Ստեփանակերտում տեղի է ունեցել Բեկորի կիսանդրու բացման արարողությունը
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում տեղի է ունեցել Բեկորի կիսանդրու բացման արարողությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Բեկորի կիսանդրու բացման արարողությունը

Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անունը կրող թիվ 2 դպրոցի բակում կայացել է ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի կիսանդրու բացման արարողությունը։ Հերոսի կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցինն է, իսկ ֆինանսավորումն իրականացրել է ավստրալահայ երիտասարդ բարերար Շանթ  Կրաջյանը՝ ԱՀ կառավարության հետ համատեղ:

Բեկորի անունը կրող դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին, նշել է, որ  Աշոտ Ղուլյանը մեզ պատգամել է ճիշտ ապրել, ճիշտ քայլել և միասնաբար պահել հայրենիքը: «Ամեն օր այս դպրոց են  մուտք գործում 1100 աշակերտներ և ուսուցիչներ: Ամեն առավոտ խոնարհվելու ենք Բեկորի վեհաշուք կիսանդրու առաջ, նորից ուխտ ենք անելու, որ ապրելու ենք ճիշտ, քայլելու ենք ճիշտ»,- ասել է Լ. Մարտիրոսյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ներկայացնելով նախաձեռնության մասին, տեղեկացրել է, որ գաղափարը մի քանի տարի առաջ է ծագել, երբ ՀՅԴ անդամների հետ հանդիպման ժամանակ տնօրենը հորդորեց դպրոցում կանգնեցնել Աշոտ Ղուլյանի դիմաքանդակը:

«Մեր խոստումը կարող ենք համարել իրականացված: Պատահական չէ, որ Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշի, այսօր իր կիսանդրու կողքին կանգնած են փառապանծ բանակի զինվորները և ապագա սերունդը: Այս ամենն իր մեջ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռևս իրականանալու են: Եթե մեր սերունդը, իր ժամանակակիցները չեն կարողացել ամբողջականացնել այդ գաղափարը, վստահ ենք, որ նոր սերունդը այն կարող է իրականություն դարձնել: Համոզված եմ, որ այդ նպատակները կիրականանան ու Աշոտ-Բեկորի կիսանդրու առջև խոնարհվողը հպարտությամբ կլցվի: Մեր խոնարհումը կարող է լինել միայն մեր նահատակների և մեր մեծերի շիրիմներին»,- իր խոսքում նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Կիսանդրու տեղադրման աշխատանքներին աջակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանի խոսքով՝ ազգային-ազատագրական պայքարի յուրաքանչյուր փուլ ծնել է հերոսներ, որոնք իրենց անձնական կյանքով, իրենց ապրած ժամանակաշրջանով տարբերվում էին, բայց նրանց անձնական կեցվածքը նույնն էր՝ հայրենասեր, հայրենատենչ, մահ իմացյալ ընդունելու պատրաստակամությամբ: Դիմելով ներկա աշակերտներին՝ Թերեզա Ղարախանյանը նշել է, որ նրանք իրավունք ունեն հպարտանալու, որ սովորում են Աշոտ Ղուլյանի անունը կրող կրթօջախում:

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը ներկաների հետ կիսվել է ուսանողական տարիների մի դրվագով. «Մի թեժ ժողովում հանդիպեցի Բեկորին. նա դեռ այդ անունը չուներ: Ժողովում քննարկվում էին տարբեր հարցեր, Աշոտին դուր չեկան որոշ դրույթներ և նա ձեռքը թափ տվեց՝ ասելով՝ զինվել է պետք և վերջ: Ուրիշ բան չի ասել: Սա է նաև մեր այսօրվա կարգախոսը՝ զինվել ուղիղ և փոխաբերական իմաստով: Պետք է մեր երեխաներին զինել գիտելիքներով, որովհետև գիտելիքը ամենաանխոցելի զենքն է, մեր ուսուցիչներին՝ մանկավարժական հմտություններով, մեր պետական այրերին՝ ճշմարտությունը և արդարությունը գնահատելու կարողություններով և այսպես շարունակ»,- նշել է Մ. Համբարձումյանը՝ կոչ անելով ձևավորված միասնականության միջոցով ներկա ողորմելի օրերը շուռ տալ լավերի:

Բեկորի մարտական ընկեր Աշոտ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Աշոտ Ղուլյանի մարդկային որակներին, քանի որ հիմնականում խոսվում է ռազմական գործողություների, Բեկորի վաշտի հերոսությունների մասին. «Իվանյանի ազատագրման նախօրյակին ես ու Ֆելիքս Գաբրիելյանը զինված մոտեցանք Բեկորին, բայց նա թույլ չտվեց մասնակցել: Ռազմագործողության ավարտից հետո  մոտեցանք ու պարզաբանում խնդրեցինք: Հարցրեց՝ քեզ ո՞վ է նշանակել Ստեփանակերտի դաշնակցական կառույցի ղեկավար, ասացի՝ բնականաբար վերևից: Հարցրեց՝ ինձ ո՞վ է նշանակել հրամանատար, ասացի՝ մենք: Ասաց՝ յուրաքանչյուր մարդ թող իր գործով զբաղվի: Աշոտի թողած պատգամն է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի»:

ԱՀ անհետ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը «Հայրենիք և հավատ» մեդալով պարգևատրել է Աշոտ Ղուլյանի այրուն՝ Նելլիի Ղուլյանին: Անհետ կորած իր որդին՝ Սպարտակը, Բեկորի վաշտում 3 ամիս 20 օր է ծառայել, այնուհետև հրամանատարը հեռացրել է վաշտից որպես տան միակ զավակի:

Հուշակոթողի հեղինակը քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն է, ճարտարապետը՝ Սերգեյ Ադամյանը:

Կիսանդրու բացման պատիվը տրվել է դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանին, Նելլի Ղուլյանին և Բեկորի թոռ Աշոտ Ղուլյանին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պատգամավորներ, պետական այրեր, Բեկորի մարտական ու կուսակցական ընկերները, հարազատները, դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվը:

1