Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Եվրոպայում էր

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործության հիման վրա բեմադրված պիեսով հունիսի 13-ից մինչև հուլիսի 2-ը հյուրախաղերով արտասահմանում էր։ Դերասանները ներկայացմամբ հանդես են եկել չորս երկրի հինգ քաղաքներում՝ Ֆրանսիայի Լիոն, Բելգիայի Բրյուսել, Գերմանիայի Քյոլն, Բեռլին և Ավստրիայի Վիեննա քաղաքներում: Բեմադրող ռեժիսորը և հյուրախաղերի նախաձեռնողը Կարինե Քոչարյանն է։

«Իրոք, մեծ տպավորություններով ենք վերադարձել Եվրոպայից: Մեզ այնտեղ գրկաբաց ու ջերմ ընդունեցին: Ծանոթացանք շատ հայերի հետ: Ռեժիսոր Կարինե Քոչարյանի շնորհիվ կազմակերպվեց այս մեծ գործը, ու ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Արցախը կա ու կմնա»,- իր տպավորություններով կիսվում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, դաշնակցական Էդուարդ Դավթյանը:
Նրա խոսքով՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իմանալով, որ դաշնակցական է, հրավիրել են գրասենյակ, ծանոթացրել ՀՅԴ-ի գործունեությանը: Դերասանի վրա խոր տպավորություն է թողել նաև այն վայր այցելությունը, որտեղ Սողոմոն Թեհլիրյանը մահապատժի է ենթարկել Թալեաթին:
«Մեր ներկայացումը պատերազմի, սովի, խաղաղության, ամեն ինչի մասին է: Ներկայացումը մեծ արձագանք ստացավ. ովքեր ներկա չէին՝ հարցնում էին, թե երբ նորից կբեմադրենք: Կային նաև օտարերկրացի հանդիսատեսներ, որոնց հայ ընկերները թարգմանում էին ներկայացման ընթացքը»,- պատմում է դերասանը:
«Ներկայացումից հետո հանդիսատեսը ոգևորված, արցունքներով լի աչքերով ծափահարում էր: Զգում էին, որ մեծ բան են կորցրել այլ երկրում մնալով: Կային նաև, որ Արցախի տարբեր շրջաններից են հաստատվել եվրոպական երկրներում: Չինք զգում, որ ուրիշ տեղ ենք, անընդհատ հայերով էինք շրջապատված: Ինձ հետ մի միջադեպ եղավ, երբ խանութից բան պիտի առնեի, ասացին՝ կիրակի օրը խանութները չեն աշխատում: Մի բաց խանութ տեսա, մտա ու սկսեցի բացատրել, թե ինչ եմ ուզում, տերը հայերենով պատասխանեց: Միայն հայը կիրակի օրով, իր հանգստի հաշվին խանութը կաշխատեցներ»,- ասում է Էդուարդն ու ավելացնում, որ այնտեղի հայերն իրար աջակցում են, ձգտում են հայերին պատկանող խանութներից առևտուր անել:
Շատերն էին հետաքրքրված Արցախում տիրող իրավիճակով. հարցնում էին, թե թուրքերն ինչքա՞ն են հեռու, ի՞նչ է լինելու, արդյո՞ք վտանգավոր չէ այստեղ մնալը, նույնիսկ առաջարկում էին տեղափոխվել իրենց մոտ: «Ասում էի՝ բա ո՞վ մնա այնտեղ. եթե մեր հողից դուրս գանք, երկիրը կհանձնվի: Տիկին Կարինեն մի միտք հայտնեց, որ՝ այն օրը, երբ համակերպվենք Արցախը հանձնելու մտքի հետ, ուրեմն կհանձնենք»,- ասում է դերասանը:
Տաթևիկ Աղաջանյան