«Ձոն քաջ Վազգենին». երգ՝ լեյտենանտ Վազգեն Միխայելյանի հիշատակին
Գլխավոր » Լրահոս » «Ձոն քաջ Վազգենին». երգ՝ լեյտենանտ Վազգեն Միխայելյանի հիշատակին

«Ձոն քաջ Վազգենին». երգ՝ լեյտենանտ Վազգեն Միխայելյանի հիշատակին

Լեյտենանտ Վազգեն Լևոնի Միխայելյանը ծնվել է 1998թ. Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում:

Իվանյանի անվան վարժարանն ավարտելուց հետո ընդունվել և սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Ծառայում էր Ներքին Հոռաթաղի զորամասում: Պատերազմի առաջին հարվածը Վազգենն իր ջոկատի հետ է ընդունում և հենց առաջին օրն էլ մարտիրոսվում՝ միանալով անմահների գնդին:

Վազգեն Միխայելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, իսկ բանաստեղծուհի Մարինե Մանուկյանն ու երգիչ Վանիկ խաչատրյանը նրա հիշատակին նվիրեցին «Ձոն քաջ Վազգենին» երգը:

«Վազգենն արցախյան երրորդ պատերազմում զոհված իմ չորս ընկերներից առաջինն է։ Լսելով պատերազմի լուրը՝ դողացող մատներով ու զսպանակված հոգով փորձում էի կապ հաստատել զինծառայող բոլոր ընկերներիս հետ, որ գեթ մեկ լուր իմանամ նրանց մասին։ Հա՛, գիտեմ՝ ընթերցողս հիմա կասի՝ «Վայ, չէր կարելի, ախր հեռախոսազանգը նման պահերի ու ընդհանրապես, զինվորականների համար վտանգավոր է և այլն․․»։ Գիտեմ, բայց նույն ընթերցողս ինքն էլ լավ գիտի, որ նման պահերին ակամայից տագնապում է հոգիդ, և կորցնում ես որոշակիորեն սառնասիրտ ու զգոն դատելու ունակությունդ։ Ու ես զանգեցի Վազգենին։ Առաջին զանգս մնաց անպատասխան, մի փոքր ժամանակ անց չեմ հիշում՝ ինչքան էր անցել, երևի մեկ կամ երկու ժամ, էլի փորձեցի, այս անգամ պատասխանեց։ Դեռ այդ աղմկոտ սուլոցն ու նրա ձայնն ականջներումս են։ Ու չեմ կարծում, որ երբևէ կմոռանամ։ Ինչ-որ ահազդու սուլոց էր լսվում, ու հաջորդեց նրա գոռալու նմանվող ձայնը՝ «Ես քեզ հետո կզանգե՜մ․․․»։ Ու դեռ սպասում եմ:

Ես շատ «խելառ ընկերասեր» լինելով՝ վիշտս խորն եմ տանում: Այս երևույթը տեսնելով ու զգալով՝ իմ մտերիմ ընկերներից ՎանԽաչը, նույն ինքը՝ Վանիկ Խաչատրյանը, ցավս սփոփելու և հերոսներիս ապրեցնելու համար իմ բանաստեղծությունները հերթով-հերթով դարձրեց երգեր։ Նախ ծնվեց «Մոնթեաբերդցի քաջին» երգը, որը նվիրված է ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, կապիտան, արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած և «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արթուր Գրիգորիի Աղասյանին: Ապա ծնվեց «Ձոն քաջ Վազգենին» երգը։ Փառք ու խոնարհում մեր հերոսիներն,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Մ. Մանուկյանը։։

«Վազգենի սխրանքը մեծ է ու հայրենասիրական։ Նրա արածն ամեն մի հայի տեսակի պարտքն է, որ իր հողը պահելու համար թեկուզ սեփական կյանքը զոհի։ Ինձ համար պատիվ է նրա մասին երգ կատարելը, որ նրա սխրանքի մասին մեր սերունդներն իմանան: Բառերի հեղինակի՝ ՄաՏիՆայի, նույն ինքը՝ Մարինե Մանուկյանի հետ աշխատելը բացարձակ դժվար չէ ու չի կարող լինել։ Նրա հեղինակային արդեն երկրորդ երգն է, որ մենք աշխատում ենք միասին, ու ամեն ինչ հարթ է ընթանում, քանի որ մենք կես բառից միշտ հասկացել ու հասկանում ենք իրար։ Ի դեպ, ասեմ, որ սա ինձ համար շատ պարտավորեցնող է, նաև պատիվ հայ ազգի նվիրյալ Մարինեի բանաստեղծական տողերը կյանքի կոչել երգի տեսքով։ Մենք ամեն ինչ անում ենք ու կանենք, որ Մարինեի, իմ ու մյուս բոլորի ջանքերով գրված բառերն ու տողերը երգի վերածվեն, և հերոսներս հավերժ ապրեն։ Իմ ու Մարինեի առաջին երգը՝ «Մոնթեաբերդցի քաջին» երգը, որ նվիրված է կապիտան Արթուր Աղասյանին, Մարինեի մտքերն էին, հոգու ճիչը՝ ուղղված իր մտերիմ ընկերոջը, ում հետ նա շատ էր կապված։ Ես, տեսնելով նրա անհուն ու կարծես սպեղանի չունեցող վիշտը, որոշեցի նրա արցունքները սրբել այս տարբերակով՝ երգ դարձնելով նրա բանաստեղծական տողերը, քանզի դա ապրեցնում էր Մարինեին։ Ես ինքս, պատերազմի մասնակից լինելով, պատերազմից հետո մեկնել էի Ռուսաստան՝ այդ օրերի մղձավանջը թոթափելու։ Եվ հենց երգը կյանքի կոչելու նպատակով շատ արագ վերադարձա Հայաստան։ Ու փառք Աստծո, ստացվեց, որն էլ, ի դեպ՝ շուտով, տեսահոլովակի տեսքով կարժանացնենք ձեր դատին:

Իսկ երկրորդ երգը՝ «Ձոն քաջ Վազգենին» երգը, նույնպես բանաստեղծություն էր, որ նորից Մարինեի սրտի ու մտքի խոսքն էր իր հերոս ընկերոջը։ Ես մտածեցի, որ առավել գեղեցիկ կլինի, եթե այն լինի երգ: Չէ, ոչ ոք էլ չի որոշել, ոչ ոք էլ չի առաջարկել, կարծես այդպես էլ պիտի լինի՝ Մարինեն պիտի գրի, ես պիտի երգեմ։ Առաջ ենք գնում իրար հասկացած, երբ նա գրում է, ես գիտեմ, որ դա պիտի կյանքի կոչեմ ես ու սիրով անցնում եմ գործի։ Չեմ ասում հեշտ էր կարդալ, ապա մնալ աներեր ու երգ դարձնել առանց հուզվելու։ Երբ կարդացել եմ երկու երգերի բառերն էլ, սկզբում ցավ եմ ապրել, հետո՝ հպարտություն, որ հայ եմ, ու նման հերոսներ ունենք։ Այս երգի մեջ և՛ ցավ կա, և՛ ոգեշնչում։ Ու քանի որ իմ երգացանկում հիմնականում տխուր երգեր են, այս մեկը մեր գործիքավորողի հետ փորձեցի դարձնել ավելի ռիթմիկ, ավելի ազգայինին մոտ։ Նախորդ երգը նույնպես ռիթմիկ, ավելի շատ զինվորական քայլերգին նմանվող երգ է։ Այդպես արեցի, որ էլ սուգ չանենք, որ այլ հերոսների ծնողները, լսելով այս երգերը, հպարտանան, որ նման որդիներ են ունեցել և գլուխները միշտ բարձր քայլեն։ Սրանով ես իմ ոճը փոխել եմ, որ անգամ սգավոր մայրերը դադարեն լացելուց ու ապրեցնեն իրենց հերոս զավակներին։ Չեմ ուզում անընդհատ լացենք ու սգանք։ Խոնարհվելով հերսածին մայրերի առջև՝ ուզում եմ՝ այնպես ապրեն, որ իրենց որդիները երկնքում չտխրեն։ Որպես երգիչ՝ շատ դժվար է ծնողի առջև կանգնել, նայել նրա թաց, արցունքներից կարմրած աչքերին ու երգել, շատ ծանր զգացում է ինձ համար:

Երգերը կատարելով՝ նախ իմ հոգու առաջ ես հանգստանում եմ։ Պատերազմական թեժ օրերի ականատեսն ու վկան լինելու և տեսնելով առյուծ եղբայրներիս ու արծվասիրտ շատ տղաների կորուստներ՝ իմ պարտքն եմ համարում իմ երգերով ապրեցնել նրանց, որ սերնդեսերունդ հիշվեն։ Այդպիսով ես իմ տուրքն եմ մատուցում մեր անմահներին:

Հայ ազգին ես մաղթում եմ, որ այլևս չլինեն պատերազմներ, հայ մոր աչքերից երբեք արցունք չհոսի որդու կորստի պատճառով, այս ցավոտ ու դաժան օրերը ոչ մի հայ չտեսնի, իսկ եթե պիտի ծնողը լացի, միայն լացի ուրախության արցունքներով՝ որդու հաղթական ու հաղթանակած վերադարձի ուրախությունից»,-ասել է Վ. Խաչատրյանը։

«Այո՛, ապրենք, որ ապրեցնենք, փառք ու խոնարհում մեր հերոսներին»,-զրույցն ամփոփեց Մարինեն։

1