«Ես եմ, ես կամ» պատկերագրքի շնորհանդես
Գլխավոր » Լրահոս » «Ես եմ, ես կամ» պատկերագրքի շնորհանդես

«Ես եմ, ես կամ» պատկերագրքի շնորհանդես

Հուլիսի 12-ին ՀՅԴ Գյումրիի «Շիրակ Շիրվանյան» կենտրոնում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից հրատարակված «Ես եմ, ես կամ» պատկերագրքի շնորհանդեսը։

Պատկերագիրքը ներկայացնում է Արցախյան 44 -օրյա պատերազմում զոհված 25 հերոս գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործությունները։

Միջոցառման բացման խոսքում Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը նշեց, որ պատկերագրքի առաջին շնորհանդեսը կայացել էր ս.թ. հունիսի 7-ին Երևանում։ Ռ. Առաքելյանը շեշտեց. «Նման միջոցառումներն առիթ են նորից հիշելու ստեղծագործող մեր տղաներին, ովքեր իրենց ապրած կարճ կյանքի ընթացքում թողեցին արվեստի մնայուն արժեքներ։ Նրանց թողածը նաև պատգամ է ապրողներիս համար՝ շարունակելու նրանց կիսատ թողած գործը թե՛ արվեստում, թե՛ կռվի դաշտում։ Նշեմ նաեւ, որ մինչև պատկերագրքի կազմելը Համազգայինի Երևանի գրասենյակը նաև նախաձեռնել էր 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների գրական ստեղծագործությունների ժողովածուի տպագրությունը»։

Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, խոսելով կրթության ու մշակույթի ազգապահպան դերակատարության մասին, հիշեց Համազգայինի հիմնադիրներին, ովքեր համոզված էին, որ Հայրենիքից հեռու հայ մնալու միակ գրավականը հայ մշակույթի պահպանումն է։ «Մեր հերոս տղաներն այսօր նույնն են պատգամում։ Նրանց զոհողությունը Հայրենիքը սիրելու ամենամեծ դասն է»,- նշեց Զ. Քեշիշյանը։

Համազգայինի կենտրոնական վարչության անդամ, «Դրոշակ»-ի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը եւ միջոցառման ընթացքում բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին օրվա խորհուրդը, այն է՝ հայրենասիրությունը դարձնել հոգեբանություն և ամենօրյա տքնաջան աշխատանք։ Սա պիտի լինի յուրաքանչյուրիս ապրելու բանաձևը։

Hamazkayin Central
Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ

1