարևելյան ափին գտնվող հայկական կիսանկախ իշխանություն էր VIII դարի վերջից մինչև XX դարի սկիզբ՝ բնակեցված հայերով: XVIII դարի վերջին — XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանում էին «կեսկեսներ»: Այժմ Համշենում ապրում են մոտավոր 10000-30000 հայախոս համշենցիներ (ըստ տարբեր հաշվարկների): Հնում Համշենում ավանդույթ կար հայկական անունների վերջում դնելու օղլի մասնիկը, օր.՝ Մինասօղլի: Իսկ այժմ տարածված է թուրքական անվան և հայկական ազգանվան զուգակցումը, օր.՝ Մուստաֆա Ավետիք (հենց այդ անունով համշենցու ռեստորանում էլ պատիվ ունեցանք հյուրընկալվելու և վայելելու համշենական խոհանոցի այցեքարտը՝ մուխլաման):
Համշենը բնության մեծագույն հրաշալիքներից է: Համշենն ու շրջակայքը հարուստ են բազմաթիվ պատմական կոթողներով՝ միջնադարյան բերդերով, հրաշալի եկեղեցիներով, տարբերվող կամուրջներով: Եվ այդ ամենն ուղեկցվում է հայկական կենդանի ու հարուստ ներկայությամբ:
Եռօրյա ուղևորությունս բացառիկ հնարավորություն էր ոչ միայն վայելելու հեքիաթային բնությունն ու բացահայտելու տեղի յուրահատուկ պատմությունը, այլև շփվելու համշենահայերի հետ, ծանոթանալու նրանց ավանդույթներին ու կենցաղին, հրաշալի տարազներին ու երգերին:
Օր 1: Ճանապարհվեցինք օգոստոսի 26-ի գիշերը՝ ժ. 4:00-ին:
Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք գործեցինք լեռնային Արդահան (առանձնակի ոգևորությամբ երկար կարելի է խոսել թուրք-վրացական սահմանին ծվարած հայկական Կարծախ գյուղի խանութպանի ջերմ ընդունելության մասին. բոլորին հյուրասիրում էր անխտիր՝ առանց գումարի, հորդորում ազատ ու անկաշկանդ զգալ):
Մեր խմբի առաջին կանգառը եղավ Արդահան քաղաքում, որտեղ պահպանվել է հնամենի բերդը, իսկ քաղաքի միջով անցնում է Կուր (Քուռ) գետը: Հաղթահարելով Արսյան լեռները՝ մուտք գործեցինք անտառաշատ Շավշատի գավառ: Գեղատեսիլ Շավշատում տեսանք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի ամենաբարձր կետից կարողացանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Այնուհետև ուղևորվեցինք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբեթը, որից հետո ճամփա բռնեցինք դեպի Շավշատի հրաշալիքներից Սև լիճը, որը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Մեր ճանապարհը շարունակվեց դեպի Արդվին: Ճանապարհին տեսանք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխը, բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակի միջով հասանք Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ, մասամբ հայախոս Խոպա (Հոպա) քաղաքն էր: Խոպա քաղաքում մեր հյուրանոցը Սև ծովի ափին էր: Բայց ուշագրավն ամենևին մեր՝ Սև ծովի ափին լինելը չէր, այլ այն, որ հյուրանոցի կողքին գտնվող խանութի տերը համշենցի էր: Այդ մասին իմանալուն պես՝ առանց շունչ քաշելու վազում էի խանութ՝ տեսնելու, լսելու, խոսելու նրանց հետ:
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ: Ուրդեղե՞ն ես եկել:
-Արցախից եմ, արցախցի եմ, — պատասխանում եմ լայն ժպիտը դեմքիս (ինչպես լինում է սովորաբար Արցախ անունն արտաբերելիս): Ինչքա՜ն հաճելի էր թշնամի երկրում «բարև ձեզ»-իդ «բարև ձեզ» պատասխանը լսել: Խոսում էի, խոսում՝ մոռացած լռելու մասին: Երբ ցավի մեջ թաքնված բառերս ավարտվեցին, ու չգիտեի՝ ուրիշ էլ ինչից խոսել, ինչ հարցնել (անկուշտի պես անընդհատ ուզում էի լսել համշենահայերի լեզուն, թեկուզ իրենք իրենց ոչ թե համշենահայ են անվանում, այլ համշենցի), սկսեցի գնումներ կատարել, վերցնում էի այն ամենը, ինչն աչքիս առաջ էր, ու հարցնում էի՝ որն ինչ բաղադրություն ունի, ինչքան պիտանելիության ժամկետ ունի (ոչ գովելի է, բայց երբևիցե խանութում նման բաների ուշադրություն դարձրած չկամ): Սիրտս ու ականջներս համշենահայերեն խոսք էին տենչում լսել: Դուրս եկա խանութից՝ հաջորդ օրը վերադառնալու խոստումով ու հույսով:
Օր 2: Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո ուղևորվեցինք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Նախ այցելեցինք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ և տպավորիչ ջրվեժ, այնուհետև մուտք գործեցինք Ֆուրթունա գետի կիրճ, որն ապահովեց անմոռաց տպավորությունների նոր չափաբաժին: Տեսանք համշենյան հրաշալի կամուրջները, բարձրացանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որն աշխարհի ամենատպավորիչ բերդերից է (անվանումը ստուգաբանվում է թուրքերեն «զիլ»` զանգ, ղողանջ և «քալե»` դղյակ, ամրոց բառերով):
Քիչ հեռվում մեզ սպասում էր Բալահովտի շառաչուն ջրվեժը, որն առանձնանում էր իր հզորությամբ. ձայնը լսելի էր բավական հեռվից: Բալահովտի ջրվեժից հետո այցելեցինք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ, և, իհարկե, պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆուրթունա գետի վրա:
Այստեղ մենք համտեսեցինք համշենյան կերակրատեսակները, ինչպես և Համշենի սրտում վայելեցինք համշենյան հանրաճանաչ թեյը: Այդերն ու նրա շուրջ տարածվող 4000 մետր բարձրությամբ Քաջքարի լեռները վայելելուց հետո վերադարձանք Սև ծովի ափի մեր հյուրանոցը:
Ու ես կատարեցի իմ խոստումը: Վազեցի խանութ: Ինձ դիմավորեց կապուտաչյա գեղեցկադեմ մի երիտասարդ, որն, ի զարմանս ինձ, երեկվա իմ զրուցակից խանութպան-պապիկի որդին էր: Նա, ցավոք, չէր խոսում հայերեն: Համշենցիները գիր չունեն, դարերի խորքից եկած լեզուն պահպանվում է բանավոր խոսքի միջոցով: Խանութպանի որդու՝ հայերեն չխոսելը և վերջինիս՝ ինձ թուրքերենով որևէ բան հասկացնելու փորձերը հոգիս թախիծով էին համակել: Լուռ էի: Չգիտեի ինչ ասել: Րոպեներ անց հոգուս տխրությունը փոքր-ինչ ցրեց հեռվից լսվող անուշիկ աղջկա սահուն խոսքը: Հա-յե-րեն: Պատկերացնո՞ւմ եք, այնքան վարժ էր խոսում, այնքան հաճելի, նույնիսկ քիչ-միչ ռուսերեն էր խոսում (Հոպա քաղաքում շատ են լինում զբոսաշրջիկներ):
Հրաժեշտ տվեցինք իրար՝ միմյանց բարին մաղթելով:
Համշենում ապրողները մահմեդականացած հայեր են: Երբ նրանց հարցնում ես՝ համշենահա՞յ ես, պատասխանում են՝ ոչ, — թո՞ւրք ես, -ո՛չ, համշենցի եմ:
Ասում են՝ համշենական մշակույթի հիմնական կրողն ու փոխանցողը կանայք են: Մահմեդականացած համշենցիների մշակույթում պահպանված կան հայկական, քրիստոնեական հին ավանդույթներ, օր.՝ խմորի վրա խաչ անելը: Համշենցիների նյութական մշակույթը, հիմնականում պահպանելով հայկական տարրերը, մասամբ կրել է լազականի ազդեցությունը, որը որոշակիորեն զգալի է տարազի մեջ։
Օր 3: Խոպա քաղաքից դուրս գալով՝ անցանք Բորչկա գավառակով և տեսանք Ճորոխի հովիտը բարձունքից: Տեսանք մարդու և բնության ստեղծած հրաշալի գեղեցկությունը՝ Ճորոխի ջրամբարները: Հիանալի բնապատկերներից հետո այցելեցինք Բագրատունիների կառուցած ևս մեկ միջնադարյան եկեղեցի՝ Դոլիսխանան, որը բարձր ու հիանալի տեղադրությամբ տպավորիչ կառույց է, ընդ որում՝ բավական լավ պահպանված: Այնուհետև ճամփա բռնեցինք դեպի պատմական Արտանուջ, որը Հայոց պատմության ընթացքում կարևոր նշանակությամբ վայրերից է: Արդանուջում քայլարշավով գնացինք դեպի Դժոխքի ձորը (Ջեհեննեմ դերեի)՝ բնության կերտած հրաշալիքը, որը համապատասխանում է իր անվանը: Դրախտային տեղադրությամբ ու դժոխային անցյալով բնության այս գլուխգործոցն իսկական դժոխք էր բազմահազար հայերի համար: Այն, ինչ լսեցինք դժոխքի ձորում, Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ից էր:
Ջեհեննեմ դերեիի սարսափները շատ համշենցիներ տեսել են իրենց աչքերով: Տեսել են, թե ինչպես էին թուրք ժանդարմները (ոստիկաններին այդպես են անվանում Թուրքիայում) ձորը նետում հայ մանուկներին հղի մոր աչքի առաջ, ինչպես էին Արդվինի և Արտանուջի գեղեցիկ հայուհիներին հերթով նետում ձորը:
Դժոխքի ձորից հետո մեր հաջորդ կանգառը Երևանն էր:
Հեղինար Գրիգորյան