Ալավերդու քաղաքային թատրոնի «Ծապան» ներկայացումը Ստեփանակերտում
Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Ալավերդու քաղաքային թատրոնի «Ծապան» ներկայացումը:
Բեմադրության, նկարչական եւ երաժշտական ձեւավորումների հեղինակը Հրաչյա Պապինյանն է, իսկ ներկայացումը հիմնված է Պատրիկ Արտեմիի համանուն ստեղծագործության վրա:
Ալավերդու քաղաքային թատրոնը Ստեփանակերտում է «Վալեքս» խմբի ընկերությունների կողմից իրականացվող «Լոռի-Արցախ» ծրագրի շրջանակում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը, ողջունելով թատերասերներին, նշել է, որ ինքը տխուր և ցավակցական խոսքեր չպետք է ասի, որովհետև այն կորուստները, որ այսօր ունենք, հավերժ չեն, որովհետև ապագայում մեր կորցրածը ետ պիտի բերենք:
Ներկայացումը 2֊րդ աշխարհամարտի և դրան հաջորդած գաղթի մասին է, որն իր հետևանքներն է թողել 44֊օրյա պատերազմի ելքի վրա։
Ներկայացման գլխավոր հերոսը՝ Արամը, որ 2-րդ աշխարհամարտի ընթացքում հաղթանակով հասնում է Բեռլին և վերադառնում տուն, որոշ ժամանակ անց իր հրամանատարի դավադիր սպանության կասկածանքի պատրվակով աքսորվում է Սիբիր:
Մինչ այդ նրա կինը միայնակ մեծացնում է զավակներին, իսկ աքսորից ամուսնու վերադարձից հետո Լոռվա քարքարոտ ձորերում երկուսով միասին, մեծ դժվարությամբ ծապան են կառուցում, որը բարձունքի լանջերին բնական կամ արհեստական աստիճանաձև բարձրացող հարթություն է, ինչի վրա ծառեր են տնկում, այգի գցում կամ բանջարեղեն աճեցնում:
Սակայն նրանց 4 զավակները մեծանալով լքում են հայրենիքը և հաստատվում աշխարհի տարբեր երկրներում: Կնոջ մահից հետո փոքր զավակը փորձում է հորը տեղափոխել Ավստրալիա՝ իրենց հետ ապրելու, սակայն այնտեղ երկար չդիմանալով՝ գլխավոր հերոսը վերադառնում է հայրենի Լոռվա ձորեր, որտեղ միայնակ էր թողել կնոջ գերեզմանը, իր ձեռքերով կառուցած ծապանը:
Նա, կնոջ գերեզմանին այցելելով, սրտի մեծ ցավով է պատմում կնոջը, որ իրենց թոռները հայերեն չգիտեն, հայրենիքի տեղը չգիտեն, իսկ ծոռներն արդեն ընդհանրապես չեն ճանաչելու ո՛չ տատիկ — պապիկին, ո՛չ էլ իրենց արմատները:
Թեև Արամի զրուցակիցը համոզմունք է հայտնում, որ զավակներն անպայման մի օր տուն են դառնալու, սակայն գլխավոր հերոսը զայրանալով ասում է, որ իր 14 ժառանգներից և ոչ մեկը 44-օրյա պատերազմին չեկավ իրենց հողը պաշտպանելու, իրենց հայրենիքը՝ Արցախը, Լոռվա ձորերը պաշտպանելու:
Ներկայացումն ավատվում է հուսադրող վերջաբանով, որտեղ Արամի հարևանի երեխաները, որ մնացել են հայրենի ձորերում, շարունակում են Արամի գործը: Նրանք են հայրենիքը շենացնողն ու պաշտպանողը լինելու, նրանցով է հայրենիքը կանգուն մնում։