Դուք մանկանց շուրթերով յուրովի եք ապրեցնում Արցախը, որովհետև մանկանց աչքերում է Արցախի ու բոլորիս վաղվա օրը
Գլխավոր » Լրահոս » Դուք մանկանց շուրթերով յուրովի եք ապրեցնում Արցախը, որովհետև մանկանց աչքերում է Արցախի ու բոլորիս վաղվա օրը

Դուք մանկանց շուրթերով յուրովի եք ապրեցնում Արցախը, որովհետև մանկանց աչքերում է Արցախի ու բոլորիս վաղվա օրը

Ստեփանակերտում ընթանում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական երգչախմբի համերգները, որոնք նվիրված են երգչախմբի 30-ամյակին։ Այս կապակցությամբ Համազգային հայ կրթական և մշակութային միության աշխարհասփյուռ մեծ ընտանիքը շնորհավորական ուղերձ է հղել, որը համերգի ժամանակ բեմից ընթերցեց Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրենը։

           Շնորհավորական ուղերձ

Արցախ աշխարհի տոկուն հայրենակիցներ,

Սիրելի ընկեր Զաքար Քեշիշյան,

«Վարանդա» երգչախմբի շնորհալի մանուկներ,

Համազգային հայ կրթական և մշակութային միության աշխարհասփյուռ ընտանիքը միշտ սրտի թրթիռով ու ոգևորությամբ է հետևել Արցախում Շուշիի «Վարանդա» երգչախմբի գործունեությանը և այսօր անչափ կարևորում է Ձեր ջանքերը հետպատերազմյան Արցախում երգչախմբի նորովի վերակազմակերպման գործում ՝ որպես Արցախ աշխարհի փոքրիկ , բայց նշխար դարձած հողակտորում լույսի ու հույսի, գալիքի հանդեպ անսպառ հավատի աղբյուր:

Հիրավի, Դուք մանկանց շուրթերով յուրովի եք ապրեցնում Արցախը, որովհետև մանկանց աչքերում է Արցախի ու բոլորիս վաղվա օրը: Հավատում ենք, որ պատերազմի դաժան օրերով անցած մեր Հայրենիքը Ձեզ պես նվիրյալների շնորհիվ աշխարհին ամեն օր հիշեցնելու է իր գոյության մասին և մեր հաղթական երգը դեռ հնչելու է աշխարհի խուլ ականջին:

Սիրելի՛ «Վարանդա», շնորհավոր 30-ամյակդ, ապրի՛ր ու ապրեցրո՛ւ հայ երգը: Հայ երգով ծիլ տո՛ւր Հույսին, ու թող Հույսն ու Հավատը բողբոջեն ու ծաղկեն հայրենի Արցախում:
Ձեր վարձքը կատար:

Ջերմագին բարևներով՝
Համազգային հայ կրթական և մշակութային միության մեծ ընտանիք։

Hamazkayin Central

1