Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչու չեն միացել ԱԺ հայտարարությանը
Գլխավոր » Լրահոս » Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչու չեն միացել ԱԺ հայտարարությանը

Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչու չեն միացել ԱԺ հայտարարությանը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, թե ինչու իրենց խմբակցությունը չի միացել ԱԺ հայտարարությանը՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ:

Մինասյանն իր ելույթում նախ շեշտեց, որ նախորդ ամբողջ գիշեր իրենց խմբակցությունն աշխատել և հայտարարություն է արել: Ըստ «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մշակած հայտարարության  նախագիծն ամբողջական չէր:

Խմբակցությունն առաջարկել էր 4 կետ՝ որպես կարևորագույն ուղերձ՝ ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին, սակայն դրանք չէին ներառվել նախագծում:

«Մենք այս հայտարարությանը դեմ չենք, ասում ենք, որ այն ամբողջական չէ: Եվ, հետևաբար, ոչ մի լուծում չի պարունակում իր մեջ: Եթե ուզում ենք, որ լուծում պարունակի, ապա պետք է հստակ, թիրախավորված ասենք»,-կարծիք հայտնեց Մինասյանը:

Այսպիսով` նա ասաց, որ չեն մասնակցելու հարցի քվեարկությանը, քանի որ նախագիծը համարում են կիսատ:

Արձագանքելով իշխանական պատգամավորներին՝ Մինասյանը շեշտեց՝ եթե իրենք շահագրգռված չլինեին պետականության պաշտպանության հարցով, այդ կարևորագույն կետերը չէին ասի:

Նիստին ընդդիմությունից մասնակցում էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը խորհրդարանն ընդունեց 65 կողմ ձայնով:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05 ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

1