Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան

Նրանք, ովքեր հայրենիքը սիրում են այն ճանաչելով, սիրում են առանց ավելորդ խոսքերի, ամենօրյա հայրենանվեր ու հայրենաշեն աշխատանքով, պատրաստ են հանուն այդ սիրո նաև զոհաբերելու ամենաթանկը՝ կյանքը։ Նման մարդկանց համար հայրենիքը գերագույն արժեք է, վեր ամենքից և ամեն ինչից։ Նրանք ազգի ընտրյալ զավակներն են՝ ի վերուստ իրենց համար կանխորոշված ճակատագրով։  Եվ եթե նրանց կատարած աշխատանքի մասին խոսվում է անգամ իրենց մահվանից հետո, ուրեմն արդարացված է ծնունդը, ավելին՝ մահն անգամ։ Այդ մահն անմահություն անունն ունի, և սերունդների համար հայրենապաշտության իրական ու ճշմարիտ, երբեք չմոռացվող դաս է։

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը ծնվել է 1985թ.  դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Բալաշով քաղաքում: Նրա ծննդյան 34-րդ ամյակին մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ Սարատովի մարզի Բալաշով քաղաքում վաղ լուսաբացին ծնվեց լույս ճառագող մի մանկիկ: Բուժքույրերն ապշեցին նրա ճերմակ ու մաքրամաքուր մաշկից ու հարցրին նոր խաղաղված հայուհուն.

– Անունն ի՞նչ եք դնելու:

– Մենուա,- մի կերպ շշնջաց խոնջած մայրը:

– Մենուա՞, իսկ ինչպե՞ս է թարգմանվում:

– Չի թարգմանվում, դա հայոց հզորագույն արքաներից մեկի անունն է:

Քույրերը ծիծաղեցին ու փոքրիկին պարզեցին մորը.

– Հիմա ամեն ինչ պարզ է, մամչկա, Դուք իրոք արքա եք ծնել, նայեք՝ նրա վրա հետծննդյան որևէ հետք չկա, բացի երկրորդ մաշկից, մենք ասում ենք «в рубаաке радился…», երջանիկ որդի եք ունենալու….»:

Մենուան Հայաստան  վերադառնալուն պես, բարձր առաջադիմությամբ հանձնելով քննությունները, անմիջապես ընդունվում է 4-րդ դասարան:

Դպրոցում շատ էր սիրում աստղագիտություն և աշխարհագրություն առարկաները, ինչպես նաև պատմության հետ առընչվող առարկաները:

Դպրոցն ավարտելուն պես պետք է ընդունվեր հեռուստառեժիսուրա բաժին, սակայն մտքափոխվում է և տեղափոխվում ՌԴ-ում սովորելու: Որոշել էր իրավաբանական կրթություն ստանալ, սակայն 2 տարի անց վերադառնում է հայրենիք և ստանձնում  «Հայ ասպետ» հեռուստանախագծի համակարգող- տնօրենի պաշտոնը:

Աշխատանքին զուգահեռ` Մենուա Հովհաննիսյանը հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը:

2016թ.  ապրիլին կամավորագրվելով հայրենիքի պաշտպանությանը՝ մեկնել է Արցախ՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից սանձազերծված Քառօրյա պատերազմին: Արցախում ծառայելով շուրջ մեկ ամիս, վերադառնում է Երևան հաստատակամ որոշմամբ՝ պետք է հետախույզ դառնա:

Ըստ Կարին Տոնոյանի ՝ Մենուան երազում էր մեծ ու գեղեցիկ տուն ունենալ, սեփական այգիով, որ երեկոյան մոր ու զավակների հետ հող մշակի: Երազանքի հետքերով քայլելով՝ 2013թ. դեկտեմբերի  16-ին Մենուան ամուսնանում է Թամարա Կոստանդյանի հետ: 

«Մենուան ինձ փախցրել է՝ առանց ճանաչելու, առանց շփվելու։ Ընդամենը 2 անգամ է ինձ աշխատավայրում տեսել, հավանել է, ընկերների հետ եկել ու փախ ցրել, անմիջապես մայրիկի տուն է տարել: Մայրն էլ եկավ, ինձ տեսավ ու ասաց՝ դե որ բերել է՝ բերել է, էլ չենք տանում: Հետագայում, երբ հարցնում էի՝ բայց ինչի՞ փա խցրեցիր, ասում էր՝ բա թոռներիս պատմելու բան չուն ենա՞մ… Ինքն իմ լավագույն ընկերն էր, մենք ընկերներ էինք», — Aysor.am-ի հետ զրույցում ասել էր Թամարան:

Նրանք 2 երեխա են ունեցել։ Առաջնեկի անունը Սարդուր է, իսկ աղջկա անունը՝ Արինա:

Մենուան ու իր կինը զավակների մեջ հայրենասիրություն են սերմանել դեռ շատ փոքր հասակից: Նրանք թեև փոքր, սակայն սպասում են հոր վերադարձին: 

«Շատ թուրք կա, բոլորին պապան պիտի հաղթի, նոր վերադառնա», — այսպես են  զավակներին բացատրել հոր բացակայությունը:

«Ու երբ արդեն ինքն էր որդի ունենում, որոշեց, որ Սարդուր է անվանակոչելու՝ չնայած շատ-շատերի զարմանքին ու առարկությանը: Զինվորական գործին նվիրվելուց հետո երբեմն ծիծաղելով ասում էր. «եթե ես էլ չկարողանամ, Սարդուրս Արցախի սահմանները կհասցնի Քուռին, չէ՞ որ Արցախ-Էթուինին Արարատյան հայկական թագավորությանն է միացրել Սարդուր Բ-ն՝ որդուս նախանվանակիրը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մայրը:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ երկինքը կրկին փոթորկվել էր: Թշնամին կրկին ներխուժել էր Արցախ, հողը տնքում էր արկերի անդադար տեղատարափից: Հայրենի երկրի դարպասներն անառիկ պահելու համար շատ շատերի հետ Արցախ է մեկնում նաև Մենուա Հովհաննիսյանը:

«Պատերազմ է սկսվել, Մենուան գնում է, տուն եկեք»՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին Մենուայի մայրիկից՝ Կարին Տոնոյանից զանգ ստացավ կինը՝ Թամարան, ով այդ պահին երեխաների հետ հայրական տանն էր։ 

«Երբ մայրիկը զանգեց, անմիջապես շտապեցի տուն», — պատմել է Թամարա Կոստանդյանը:

Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանը  Երկրապահ կամավորների միություն ընդգրկվելուն պես 6 ամիս կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել:

2020 թվականի սեպտեմբերի 28-ին Քեռու ջոկատի կազմում, որպես 3-րդ դասակի հրամանատար, մեկնել է Արցախ։ 

Թամարա Կոստանդյանը նշել է, որ մեկնելուց առաջ ամուսնուն հարց էր ուղղել, թե հնարավո՞ր է, որ իրենք չմեկնեն, ինչին ի պատասխան՝ Մենուան ասել էր.

«Չի կարող նման բան լինել, մենք պետք է գնանք։

Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։ 

Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի հետ 1 ժամյա քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտի ժամանակ զոհվել է նաև  33-ամյա Մենուան։

Հայրենիքին անձնվիրաբար նվիրվելով, Մենուան զոհվեց հանուն հայրենյաց սիրո, այն գիտակցումով, որ հետնահանջի իրավունք չունեն։ Քաջի մահով ընկնելով, Մենուան ևս միացավ անմահների երամին և իր կատարած սխրանքին համապատասխան արժանացավ Արցախի հերոսի կոչման՝ ստանալով Ոսկե Արծիվ շքանշան։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 2020թ․ հոկտեմբերի 21-ին Մենուա Հովհաննիսյանն արժանանում է Արցախի հերոսի կոչման։

«Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…

Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…

Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:

Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:

Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին», — այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառել էր Արցախի նախագահը:

Ավելի ուշ Կարին Տոնոյանը հրապարակավ դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով կես ճանապարհին չկանգնել, բանակցությունները վարել հաղթողի դիրքերից, այն անվանելով որդեկորույս մայրերի միակ պահանջ։

«Բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք հաղթելու ենք»,- հայտարարել էր նա։

Ավաղ, պատերազմում չհաղթեցինք, շատ մայրեր այդպես էլ չգտան իրենց որդիներին, իսկ բանակցություններում էլ վարչապետն ամենևին էլ հաղթողի դիրքերից չէր բանակցում, սակայն սա չի նշանակում, որ Մենուայի և նրա զինակից ընկերների պայքարը կիսատ կթողնեն գալիք սերունդները, որովհետև Մենուան վստահ էր, որ մի օր իր Սարդուրը և մյուսները ավարտին կհասցնեն իրենց հայրերի սրբազան պայքարը։

Վահագն Խաչատրյան

1