Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խթանել է Արցախին օժանդակության կոնգրեսական նոր գործընթաց
Գլխավոր » Լրահոս » Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խթանել է Արցախին օժանդակության կոնգրեսական նոր գործընթաց

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խթանել է Արցախին օժանդակության կոնգրեսական նոր գործընթաց

Վերջին շաբաթվա ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացված համայնքային մոբիլիզացիայի արդյունքում` հանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարավորություններով, Ամերիկայի հայ համայնքի ավելի քան 100․000 ակտիվիստներ, ԱՄՆ ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին և պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին։ Ուղարկված նամակների մեջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․ «Ինչու՞ եք իմ տված հարկային դոլարներն ուղարկում նավթով հարուստ ադրբեջանցի զինվորականներին, որոնք քրիստոնյա հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։

Հատկանշական է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրին», որի միջոցով ուղարկվում են նման գրությունները, բաժանորդագրված են նաև ԱՄՆ ոչ հայ քաղաքացիներ, կոալիցիոն գործընկեր կազմակերպությունների ակտիվիստներ, ովքեր նույնպես օժանդակում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքներին։

Շարունակելով Ադրբեջանին ամերիկյան օժանդակությունից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Դինա Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախի համար ամերիկյան օժանդակություն ապահովելու համար՝ խնդրելով օրենսդիրներին ստորագրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված կոնգրեսական նամակը, որով վերջիններիս կոչ է արվում «անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնվող հայ բնակչությանը նշանակալի օժանդակություն հատկացնելու համար»։

Կոնգրեսականներին ուղղված նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծում են՝ մինչև օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամենը 5 միլիոն դոլար է հատկացրել Արցախից տեղահանվածների օժանդակությանը, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանում։ Կոնգրեսականները այդ գումարի չափը բավարար չեն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար և մտահոգություն են հայտնել, որ Արցախի բնակչությունն առհասարակ այդ օգնությունը չի ստացել: Նամակով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին կոչ է արվում ավելացնել Արցախի ժողովրդին տրամադրվող անմիջական օգնությունը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականորեն աջակցելու ուղղությամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ կարիքների գնահատում։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդեն իսկ հայտարարել են այս նախաձեռնությանն իրենց զորակցության մասին։ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում հնարավորինս շատ կոնգրեսականների ստորագրություն ապահովելու համար։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրի» միջոցով այս դեպքում ևս կապահովվի մեծաքանակ անհատական նամակների հղում կոնգրեսական պաշտոնյաներին։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, նամակով դիմել է Կոնգրեսի ղեկավարությանը՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի և էթնիկ զտումների, ինչպես նաև ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
26.08.2022 թ.

1