Լևոն Տեր-Պետրոսյանի առաքելությունը Փաշինյանին արդարացնելն էր

Լևոն Տեր-Պետրոսյանի առաքելությունն ընդամենը Նիկոլ Փաշինյանին արդարացնելն էր, ամենավտանգավոր թեզն էլ, որ ասում է՝ ով է լինի, նույնն է լինելու, կամ ավելի վատ. սրանով հասարակությանը նոր պարտության ու կապիտուլյացիայի է պատրաստում։ Ցավոք և դժբախտաբար՝ այս մարդը չփոխվեց ու շարունակում է իր վտանգավոր թեզը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին:
Առաջին նախագահը, մասնավորապես, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանին սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ և որ պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ վատագույն լուծումներից խուսափելու համար էլ պետք է պայմանագրեր պիտի կնքվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այս դիտարկումներին՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցնում է՝ նա այդ նույն տեքստը, որ այլընտրանք չկա, պետք է հանձնվենք, պետք է տարածքներ տանք, ասել է և՛ 92թ-ին, և՛ 97թ-ին.
«Այդ ժամանակ էլ ասում էր՝ այլ տարբերակ չկա, պետք է հանձենք, բայց իր հեռանալուց հետո պարզվեց՝ այլ տարբերակ կա, Հայաստանում ձևավորվեց իշխանություն, որի օրոք, ըստ էության, 20 տարի պատերազմ տեղի չունեցավ, հնարավորություն եղավ երկիրը զարգացնելու և կառուցելու: Սա Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մշտական գիծն է եղել»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց. «Երկիրն այս վիճակին հայտնվեց 2018թ-ից հետո, երբ իշխանության եկան իր գաղափարակիցները, տարածքներ հանձնելու կողմնակիցները»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նաև առաջարկել էր ընդդիմությանը մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել իշխանության շուրջ՝ «երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները ու դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները հաշվի առնելով»:
Ինչ վերաբերվում է առաջին նախագահի այս առաջարկին՝ Սաղաթելյանն ՀՅԴ-ի անունից հայտարարեց՝ իրենք չեն կարող համախմբվել Փաշինյանի շուրջ ու ամեն ինչ անելու են՝ նրան հեռացնելու համար.
«Երբ ասում է, որ երկրի վիճակը ծանր է, այդ գնահատականի հետ համաձայն ենք, բայց պետք է նաև գնահատական տրվի՝ ո՞վ երկիրը հասցրեց այս վիճակին, ինչու՞ հայտնվեցինք այս վիճակում և արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի մասին՝ «ազգակործան պատուհաս», ուժի մեջ է, եթե այս ամենի պատասխանը ստանանք, նոր դրանից հետո կհասկանանք՝ համախմբում Նիկոլ Փաշինյանի շուրջ հնարավո՞ր է, թե ոչ, ինչի՞ շուրջ համախմբվենք, նոր կապիտուլյացիայի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: