Ամերիկյան հետախուզության պետի այցն իշխանությունը փորձում էր կոծկել․ Գեղամ Մանուկյան

Ընդդիմությունը խելոք որեւէ տեղ չի լինի: Ընդդիմությունն իր առաքելությունն ունի, իր խնդիրներն ունի, իր ստացած մանդատն ունի եւ ըստ այդ մանդատի էլ շարժվում է։ Եթե չափից դուրս երիտասարդ տարիքում պատգամավոր դարձածները կարծում են, թե իրենք պատմության ուսուցիչ են կամ դասղեկ, սխալվում են․ նրանց չկայացվածության հետեւանքով է այդպիսի տպավորություն․ այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության շենքի մոտ «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, որպեսզի նրանք «խելոք վերադառնան խորհրդարան»:
«Խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողություն է, որն օրակարգ չի կարող լինել: Այլ հարց, որ Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ գործունեություն ծավալելը մեր պարտականությունն է: Ես մի դրվագ ասեմ․ անցնող շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանի հետ այցելել ենք Սյունիք, Ներքին Հանդ, որտեղ թշնամին առաջխաղացում էր ունեցել, այցելել ենք Տավուշի մարզ, անվտանգության առումով որոշ մտահոգիչ տարրեր կան, որոնք չեմ բացահայտի, սակայն պատգամավորական հարցապնդումներ եմ անելու ե՛ւ ՊՆ, ե՛ւ ՏԿԵ նախարարություն, ե՛ւ այլ գերատեսչություններ»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցին Հայաստան՝ պատգամավորն ասաց, որ դա աննախադեպ է Հայաստանի համար, մինչդեռ այս իշխանությունը փորձում էր կոծկել՝ մինչեւ տեղեկատվական արտահոսք եղավ, արդեն սա խոսուն փաստ է՝ հաշվի առնելով նաև այն, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի՝ Հայաստան այցի մասին նախապես ազդարարվել էր:
«Սա արտառոց է: Եվս մեկ արտառոց դրված կա՝ ամերիկացի պաշտոնյան հանդիպել էր ԱԽ քարտուղարի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կոլեգայի՝ ԱԱԾ տնօրենի հետ առանձին հանդիպում չէր եղել: Ես զերծ կմնամ քաղաքագիտական տարբեր վերլուծություններից՝ ամենացնորամիտներից, թե իբր ամերիկացի պաշտոնյայի այցով փրկվեցին Հայաստանը, Սյունիքը եւ այլն»,- ասաց պատգամավորը։
yerkir.am