Պետք է պայքարենք մեր յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր տան համար
Քարքարոտ ճանապարհներով մեքենան սլանում է անտառի լանջին ծվարած, օրվա կապիտուլյանտ իշխանությունների գրչի հարվածով սահմանամերձ դարձած Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղ:
Գյուղում տղամարդկանց շատ քիչ ենք հանդիպում. պատճառը մեկն է՝ բերքահավաքի աշխատանքներ են ընթանում, դաշտերում են, իսկ մի մասն էլ հայրենի հողի սահմաններն են պաշտպանում:
Գյուղը հայտնի է իր հերոսական անցյալով: Սարդարապատում հերոսացած Փիրումյան եղբայրները հենց այս գյուղից էին: Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին, որի ընթացքում զոհվել է 106 նախիջևանիկցի։ Գյուղացիներն իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Արցախյան առաջին պատերազմին: 1988-1989 թվականներին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական կամավորական ջոկատ, որը 1992 թվականին Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի և Արցախի այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։
1992 հունիսի 12-ին գյուղը գրավվել է ազերիների կողմից և ազատագրվել 1992 թվականի սեպտեմբերի 4-ին։ Գյուղի վաշտի հրամանատարն էր Արամ Շուրայի Սարուխանյանը, ով արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի (2002 թիվ)։ Գյուղում հանդիպում ենք Արամի տղային՝ Արեն Սարուխանյանին, ով ծնվել և մեծացել է այս գյուղում և իր բոլոր արմատներով կառչած է հայրենի գյուղին: Երիտասարդ ուսուցիչն այսօր, չնայած առկա բոլոր դժվարություններին ու խնդիրներին, շարունակում է ապրել գյուղում և իր ունեցած գիտելիքներով կրթել երեխաներին, նրանց մոտեցնել իրենց արմատներին:
Արենի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաներից, սակայն նախ՝ Արենի մասին:
Արեն Սարուխանյանը ծնվել է 1986թ. Նախիջևանիկ գյուղում: Ավարտել է նույն գյուղի դպրոցն ու ընդունվել ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը, որն ավարտել է 2010-ին: 2005-2007թթ. ժամկետային ծառայության է անցել ՊԲ շարքերում: 2014-ին ավարտել է պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:
Ամուսնացել է 2016-ին և ունի 2 որդի: 2010-ից առ այսօր պատմության ուսուցիչ է աշխատում հայրենի գյուղում, նաև ավագանու անդամ է: Արենը 2008-ից անդամակցում է նաև ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը, 2019-2020թթ. եղել է Ասկերանի շրջանի «Բերդ» կոմիտեի անդամ:
—Արեն, ինչպիսի՞նն է գյուղի կյանքը՝ գյուղում ապրող երիտասարդի աչքերով:
-Պատերազմից հետո որոշ չափով, իհարկե, անորոշություն է տիրում, բայց ժողովուրդն իր առօրյա հոգսերով է, երիտասարդներն իրենց աշխատանքին են լծված: Թեև անորոշ իրավիճակին, առաջընթաց կա և աստիճանաբար վերականգնվում է գյուղի նախապատերազմյան իրավիճակը՝ չնայած անվտանգության հետ կապված որոշ խնդիրներին: Կյանքը շարունակվում է, և հուսով ենք, որ տարեցտարի ավելի լավ է լինելու:
Գյուղում ընթանում են շինարարական աշխատանքներ. գյուղի կենտրոնում կառուցվում է ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն, գյուղի սկզբնամասում՝ բնակելի թաղամաս: Այս տարիների ընթացքում նոր այգիներ են տնկվել, երիտասարդներն իրոք աշխատում են, և ողջունելի է, որ հուսալքություն՝ այդքան չկա: Ընդամենը մեկ ընտանիք է լքել գյուղը, մնացածներն ապրում են ու պատրաստ են մինչև վերջ ապրել ու արարել Արցախ աշխարհում:
Գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծվել է «Արմաթ» լաբորատորիա, և աշակերտներն արդեն կարողանում են իրենց գիտելիքներն ի ցույց դնել այդ ոլորտում:
Պետությունը, որոշ բարերարներ փորձում են խթանել գյուղատնտեսության զարգացումը: Բոլոր ցանկացողներին հատկացվել են մրգատու ծառատեսակներ, յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել են ընտանի կենդանիներ:
—Ո՞րն է գյուղում ապրող երիտասարդի հիմնական զբաղմունքը
Վերջին տարիներին հիմնական զբաղմունքն այգեգործությունն է: Անասնապահությունն անկում է ապրել՝ կապված սահմաններում առկա անվտանգության խնդիրների և արոտավայրերի պակասության հետ: Շինարարական աշխատանքներ են ընթանում, և երիտասարդներն ընդգրկված են այդ ոլորտում ևս: Հիմնական զբաղմունքը մնում է այգեգործությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունը:
Աշխատատեղերից զատ՝ գյուղում պետք է ժամանցի վայրեր ևս լինեն երիտասարդների և երեխաների համար: Վերջերս վերանորոգվել է երեխաների խաղահրապարակը: Չունենք մանկապարտեզ, սակայն երևի մոտակա տարիներին այդ խնդիրը լուծվի: Մեծ հույսեր ունենք ճանապարհի ասֆալտապատման հետ կապված:
—Ասում են, որ երիտասարդները գյուղում մնալով՝ չեն կարողանում զարգանալ, առաջընթաց ունենալ և նոր հաջողությունների հասնել: Արդյո՞ք ունեցել եք կամ ունեք քաղաքում հաստատվելու մտադրություն:
-Իհարկե, համաձայն չեմ այս տեսակետի հետ: Մեր գյուղից քաղաք տեղափոխվելու համար յուրաքանչյուրն ունեցել է իր պատճառները. մեկը երեխայի առողջական խնդիրներով պայմանավորված է տեղափոխվել մայրաքաղաք, մյուսն աշխատանքի հետ կապված: Սա միգրացիա է, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց լավ է, որ նրանք իրենց հայրենիքը չեն լքում, շարունակում են ապրել Արցախ աշխարհում:
Ես միշտ իմ ընկերներին ասում եմ, որ եթե հնարավորություն լինի ավելի մեծ ասպարեզներում աշխատելու, առաջընթաց ապահովելու համար, թող բոլորն էլ առանց ամաչելու այդ քայլը կատարեն, որովհետև դա ամբողջ համայնքի, ամբողջ ժողովրդի ձեռքբերումը կդառնա: Ովքեր էլ որ աշխատանքի բերումով լքել են գյուղը, շարունակում են կապ պահպանել գյուղի հետ:
—Պատերազմի արդյունքում ձեր գյուղը ևս առանց կրակոցի դարձավ սահմանամերձ: Ի՞նչ զգացողություն եք ունենում ամեն առավոտ արթնանալով՝ ձեր դիմաց թշնամիներ տեսնելիս:
-Իրոք, անընդունելի և շատ անտանելի իրավիճակ է, սակայն առայժմ համակերպվում ենք այդ իրավիճակի հետ, չնայած առկա բարդություններին. ժամանակի խնդիր է: Ունենք հողատարածքներ, որ արդեն 3-րդ տարին է չենք մշակում անվտանգային խնդիրներից ելնելով:
Վերջերս իմացանք նաև Աղավնոյի, Բերձորի մասին, որ նախկին ԼՂԻՄ-ից դուրս տարածքները պետք է տրվեն Ադրբեջանին: Սա սխալ մոտեցում է, քանի որ ԼՂԻՄ-ն էլ մեկ մարդու՝ Ստալինի կամայականությամբ գծված սահմաններ են եղել, և դա մեզ համար իրավական հիմք չպետք է ծառայի: Պետք է պայքարենք մեր յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր տան համար:
—Ինչպե՞ս սկսվեց 2020թ. սեպտեմբերի 27-ը Ձեզ համար:
-Իհարկե, լսում էինք, որ զորավարժություններ են ընթանում, նախապատրաստական աշխատանքներ են կատարվում թշնամու կողմից, բայց կարծես թե չէինք ուզում հավատալ, որ պատերազմ կսկսվի:
Սեպտեմբերի 27-ի առավոտն ինձ համար սկսվեց արկերի պայթյունով: Մեր բակից նույնպես լսվում էր պայթյունի ձայները, և այդ ժամանակ արդեն հավատացինք, որ իրոք պատերազմ է: Սկսվեց գյուղացիների տարհանումը. 2 օր զբաղվեցինք այդ հարցերով, և հոկտեմբերի 1-ին ես զորակոչվեցի տանկային բրիգադ ու մասնակցեցի պատերազմին: Կարելի էր ավելի կազմակերպված ու համարձակ որոշումներ ընդունել, բայց այդ կտրվածքով նույնպես թերացումներ եղան ու անկազմակերպվածության պատճառով հենց առաջին օրերին մեծ կորսուստներ ունեցանք. պետք է անպայման դրանից դասեր քաղել:
—Պատմության ուուցիչ լինելով՝ դուք ծանոթ եք անցյալում մեր ունեցած պարտության պատճառներին և նախադրյալներին: Արդյո՞ք այս պարտությունը նման էր մյուս պարտություններին, թե՞ տարբերվում էր իր առանձնահատկություններով:
-Չբացահայտված հանգամանքներ կան, որոնք ժամանակի ընթացքում հայտնի կդառնան, բայց այն, որ պատերազմին մեր ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ չէր, դա ակնհայտ էր: 2020թ. ընտրությունները, քաղաքական իրավիճակը ցույց էր տալիս, որ ժողովուրդն արհեստականորեն բաժանված է տարբեր կուսակցությունների, հոսանքների, և այդ անկազմակերպվածությունն իր վատ հետևանքները թողեց:
Մյուս կողմից, պատերազմի օրերին չկար հստակություն, թե յուրաքանչյուր ոք, թեկուզ գյուղում, ինչով պետք է զբաղվի: Հատկապես սահմանամերձ գյուղերում դա շատ կարևոր էր, բացի դրանից պահեստազորն իր աշխատանքները շատ ուշ է սկսել կատարել ու շատ թերացումներով, անկազմակերպ, որն իր հետևանքներն ունեցավ, և մենք չկարողացանք, ինչպես որ հարկն է, կանգնել մեր բանակի, մեր զինվորի կողքին: Մյուս մեր կրած պարտություններին նման է այն առումով, որ քաղաքական միաբանություն չկար. Չարենցի խոսքերն իրոք այժմէական են, և դրանից պետք է մեծ դասեր քաղեն մեր ղեկավարներն ու քաղաքական գործիչները:
—Մեկ բառով՝ քաղաքակա՞ն, թե՞ ռազմական պարտություն կհամարեք:
-Երևի քաղաքական, որովհետև յուրաքանչյուր որոշում արդեն իսկ քաղաքական որոշում է: Եթե ճիշտ քաղաքականություն վարվեր՝ սկսած 1994 թվականից, և մենք ունենայինք ժամանակակից զենք ու զինամթերք, ժամանակակից մոբիլ զորքեր, հատուկ վարժեցված փոքր ջոկատներ, ամեն ինչ այլ ընթացք կունենար: Հույսը դնել 18-20 տարեկան զինվորի վրա՝ ճիշտ չէ: Պետք է ունենալ մարտունակ, կրթված բանակ, և ավելի հեշտ կլինի մեր հայրենիքը պաշտպանելը:
—Որպես պատմության ուսուցիչ՝ նկատո՞ւմ եք արդյոք աշակերտների մոտ հետաքրքրություն պատմության և հատկապես հայոց պատմության հանդեպ:
-Կրթության ոլորտը միանշանակ տուժել է այս 2 տարիների ընթացքում՝ կապված քովիդի և պատերազմի հետ: Պատերազմից հետո աշակերտները որոշ չափով հիասթափված են, բայց կարծում եմ՝ դա ժամանակավոր է: Աշակերտներն արդեն գիտակցում են, որ պետք է բոլոր ուղղություններով զարգացած լինեն: Վերջին տարիներին ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում ֆիզիկամաթեմատիկական առարկաների նկատմամբ:
Ամեն դեպքում, աշակերտները հայրենասիրությամբ են լցված, նվիրված են իրենց հողին, ընտանիքին, իսկ նրանց հիասթափություն էլ առկա անորոշությամբ է պայմանավորված:
Հայոց պատմության նկատմամբ՝ չէի ասի, որ հետաքրքրությունը շատ մեծ է. յուրացնում են այնքան, որքան իրենց հետաքրքիր է: Չեն ուզում մանրամասների մեջ խորանալ, չեն ուզում ամեն ինչ հիշել, իմանալ. ժամանակակից տեխնոլոգիական դարում իրենց ավելի ինքնավստահ են զգում գուգլի հետ միասին: Սակայն գիտելիքն ամենահզոր զենքն է, և մեր ուսուցիչները միշտ նրանց հորդորում են լավ սովորել:
—Ասում են, որ վերջին պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ պատմությունից դասեր չքաղելն է, պատմության չիմացությունն ու ազգային ինքնագիտակցությունից հեռացումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:
-Համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև 2020-ից ընդամենը 4 տարի առաջ եղել է քառօրյա պատերազմը և մեր սերունդը ցույց է տվել, որ պատրաստ է կանգնել ու զոհվել հանուն իր հայրենիքի մի թիզ հողի: Հիմնականում անօդաչուների առկայությունն էր, որ խոչընդոտեց մեր հաղթանակին, բայց մեր զինվորները, մեր սպաները հերոսաբար են իրենց դրսևորել, հատկապես՝ մեր ժամկետայինները, և այդպիսի զինվորներով միայն հպարտանալ կարելի է: Թերություններ ամեն բանակում կարող են լինել, սակայն կան թերություններ, որ աններելի են. դրանք չպետք է լինեին: Յուրաքանչյուր ոք պետք է իր բաժին պատասխանատվությունը կրի այդ պարտության համար:
—Դու նաև դաշնակցական ես: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր անցնել կուսակցության շարքերը: Ի՞նչ է նշանակում, ըստ քեզ, դաշնակցական լինել:
-Ես Դաշնակցության մասին փոքր տարիքից եմ լսել, կարելի է ասել՝ դաստիարակվել եմ մեր փառապանծ ֆիդայիների մասին երգերով, պատմություններով: Իմ հայրը նույնպես հայրենասեր է, և այդպիսի պատմություններով իմ ուշադրությունը սևեռեց դեպի հայրենիքը, հայրենասիրությունը:
Ուսանող դառնալուց հետո ես համոզվել եմ, որ վաղուց դաշնակցական եմ, իսկ կուսակցության շարքեր անցնելն արդեն ժամանակի հարց էր: Այսպիսի խոսք կա, որ յուրաքանչյուր հայ որոշ չափով դաշնակցական է, թեկուզ և չեն խոստովանում դա: Դաշնակցական լինել՝ նշանակում է լինել հայրենիքի զինվոր՝ նվիրված հողին ու ժողովրդին, և պատրաստ լինել կռվով պաշտպանել հայրենիքն ու ժողովրդին:
—Դաշնակցությունը միշտ էլ շրջադարձային դերակատարություն է ունեցել հայոց պատմության մեջ: Այսօր ստեղծված ծանր կացության պայմաններում, երբ մեր ժողովուրդը կանգած է պետականության կորստի, Արցախի կորստի առջև, ո՞րն է Ձեր կարծիքով Դաշնակցության առաքելությունն ու դերը:
-Թե Դաշնակցության, թե մեր ղեկավարների առաջնային խնդիրը պետք է լինի պաշտպանության և կրթության ոլորտում արմատական փոփոխություն կատարելը: Պետք է կրթությունը լինի նպատակային, հայրենասիրական ուղղությամբ, որպեսզի իրոք դաստիարակվեն իրենց հայրենիքին, հողին նվիրված սերունդներ, որոնք լավ կրթված կլինեն և հոգեբանորեն պատրաստ պաշտպանելու հայրենիքը:
—Նժդեհն ասել է, որ ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է: Այս առումով՝ հատկապես կարևորվում է ուսուցիչների դերը: Ի՞նչ եք անում դուք, որպեսզի աշակերտների միջից հանեք պարտվածի հոգեբանությունը և կարողանաք նրանց մեջ կրկին արթնացնել կորցրածը ետ բերելու հույսն ու պատրաստակամությունը:
-Հիմնականում ուշադրություն պետք է դարձնել զրույցի մեթոդով մեր աշակերտների մոտ հայրենասիրության մակարդակը բարձրացնելուն, մեր հերոսների, զորավարների, մարշալների և ֆիդայիների անձնուրացության և քաջագործությունների մասին պատմություններով, բացատրել, որ պարտությունը վերջակետ չէ մեր ժողովրդի համար:
Մեր ժողովուրդը դարերի և հազարամյակների ընթացքում ապացուցել է, որ ապրելու ու արարելու կամք ունի: Ըստ իս, մեր սերունդը նույնպես այդպիսինն է և ի վիճակի է կրել իր ուսերին դրված պարտականությունները: Ճիշտ դաստիարակության ու աշխատանքի արդյունքում մենք կերաշխավորենք այդպիսի արդյունք:
Հայրենասիրության մակարդակը բարձրացնելու համար պետք է նաև մշակութային հիմնարկների թիվը մեծացել:
—Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան:
-Հավատում եմ, որ արցախահայությունն անպայման ունենալու է այս հողում ապրելու իրավունք. մենք պարտավոր ենք այս սահմաններում ապրել ու զարգանալ, բազմանալ, պատրաստ լինել ապագա մարտահրավերներին: Սա անվիճելլի է: Մեզնից գրավված տարածքների բնակչության մեծամասնությունն էլ ցույց է տվել իր նվիրվածությունն Արցախ աշխարհին՝ վերադառնալով և կրկին ապրելով Արցախում: Պետք է ուշադրություն դարձնենք սահմանների պաշտպանության ամրապնդմանն ու հնարավորություն ստեղծենք ժողովրդի համար, որպեսզի ապրեն, արարեն ու շենացնեն այս մի բուռ հողը:
—Մեր ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ է Սումգայիթի, Բաքվի և Օղակ օպերացիայի հիշողությունները: Այսօր մենք ևս կարծես օղակի մեջ ենք, սակայն մեր ժողովուրդը շարունակում է անտեսելով այս բոլոր վտանգները, ապրել այստեղ: Ո՞րն է մեր ժողովրդի այդ վճռակամության հիմքը:
-Հայրենասիրությունը: Ժողովրդի՝ իրենց հողին, իրենց ծննդավայրին նվիրվածությունը: Ամեն մեկի համար էլ դժվար է հայրենիքը լքելը: Իհարկե, կան մարդիկ, որ հեշտությամբ են լքում, սակայն ցավալի է, որ մեր ժողովրդի մի մասը ստիպված եղավ Արցախից հեռու ապրել: Սա արցախահայության, մեր ժողովրդի ապրելու, արարելու հազարամյակների իղձն է՝ ապրել ազատ ու անկախ հայրենիքում: Մենք հասնելու ենք մեր նպատակին ՝ անկախության ճանապարհով դեպի վերամիավորում մայր հայրենիքի հետ: Արցախի՝ Ադրբեջանի կազմում գոյությունը հնարավոր չէ:
Վահագն Խաչատրյան