Մենք պարտադրված ենք տեր կանգնել մեզ բաժին հասած հայրենիքին
Գլխավոր » Լրահոս » Մենք պարտադրված ենք տեր կանգնել մեզ բաժին հասած հայրենիքին

Մենք պարտադրված ենք տեր կանգնել մեզ բաժին հասած հայրենիքին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հարցազրույց է տվել «Իրավունք» թերթին.

«Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ապրիլյան, ապա նաև Թուրքիայի եւ այլ ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020թ․ աշնանային պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի անթաքույց ու հեռուն գնացող նենգ մտադրությունները։ Ու այդ ամենից հետո Արցախը Ադրբեջանի կազմում ներառելու Բաքվի ջանքերը՝ չեն տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ», -անդրադառնալով Արցախի Հանրապետության ապագային, առկա մարտահրավերներին եւ դրանց հնարավոր լուծումներին՝ նշել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն «Իրավունք» թերթին տված հարցազրույցում:

— Նախ պատերազմը ոչ թե 44-օրյա էր, այլ 45-օրյա։ Որովհետև 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո թշնամին մոտ 12 ժամ ուժեր էր գործադրում Մարտունու ուղղությամբ՝ կիրառելով տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ օդուժ, ԱԹՍ՝ նպատակ ունենալով գրավել Մարտունի եւ Ճարտար քաղաքները, Կարմիր շուկայի ուղղությամբ առաջընթաց արձանագրել։ Ասել, թե երկու տարին շուտ անցավ՝ այդպես չէ, որովհետև պատերազմն ավարտվելուց հետո նոր բազմաթիվ մարտահրավերներ ի հայտ եկան՝ ինչպես ԱՀ Կառավարության, այնպես էլ օրենսդիր մարմնի առջև։ Ես հիշում եմ 2020թ․ նոյեմբեր ամիսը, երբ նայում էի ու տեսնում, որ ոչ մի օրենքի նախագիծ իրականությանը չի համապատասխանում։ Եվ ի պատիվ մեր բոլոր խմբակցությունների պատգամավորների՝ հասկացանք, որ առաջին անգամ պետք է խախտենք ԱԺ կանոնակարգ-օրենքը, որտեղ ամրագրված է, որ առնվազն ամիսը մեկ լիագումար նիստ պետք է անցկացվի։ Եվ սկսեցինք նոր օրենքների նախագծեր մշակել, որոնք համահունչ էին ստեղծված իրավիճակին։ Բոլորս գիտակցում էինք, որ բարոյական իրավունք չունենք Արցախի կարգավիճակի, Արցախում ապրելու իրավունքից մի սանտիմետր անգամ շեղվելու։

Մենք պետք է կյանքի կոչենք 1991թ․ սեպտեմբերի 2-ը, 1991թ․ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և 1992թ․ հունվարի 6-ի Անկախության հռչակագիրը։ Հիշեցման կարգով նկատեմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որպես վեճ առաջին անգամ ծագել է 1918թ․-ին ՌԴ կայսրության փլուզումից հետո անկախ դարձած ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Նույնիսկ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի վիճելի կարգավիճակն ընդունեց, իսկ Կարմիր բանակի՝ հայկական երկրամասի բռնազավթումից հետո Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին։ Անգամ Ղարաբաղի հիմնախնդիրը հանվեց Փարիզի խաղաղ խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը։ Լեռնային Ղարաբաղի աննեքսիան անմիջականորեն իրականացվեց դեպի Մահմեդական Արևելք Կարմիր հեղափոխության միջանցիկ տարհանման բոլշևիկյան ծրագրերի շրջանակներում։

Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու ողջ ժամանակահատվածում Բաքվի պաշտոնական իշխանությունները հետևողականորեն խախտել են Ղարաբաղի հայերի տարրական իրավունքները, որոնք տեղ են գտել ազգային շարժառիթներով սպանությունների, անհետացումների, խոշտանգումների և բռնադատումների, այլախոհության համար պատիժների, ինչպես նաև պատմական և մշակութային օջախների օտարացման փորձերի շրջանակներում։ Սակայն բնակչությունը միշտ էլ դիմակայել է և իր ինքնատիպությունը պահպանելու վճռականությամբ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայերի ճակատագրից խուսափելու նկատառումներով՝ քանիցս Ղարաբաղյան հիմնախնդիրը բարձրացվել է ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջև, սակայն դրանք բոլորն էլ ճնշվել են։

Անշուշտ, արցաահայությունը չէր կարող համակերպվել այդ ամենին, իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ զտումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին միավորվելն էր։ Եվ պատահական չէր, որ արցախահայության խաղաղ հանրահավաքները, ցույցերն ու երթերը՝ ի լուր աշխարհի, փաստորեն, դարձան ժողովրդավարության առաջին ծիծեռնակները Խորհրդային Միությունում։ Ընդհանրացնելով բոլոր շեշտադրումների տրամաբանությունը՝ արձանագրենք, որ Արցախի անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի է։ Մենք մեր կյանքով եւ ապրելակերպով պետք է սրբագրենք Անկախության հռչակագիրը եւ հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից։

ԱՀ ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն Անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ։ 31-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում։

Այսօր ուզում եմ դիմել համայն հայությանը՝ կոչ անելով չհուսալքվել, զինվել համբերությամբ։ Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին, բուժել վերքերն ու առաջ գնալ, որովհետև պատասխանատու ենք սերունդների և հանուն հայրենիքի կյանք չխնայած մեր հազարավոր զավակների առջև։ Աստված օրհնի մեր հերոսների արյամբ կերտված Արցախը, համայն հայության երազանքների Հայաստանը։

nkr.am

1