Ապրում ենք մեր պատմության ամենից ճակատագրական պահերը
Գլխավոր » Լրահոս » Ապրում ենք մեր պատմության ամենից ճակատագրական պահերը

Ապրում ենք մեր պատմության ամենից ճակատագրական պահերը

Ստորեւ ներկայացնում ենք Շուշիի Վարանդա երգչախմբի 30-ամյակի առիթով խմբավար Զաքար Քեշիշյանի խոսքը.

«Այս ամառ էլ, երբ մենք տենդագին կերպով պատրաստվում էինք Շուշիի «ՎԱՐԱՆԴԱ» մանկական, պատանեկան եւ երիտասարդական երգչախմբի 30-ամյակին նվիրուած «ԵՐԳՈՂ ԱՄԱՌ» երգչախմբային ծրագրի իրականացման, Բերձորն ու իր հարակից շրջանները կորցրեցինք …
Ապրում ենք մեր պատմության ամենից ճակատագրական պահերը։
Կամ ազգովին կզարթնենք, կը միավորվենք, վերստին կիմաստնանանք, վերստին կը գոտեպնդվենք ու հենց թշնամու աջքի առաջ կկերտենք հզօր հայրենիք, վաղն էլ վերատիրանալու համար այն ինչ կորցրել ենք մեր խելքի ու հայրենասիրական մակարդակ անկումի պատճառով, կամ էլ, ասորեստանների պէս, մեր մասին էլ հաջորդող դարերում մարդկությունը կը կարդա ու կսովորի ընդհանուր ազգաց պատմության դասագրքերից։
Իսկ այդ վաղը արդեն մեր դռանն է՝ չի՛ ուշանալու…
«Վարանդա»ի 30 ամյակը նշում ենք խառն զգացումներով ու մտորումներով եւ անկարելի է 30-ամյա յուշերն ու ապրումները խտացնել խմբավարի ավանդական խոսքի համար սահմանված այս էջում։ Մի կողմից Շուշիի հերոսական ազատագրումն ու մյուս կողմից, արյամբ ու տարիների ջանք ու քրտինքով ձեռք բերածը մի օրում կրկին կորցրած լինելու անպարագծելի ցավը չեն թողնում, որ խոհը բառ դառնայ, ապրումը՝ նախադասություն, մտածումը՝ խոսք։
ԻՆչեւե, այս տարի էլ ինձ հաջողվեց երաժշտախառն ամառ ապրել հարազատ Արցախում ու 120 «սատանաների» հետ ձեզ համար պատրաստել այս համերգաշարը։
Երգացանկում ընդգրկել ենք եւ՛ նոր խմբերգերի առաջին կատարումներ, եւ՛ անցնող 30 տարիների ընթացքում «ՎԱՐԱՆԴԱ» երգչախմբի խթանումով ծնունդ առած 169 խմբերգերից գողտրիկ մի փունջ։
Հա՛, այս տարի առաջին անգամ ըլլալով «ՎԱՐԱՆԴԱ» երիտասարդական երգչախումբը բեմ չի բարձրանա։ Պատճառը՝ սերն ու որդեծնությունը։ Հիշու՞մ եք, անցյալ տարի բեմում հայտարարեցի, որ աղջիկներց տասը ամուսնացել են։ երեքն էլ այս տարի պսակեցինք։ Մի քանիսն էլ նշանվեցին։ Մնացյալը՝ սիրահարվեցին… սերը… մեր երգչախմբի միակ «թշնամին»՝ հաղթեց մեզ… Մնում եմ հույսով, որ նորածինները եկող ամառ արդեն թույլ կտան իրենց սիրասուն մայրիկներին հաճախել երգչախմբի փորձերին։
Այս եւ առհասարակ Արցախում տիրող Baby Boom-ը առհավատչյան է մեր գալիք հաղթանակների։
Շնորհակալություն Արցախի ԿԳՄՍ նախարարության՝ երկար տարիներու կազմակերպական սիրալիր գործակցության համար։ Շնորհակալություն երգչախմբի հին ու նոր տնօրեններին, դաշնակահարներին, կազմակերպական աշխատակազմին, համբերատար ու ջերմ համագործակցության համար։ Շնորհակլություն Արցախի իմ հարազատ հայրենակիցներուն, երեսնամյա փոխադարձ այն սիրույն համար, որմով պարուրված եմ զգում միշտ։ Շնորհակալություն կնոջս՝ Կամիլային, նաեւ իբրեւ դաշնակահար, երկար տարիներ ինձ հետ լիովին կիսելու համար այս առաքելությունը։ Շնորհակալություն Լիբանանից դուրս ապրող իմ ազգականներին եւ ընկերներին, որոնք Լիբանանյան քաղաքատնտեսական ամենադաժան այս օրերին ապահովեցին այս ծրագրի իրագործումը։
Իսկ «Վարանդա»ի բովով անցած բազմահարյուր իմ հին ու նոր սաներին գրկում ու համբուրում եմ հին, բայց չհնացող անհուն սիրով ու կարոտով»։

1