Կոչ ենք անում միջազգային հանրությանը` անհապաղ միջոցներ ձեռնարկել
Գլխավոր » Լրահոս » Կոչ ենք անում միջազգային հանրությանը` անհապաղ միջոցներ ձեռնարկել

Կոչ ենք անում միջազգային հանրությանը` անհապաղ միջոցներ ձեռնարկել

«Հայաստան» խմբակցության հայտարարությունը Ադրբեջանական հարձակման վերաբերյալ.

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ հրետանային միջոցներով, խոշոր տրամաչափի զինատեսակներով լայնածավալ հարձակման են անցել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են բնակավայրեր և ռազմական օբյեկտներ:

Սա Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործությունն է, որին նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողություններ:

Ադրբեջանի գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը:

Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: 

Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը:

Ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից՝  հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:

Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:

Զորակցելով Հայաստանի զինված ուժերին՝ մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել,  պահպանել զգոնությունը, պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը:

1