Հայաստանի գործող իշխանությունը դիստանցավորվում է Արցախին ու Արցախյան հակամարտությանն առնչվող հարցերից

ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությունը՝ սեպտեմբերի 29-ի ԱՀ ԱԺ նիստի ժամանակ.
«Արցախի Հանարապետությունն այսօր կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ: Թուրք-ադրբեջանական տանդեմը, ագրեսիա սանձազերծելով Արցախի դեմ, փորձեց մեկընդմիշտ լուծել Արցախյան հակամարտությունը, սակայն դա նրանց չհաջողվեց մեր բանակի և նվիրյալների անձնվեր պայքարի շնորհիվ։ Կիսատ մնացած գործն այսօր Անկարայի ու Բաքվի բռնապետերը փորձում են վերջնակետին հասցնել հարկադրանքի քաղաքականությամբ, այդ թվում` չխորշելով կրկին ուժ կիրառել:
Ադրբեջանը փորձում է արմատավորել ընկալումը, թե Արցախյան հիմնախնդիրը լուծված է, և այսուհետ Արցախին առնչվող հարցերն իր ներքին գործն են, ինչը չի հանդիպում համարժեք հակազդեցության ո՛չ հայկական իշխանությունների, և ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հակամարտության հիշատակումներն աստիճանաբար սկսում են կորել ամենաբարձր մակարդակով արվող հայտարարություններից։
Ադրբեջանն Արցախի հայաթափմանն ուղղված հետևողական քաղաքականություն է վարում:
Հետևողական կերպով հեղինակազրկվում է ՌԴ խաղաղապահ առաքելությունը՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախն ու հայ ժողովրդին անվտանգության գործուն երաշխիքից:
Արցախի իշխանությունների կողմից որևէ հակադրման բացակայության պայմաններում, մեկը մյուսի հետևից կատարվում են Ադրբեջանի անհիմն ու առավելապաշտական պահանջները։ Տեղի ունեցավ Լաչինի միջանցքի ճանապարհի փոփոխություն՝ չապահովելով նույնիսկ ենթակառուցվածքների լիարժեք և ամբողջական տեղափոխումը:
Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի կողմից առաջարկված բացառապես ադրբեջանական շահն արտահայտող սկզբունքների հիման վրա Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել` փաստացի չունենալով զուգահեռ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթաց։ Արդեն խոսվում է նույնիսկ պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, ինչն էլ իր հերթին Արցախյան հակամարտության էջը փակելու կործանարար նոր հանգրվան է դառնալու:
Հայաստանի գործող իշխանությունը դիստանցավորվում է Արցախին ու Արցախյան հակամարտությանն առնչվող հարցերից` բախտի քմահաճույքին թողնելով Արցախը:
Ցավոք, Արցախի ձայնն այս ամենի պայմաններում լսելի չէ։ Արցախի սուբյեկտայնությունը դեռ երբեք այսքան ցածր չի եղել, Արցախի ու արցախցու խնդիրները, ձայնն ու մոտեցումներն աշխարհի համար դեռ երբեք այսքան անտեսանելի ու աննկատ չեն եղել: Դրան նպաստում են նաև Հայաստանի իշխանության կողմից Արցախի սուբյեկտայնությանը շարունակաբար հասցվող հարվածները:
Առավել քան երբևէ, այսօր անհրաժեշտ է համախմբվել, ոտքի կանգնել ու թույլ չտալ Արցախի հայաթափում, թույլ չտալ Արցախի շահերի անտեսում, թույլ չտալ Արցախի քաղաքացու իրավունքների ոտնահարում: Առավել քան երբևէ` այսօր մեզ անհրաժեշտ է համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության Համախմբում՝ ոչ թե անհատների կամ քաղաքական ուժերի շուրջ, այլ գիտակցության, որ Հայրենիքը միակն է, անփոխարինելի և այն կարիք ունի պաշտպանության։
Վերոշարադրյալ խնդիրներից ելնելով՝ հայտարարում ենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը միանում է «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄ սկսելու գործընթացին և կոչ անում բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին նույնպես միանալ համահայկական շարժմանը»։