Ռ. Վարդանյանը հանդիպել է ԱՀ ԱԺ փոխնախագահի, հաձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ
Գլխավոր » Լրահոս » Ռ. Վարդանյանը հանդիպել է ԱՀ ԱԺ փոխնախագահի, հաձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ

Ռ. Վարդանյանը հանդիպել է ԱՀ ԱԺ փոխնախագահի, հաձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ

Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։

Հանդիպմանը մասնակցում էին «Ազատ- հայրենիք», «Արդարություն», «ՀՅԴ» և «ԱԺԿ» խմբակցությունների ղեկավարներն ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները։

Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։

Իր հերթին Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, բարձր գնահատել օրենսդիր մարմնի՝ հետպատերազմյան և առանձնապես ստեղծված ծանր պայմաններում ծավալած գործունեությունը։ Վարդանյանը մասնավորապես ողջունել է Արցախի խորհրդարանի 2022թ․ ապրիլի 14-ի հայտարարությունը, որը միաբանության և արցախցու արդար իրավունքի պահպանման կոչն էր։

«Արցախի ապագայի հարցը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ, այլ համայն հայության», — նշել է Ռուբեն Վարդանյանը և վստահեցրել, որ պատրաստ է բոլոր հնարավորություններն ու ներուժը օգտագործել ի նաստ Արցախի։

Խոսելով առկա մարտահրավերներից՝ բարերար Վարդանյանը առաջ է քաշել Արցախ այցելելու 3 հիմնական նպատակների տեսլականը՝միտված Արցախի կարգավիճակի, անվտանգության և սոցիալ- տնտեսական զարգացմանը։
Անչափ կարևորել է ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական անվտանգութան ապահովման հարցը։

«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա», — իր խոսքն այսպես է ընդհանրացրել բարերար Վարդանյանը։

Խորհրդարանականները ողջունել են Արցախի և հայոց աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում Ռուբեն Վարդանյանի կայացրած որոշումը և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել։

Երկուստեք կարևորվել է համախմբվածությունը հստակ նպատակի ու խնդրի շուրջ։

nankr.am

1