«Զանգեզուրի միջանցք»-ի հին ձևաչափը
Գլխավոր » Լրահոս » «Զանգեզուրի միջանցք»-ի հին ձևաչափը

«Զանգեզուրի միջանցք»-ի հին ձևաչափը

Քեմալական ազգայնական շարժման ղեկավար դեմքերից՝ դեսպան Յուսուֆ Քեմալ Թենգիրշենկը (1878-1969թթ․), ով Թուրքիայի Միլլի Մեջլիսի անունից 1921թ․ մարտի 16-ին ստորագրել է Մոսկվայի ապօրինի պայմանագիրը ՌՍՖՍՀ-ի կառավարության հետ, 1968թ․ սեպտեմբերի 24-ի, «Ջոմհուրիեթ» օրաթերթի հետ առանձին հարցազրույցում, ուշագրավ ծալքեր է բացել լենին-քեմալական բանակցություններից։

«Չիչերինը պահում էր դաշնակցական հայերին, Վանի և Բիթլիսի հողերի խոստումներով» վերտառությամբ այս նշանակալից հարցազրույցում, Թենգիրշենկը, շուրջ հիսուն տարի լռությունից հետո, նշված բանակցությունների մասին ասում է․ «1920թ․ օգոստոսի 14-ին նոր նիստ գումարեցինք․․․ մի հարմար պահին Չիչերինը մեզ հրավիրեց արտգործ նախարարություն։ Թարգմանեց մեզ համար մի համաձայնագիր, որը հրատարակվել էր օրաթերթերում։ Համաձայնագիրը ստորագրված էր Խորհրդային Հանրապետությունների և Հայաստանի դաշնակցական իշխանությունների միջև։ Ըստ համաձայնագրի ամբողջապես փակվում էր Թիֆլիսի ճանապարհը, որը մենք (թուրքերը,- Կ․ Խ․) պահանջում էինք բացել։ Դրանից զատ փակվում էր նաև «Շահթախթ»-ի ճանապարհը, որը մինչ այդ քիչ թե շատ բաց էր, բայց ամբողջովին պետք է անցներ հայերի ձեռքը։ Այդ պահին հարցրեցինք Չիչերինին․ — Այստեղ գալուց ի վեր մշտապես պահանջել ենք մաքրել այս ճանապարհը (այսինքն՝ «Շահթախթ»-ի ճանապարհը,- Կ․ Խ․), բա ինչպես է, որ դուք հակառակ մեր պահանջին համաձայնագիրեք ստորագրում։ — Կովկասի մեր ընկերներն այդպես ասեցին մեզ,- պատասխանեց Չիչերինը։- Բացե՛ք ճանապարհը,- պնդեցինք մենք։- Մենք չենք կարող,- պնդեց Չիչերինը։- Այդ դեպքում, թույլ տվեք մենք բացենք․․․»։(Cumhuriyet, Istanbul, 24 Eylul 1968, s. 4)

Հետագա իրադարձություններից, հատկապես ՀՅ Դաշնակցության ղեկավարած Փետրվարյան Ապստամբության (1921թ․) և Զանգեզուրի Հերոսամարտի (1920-1921թթ․) թողած հետևանքներից դատելով, կարելի է ենթադրել, որ բոլշևիկների պատասխանն ըստ ամենայնի դրական չի եղել՝ այն ժամանակ։

Իսկ «Շահթախտ» (Şahtaxtı) քաղաքը, հայկական բռնագրավված Արքաշատն է, որն այսօր գտնվում է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության» Քենգերլիի շրջանում։ Աշխարհագրականորեն Արքաշատը սկզբնակետն է հանդիսանում դեպի Գորիս-Բերձոր-Շուշի և դեպի Օրդուբադ-Մեղրի տանող երթուղիների։ Հետևաբար կարելի է պնդել, որ Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցք» հեռատես գաղափարն, իր առնվազն հարյուրամյա վաղեմիությամբ, ակտուլ է եղել քեմալ-լենինյան բանակցությունների ժամանակներից, և ի սկզբանե արտաբերվել է՝ «Շահթախտի ճանապարհ» ձևաչափով։

Արքաշատի ռազմավարական նշանակությունը վեր հանելու նպատակով, ստորև ցուցադրվել է Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի կողմից 1927թ․ հրատարակված, «Կովկասի ճակատ» վերնագրով, ռազմական քարտեզի մի բաժինը, ուր Նախիջևանի ողջ տարածքում նշվել է միմիայն «Շահթախտ» քաղաքը, և ոչ՝ «Նախջիվան» կամ «Նախշիվան» կենտրոնը, «Սադարակ»-ը, «Ջուլֆա»-ն կամ «Օրդուբադ»-ը․․․

Եթե պատմակերտ պարբերությամբ կրկին զոհողության սեղանին չդրվի Սիմոն Վրացյանների, Գարեգին Նժդեհների, Զաքար Յոլյանների, Կուռո Թարխանյանների, Տիգրան Ծամհուրների և նման հրաշագործ մեծությունների գիտակից պատասխանատվությունը, ապա այսօր ի՞նչ կլինի ռուսների հավանական պատասխանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի Թուրքական նոր հոխորտանքներին․․․

Կարեն Խանլարի

1