Առանց հայրենիքի ամեն տեղ էլ օտար ես լինելու

Ընթացիկ տարվա մարտի 10-ից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը հայտնվել էր ավելի անբարենպաստ կարգավիճակում. ադրբեջանցիները գյուղի տարածքով բարձրացել են դեպի Քարագլուխ կոչվող վայրը՝ դրանով ևս մեկ կողմից շրջապատելով Խրամորթը: Այս գյուղում ծնված-մեծացած, ընտանիք կազմած ու այժմ ամուսնու հետ երեք որդի դաստիարակող, Խրամորթի բուժկետի վարիչ, դաշնակցական Զարինե Խաչիյանը հայրենի գյուղից դուրս ուրիշ տեղ չի պատկերացնում իր և ընտանիքի ապագան: Միայն անվտանգության ու ապահով սահմանների հարցը լուծվի, թե չէ՝ թուրքերը (ադրբեջանցիները) այնքան մոտ են, որ քարեր էլ են շպրտում տների ուղղությամբ:
Խոսելով դաշնակցական երդում տալու մասին՝ նշում է, որ միշտ համակրում էր կուսակցությանը, գաղափարներին: Դեռևս դպրոցական տարիներից ուշադրությամբ լսում էր Դաշնակցության մասին պատմությունները, հիանում դաշնակցականների հզորությամբ: Բայց կուսակցական դառնալու մտադրություն չուներ: Հետո ամուսնանալուց, երեխաների ծնվելուց հետո՝ 2015թ. դարձավ երդվյալ դաշնակցական:
«Մեր պատմության ամենաանելանելի պահերին Դաշնակցությունն է փրկել մեր ազգին, պետականությունը: Բայց հիմա կարծես տեմպերը թուլանում է: Միթե՞ հիմա մի Սողոմոն չկա… Բոլոր կողմերից թուրքերով ենք շրջապատվել, և չգիտենք՝ վաղն այստեղ կլինենք, թե չէ: Ես միշտ հույսս Դաշնակցության վրա եմ դրել»,- ասում է Զարինեն:
Նա ծնվել է 1981թ., հաճախել այն ժամանակ Հովհաննես Շիրազի անունը կրող՝ Խրամորթի միջնակարգ դպրոցը: 1991թ. դեռ երկրորդ դասարանում էր սովորում, երբ ազերիները մտան գյուղ և բնակիչները ստիպված լքեցին գյուղը՝ ապաստան գտնելով այլ վայրերում: Յոթ տարի ապրել է Խաչեն գյուղում: 16 տարեկան էր, երբ վերադարձավ գյուղ, այնտեղ էլ ավարտեց միջնակարգ դպրոցը: «Միշտ կարոտում էի գյուղը, ուզում էի վերադառնալ: Անգամ ուրիշ գյուղում ես շարադրություններ էի գրում Խրամորթի մասին, երգում էի «Խրամորթի ջուրը» երգը («Հայրենիքի ջուրը» երգը փոխելով): Մանկության տարիների մեր պատուհանի տակի վարդի թուփն էի հիշում ու շարադրությանս մեջ գրում. «Երանի նորից տեսնեի այդ վարդի տուփը ծաղկած»: Բայց չտեսանք, վերադարձից հետո տունն այրված տեսանք ու ուրիշ տեղ նոր տուն կառուցեցինք»,- հիշում է Զարինեն:

Ադրբեջանցիները Խրամորթում տարիուկես մնացել են: «Այն ժամանակ փոքր էի, չէի զգում բոլոր արհավիրքները: Վերջին պատերազմի ժամանակ էլ ես եմ 4 տարեկան որդուս գրկած դուրս եկել գյուղից: Բայց երևի իմ ծնողներն ավելի շատ դժվարություններ են տեսել, քանի որ 90-ական թվականներին չեն եղել այս օգնությունները: Ճիշտ է, հաղթանակած պետություն էինք, բայց հացի, հագուստի տեսակետից այսքան ուշադրություն չկար»,- ասում է Զարինեն:

Զարինեի ավագ որդին՝ Արկադին, ծառայում էր Մատաղիսում, ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: «Մենք որոշել էինք սեպտեմբերի 27-ի առավոտյան գնալ Մատաղիս՝ որդուս մոտ: Հավեր էի մորթել, փետրելիս դրմփոցի ձայն լսեցի, հետո էլի…: Չհասկացանք՝ ինչ ձայներ են, մինչև հարևանը գոռաց՝ «վայ կռիվը սկսվել է»: Գործս մի կողմ թողեցի, դուրս եկանք տնից, տեսանք ողջ շրջապատը զինտեխնիկայի տեղաշարժից փոշու մեջ է: Բոլորն իջան գյուղի ապաստարան, միայն ես, սկեսուրս ու 2016թ. քառօրյայի ժամանակ զոհված Օնիկ Գրիգորյանի մայրը չգնացինք: Հետո ամուսինս եկավ ու ասաց, որ ժողովրդին տարհանում են Դահրավ: Ես էլ ինչքան փորձում էի զանգահարել որդուս, անհասանելի էր: Միայն մի քանի օր հետո ենք կարողացել կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 30-ին փոքր որդուս՝ Արթուրի ծննդյան օրն է, հոկտեմբերի 1-ին՝ իմ: Արկադին հետո պատմում էր, որ մտածում էր՝ այդ օրերին իրեն բան չպատահի, որ մայրիկի ու եղբոր ծնունդը հարամ չանի»,- պատմում է մեր զրուցակիցը:
44-օրյա պատերազմի առաջին օրը՝ ընդամենը երկու ժամվա ընթացքում Խրամորթը տարհանվել է Դահրավ: Համայնքի ղեկավարին հրահանգվել է գյուղն ազատել կանանցից, ծերերից ու երեխաներից: Խրամորթցիները տեղավորվել են Դահրավի դպրոցում, ընթացքում շատերն են տեղափոխվել ՀՀ, բայց Զարինեն գնալու մասին չէր ուզում լսել. ո՞նց թողներ ծառայող որդուն ու գնար:
«Սկզբում հավատում էինք, որ կհաղթենք: Բայց երբ վերջին օրերին նախագահը հայտարարեց, որ բերդաքաղաքից չորս կմ հեռավորության վրա է թշնամին, հասկացա, որ վատ է լինելու: Եթե Շուշի են հասել, մենք ինչպե՞ս ենք հաղթելու: Շատ նվաստացուցիչ պատերազմ էր: Բոլոր պատերազմներն էլ իրենց հետքը թողնում են, բայց սա պատերազմ չէր, մսաղաց էր: Հիմա չկան այդքան ջահելները, չկա հողը և ազատ հայրենիքը»,- մտորումներով կիսվում է Զարինեն:

Արցախից խաղաղ բնակիչներին տեղափոխող վերջին մեքենաներով է նա նոյեմբերի 6-ին Արցախից գնացել. «Շուշին փակ էր, Քարվաճառով ենք գնացել: Ես մինչև այնտեղ լացելով եմ հասել. միայն որդուս մասին էի մտածում: Հեռանալիս ինձ թվացել է, թե մեր վերջին գնալն է»:
Պատերազմից հետո խրամորթցիները, հավաքելով իրենց կամքի ուժը, նորից հավաքվեցին գյուղում՝ փորձելով շարունակել առօրյա կյանքը: Բայց այս տարվա տարհանումից հետո շատերը վախենում են գյուղում մնալ. ադրբեջանցիների դիրքը հենց գյուղի վերևն է, բարձրադիր կետում: «Կրտսեր որդիս այս տարի դպրոց պիտի գնա, հիմա մտածում եմ՝ որտե՞ղ է հաճախելու: Ես ուզում եմ գյուղը նորից առօրյա կյանքին վերադառնա, ապահովեն մեր անվտանգությունը և բոլոր երեխաներն էլ հաճախեն մեր գյուղի դպրոցը: Եթե դպրոցը չգործի, գյուղն էլ չի լինի»,- ասում է գյուղի բուժկետի վարիչը:
Նա երազում է, որ մի նոր Մոնթե հայտնվի, որպեսզի մեր պետականությունը չկորչի, մենք չթուրքանանք: «Ես երբեք չեմ պատկերացնում թուրքի հետ միասին ապրելը. նրանք մեր դարավոր թշնամին են: Ես նախընտրում եմ գնալ մի հեռու երկիր, որտեղ լեզու չգիտեմ, որտեղ ես իրավազուրկ կարգավիճակում կլինեմ, բայց թուրքի լծի տակ չապրել: Ինքը չի թողնելու, որ ապրես, կամաց-կամաց մաղելու է, հետո տիրանա: Ենթադրենք հարևանդ թուրք է, դու ինչպե՞ս կարող ես հանգիստ քնել: Թուրքն արնախում, հայի արյան ծարավ ազգ է: Նույնիսկ ՌԴ-ում չեմ պատկերացնում թուրք հարևանի հետ ապրելը: Ռուսն էլ իր շահն է հետապնդում: Ավելի լավ է՝ շատ վատ ապրենք, բայց անկախ լինենք»,- կարծում է Զարինեն:
Նրա խոսքով՝ կանանցից էլ մեծ բան է կախված. տղամարդկանց մոտ լինել, հույս տալ, ուժ տալ նրանց. «Պիտի տոկուն, ուժեղ լինենք, հայրենասիրական ոգով դաստիարակենք մեր երեխաներին. առանց հայրենիքի դու ամեն տեղ էլ օտար ես լինելու»:
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Հավատանք, որ 1990-ականներին մեկուկես տարի գերության մեջ մնացած Խրամորթը մոտ ապագայում նորից ազատ շնչելու, իր սովորական առօրյայով ապրելու հնարավորություն կստանա, որտեղ կարող են ապագայի ծրագրեր կազմել իրենց գյուղը սիրող ու պաշտպանող խրամորթցիները:
Տաթևիկ Աղաջանյան