Պաշտոնական ու հավաստի տեղեկատվության բացակայության պայմաններում մեծ տարածում են գտնում «օդում կախված լուրերը»
Գլխավոր » Լրահոս » Պաշտոնական ու հավաստի տեղեկատվության բացակայության պայմաններում մեծ տարածում են գտնում «օդում կախված լուրերը»

Պաշտոնական ու հավաստի տեղեկատվության բացակայության պայմաններում մեծ տարածում են գտնում «օդում կախված լուրերը»

ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հայտարարությունը՝ սեպտեմբերի 29-ի ԱՀ ԱԺ նիստի ժամանակ.

«Իմ այսօրվա հայտարարությունը կապված է մեր հանրությանը հուզող մի շարք խնդիրների վերաբերյալ պատշաճ տեղեկատվության բացակայության կամ եթե ավելի ճշգրիտ ձևակերպենք՝ հասարակություն-իշխանություն կապերի ոչ բավարար մակարդակի հետ:

Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր հանդիպում է մարդկանց, ովքեր բազմաթիվ հարցեր ունեն իշխանության ներկայացուցիչներին, ընդ որում, դա վերաբերում է և՛ տեղական իշխանություններին, և՛ կենտրոնական պատկան մարմիններին:

Միանգամայն հասկանալի է՝ մեր իրականությունն այնպիսին է, որ ոչ բոլոր հարցերի պատասխաններն ունենք, կամ ոչ բոլորը կարող են պատասխանել հանրությանը հուզող հարցադրումներին, բայց դա չի նշանակում, թե մեր բնակչության մեծ մասը պետք է շարունակի մնալ անորոշության մեջ և անտեղյակ մնա մեր շուրջ կատարվող իրադարձությունների հետևանքներից:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է այսօր պակասում մեր տեղեկատվական տարածության մեջ, մի քանի մասնավոր օրինակներ կբերեմ. մարդկանց, մասնավորապես հուզում են Հայաստանի Հանրապետությունից հաճախակի հնչող մեկնաբանություններն ու որակումները, որոնք հրապարակվում են Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված:

Հանրության մի ստվար հատվածի էլ հուզում են նախկինում գործարկված սոցիալական ուղղվածության ծրագրերի վերանայումները և դրանցով նախատեսված աջակցության միջոցառումների ուշացումները:

Պաշտոնական ու հավաստի տեղեկատվության բացակայության պայմաններում հանրային շրջանակներում ավելի մեծ տարածում են գտնում «օդում կախված լուրերը»: Որպես ապացույց կարելի է բերել վերջերս այդպիսի մի լուրի ակտիվ տարածումը, որի համաձայն՝ առաջիկայում կլինեն բնակարանաշինական ծրագրերի նկատելի կրճատումներ. թեմա, որը չի կարող չհուզել իրենց հերթին սպասող մեր հազարավոր տեղահանված հայրենակիցների ու նաև այն խավերին, որոնք ներգրավված են շինարարության ոլորտում:

Ստեղծված իրավիճակում չափազանց պահանջված պետք է դիտել այն ոլորտների ու դրանց պատասխանատուների աշխատանքը, որոնք անմիջականորեն և ամենօրյա ռեժիմով շփվում են հանրային տարբեր շրջանակների հետ, օրինակ` ուսուցիչները, բժիշկները սոցիալական աշխատողները` պետական ու հանրային ծառայողները, բայց հենց այս մարդկանց է պետք առաջին հերթին անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել՝ տարածելու և տիրաժավորելու համար:

Արցախի ժողովրդավարական խմբակցությունը կարծում է, որ միայն ակտիվ երկխոսության միջոցով կարելի է փարատել այն կասկածները, անորոշությունն ու խուճապային տրամադրությունները, որոնք ծնվում են ոչ հավաստի տեղեկատվություն ունենալու դեպքում:

Ի դեպ, այս աշխատանքի մի մասը կարելի է իրականացնել Արցախի ու Հայաստանի պետական կառավարման մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում, որի կարևոր բաղադրիչևերից մեկը միջխորհրդարանական համագործակցության հարթակն է, որն այդպես էլ չի ստացվում կանոնավոր ու մշտական հունի մեջ մտցնել:

Իմ տեղեկություններով՝ այս հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդի շրջանակներում, բայց առարկայական արդյունքներ դեռևս տեսանելի չեն»:

1