Նժդեհյան գաղափարաբանության ոգով դեպի նժդեհյան սրբազան ուխտավայրեր
Գլխավոր » Լրահոս » Նժդեհյան գաղափարաբանության ոգով դեպի նժդեհյան սրբազան ուխտավայրեր

Նժդեհյան գաղափարաբանության ոգով դեպի նժդեհյան սրբազան ուխտավայրեր

Թորգոմազարմ մեր ազգը, որ բազմիցս դժոխքի հատակը տեսել էր երկրի երեսին, այսօր կրկին աղետաբեր ժամանակներ է ապրում: Եվ այսօր, առավել քան երբեւէ, երբ վիրավոր են մեր մարմինն ու հոգին, ազգային Ոգին սնուցող ու դյուցազնացնող հրաշագործներ են պետք:

Անառարկելիորեն այդպիսին է մեր ազգային գաղափարախոսության ջահակիր ու ռազմի բոցաշունչ աստված հիշեցնող հայ մեծագույն այրերից մեկը՝ Գարեգին Նժդեհը. «Ուր էլ եւ երբ էլ մեռնեմ, հավատա՜, իմ ազի՛զ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակներին առաջնորդե…»: 

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր պատմաստեղծ կյանքով հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքին:

1955 թ. Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտի խղճուկ բանտախցերից մեկում քայքայված առողջությամբ մի բանտարկյալ կնքեց իր մահկանացուն: Ինչպես հարյուրավոր հանգուցյալների, նրան էլ առանց որեւէ սգո ծիսակարգի հուղարկավորեցին Վլադիմիրի քաղաքային գերեզմանոցում: Հետո տեղադրեցին մի անշուք ցուցանակ, որի վրա գրված էր. «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի. 1886-1955, N 825»: Այդ մարդը հայ ազգային հերոս, սպարապետ Գարեգին Նժդեհն էր:

1983թ. լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանի մոտ միտք հղացավ Հայաստան տեղափոխելու Նժդեհի աճյունը: Այդ դժվարին առաքելությամբ Վլադիմիր է մեկնում Նժդեհի թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, փնտրում-գտնում գերեզմանը, հետո վերադառնում Երեւան: Մի քանի օր անց դարձյալ մեկնում է այնտեղ, ծանոթանում երկու վստահելի ռուսի հետ ու նրանց օգնությամբ քանդում է շիրիմը: Անցորդները տարակուսանքով նայում էին օրը ցերեկով քաղբանտարկյալի գերեզմանը քանդող մարդկանց, բայց, բարեբախտաբար, ո՛չ հարցուփորձ արեցին, ո՛չ էլ ոստիկանություն կանչեցին: Մեկ առ մեկ գտնելով եւ ուսապարկում թաքցնելով ոսկորները՝ Անանյանը ժամանում է Մոսկվա, իսկ այնտեղից գնացքով՝ Երեւան:

1983-ին հերոսի աճյունն իր հողում էր:

Մի խումբ հայրենասերներ սկսում են հուղարկավորության վայր որոնել, բայց կարծես փակուղու առջեւ են կանգնում: 80-ականների սկիզբը խորհրդային ռեժիմի ամենադաժան տարիներն էին, եւ դժվար չէր կռահել, թե ինչ կաներ ԿԳԲ-ն, եթե իմանար այդ հայրենանվեր ձեռնարկման մասին. մասունքները կոչնչացվեին, իսկ մասնակիցները կձերբակալվեին ու կաքսորվեին: Նույնիսկ ամենահայրենասեր մարդիկ, սարսափելով հաշվեհարդարից, հրաժարվում էին գոնե ժամանակավոր իրենց տոհմական գերեզմանոցներում Նժդեհի մասունքները թաղելուց:

     Դերասան Սոս Սարգսյանը դիմում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ խնդրելով նրա թույլտվությունը՝ սպարապետին սբ. Գայանե եկեղեցու բակում՝ Խենթի գերեզմանի մոտ թաղելու համար: Վեհափառը մեկ օր մտածելուց հետո պատասխանում է, որ Նժդեհը մեծ հերոս է եւ արժանի է Էջմիածնում ամփոփվելու, բայց ժողովուրդը նրա գերեզմանն ուխտատեղի կդարձնի, եւ իշխանությունները կիմանան այդ մասին: Որքան ողբերգական էին «Լեռնահայաստանի արծվի» բանտարկությունն ու մահը, կրկնակի ողբերգական դարձավ նրա սուրբ աճյունի ամփոփման ոդիսականը: Մոտ երկու ամիս արկղի մեջ դրված ոսկորները պահվում են Գուրգեն Արմաղանյանի, ապա Վարագ Առաքելյանի նկուղներում՝ ընտանիքի անդամների աչքից պահածոների տարաներով քողարկված:

     Ի վերջո, որոշվում է մինչեւ հարմար տեղ գտնելը մասունքները պահ տալ Խուստուփ լեռան լանջին: Մի առիթով Նժդեհն ասել էր. «Երբ ինձ սպանված տեսնես՝ դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւա ե՛ւ Կապանը, ե՛ւ Գնդեվազը, ե՛ւ Գողթանը, ե՛ւ Գեղվաձորը…»

1983թ. հոկտեմբերի 7-ին աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ:

Նժդեհյան գաղափարախոսությունը հայրենապաշտ մի խումբ արցախցիներիս հունիսին տարավ դեպի նժդեհյան սրբազան ուխտավայրեր դարձած Խուստուփ, Գլաձորի Ս. Սպիտակավոր վանք:

Ուխտագնացությունների մեկնարկը տրվեց հենց Խուստուփից: Չնայած դժվարամատչելի ճանապարհին՝ լեռը ուխտավորների պակաս չի ունենում:

Մեկ օր Խուստուփի լանջին խարույկի շուրջ նժդեհյան գաղափարախոսության վերաբերյալ հետաքրքիր քննարկումներ անցկացնելուց, ազգային երգեր երգելուց, պարելուց և վրաններում գիշերելուց հետո՝ գիշերվա թանձր խավարում  լապտերներով ճանապարհվեցինք՝ նվաճելու Սյունյաց սրբազան լեռան բարձունքը: Հայրենասիրական երգերը, որոնք իրար հերթ չտալով երգում էինք, միայն ու միայն ավելի էին ոգևորում և առաջ մղում՝ մոռացնել տալով ֆիզիկական հոգնածությունն ու դժվարանցանելի ճանապարհը: 

Անվերջ թվացող ճանապարհից հետո վերջապես հասանք Կոզնի աղբյուրին, որտեղ իրար էին միախառնվել հպարտության, մեղավորության, ամոթի և այլ զգացումներ…. Մենք Նժդեհի մոտ էինք:

Բարձունքն առջևում էր: Եվս մեկ ժամ, և այն կհաղթահարվեր  միասնականության ու կամքի շնորհիվ: 

Վերջապես նվաճված էր անմատչելի թվացող բարձունքը: Երևացող հզոր տեսարանը մի պահ քարացրել էր բոլորիս: Մենք ամպերի վրա էինք ու վայելում էինք հայրենի լեռների անաղարտ օդը: Կարծես վերացել էինք ու կտրվել իրականությունից՝ մոռանալով դեպի բարձունք տանող ճանապահին հայտնված բոլոր դժվարություններն ու խոչընդոտները: 

Խուստուփից վերցրած աներևակայելի զգացողություններն ու տպավորիչ հուշերը դեռ երկար կշարունակեն լինել մեր ուղեկիցը:

«Զանգեզուրի արծվի» «Եթե չգամ, իմացեք, որ չկամ» պատգամը բարեբախտաբար չիրականացավ, որովհետեւ վաղուց Նժդեհն իր տանն է՝ Հայաստանում:

Հիմնական աճյունը ցինկե արկղում մի քանի տարի պահվելուց հետո՝ 1987թ. մայիսին վերոհիշյալ հայրենասերների, ինչպես նաեւ աբովյանցի գեղանկարիչ Ժորա Բարսեղյանի ջանքերով Եղեգնաձորի Սպիտակավոր սբ. Աստվածածին եկեղեցու պատի մոտ հուղարկավորվում է: Խորհրդային տարիներին Նժդեհի հուղարկավորությունն իրոք խենթություն էր: 

Ամեն տարի հունիսի 17-ին ուխտագնացություն է կատարվում դեպի Սպիտակավոր՝ Նժդեհի գերեզմանին: 

Լեռնահայաստանի արծիվը մեր ժողովրդի պաշտամունքն է դարձել: Նա ոչ միայն մեծ ռազմագետ էր, այլեւ հայ փիլիսոփայական մտքի հսկաներից մեկը:

Խուստուփի բարձունքը հաղթահարելուց հետո մեզ սպասում էր Գլաձորի Ս. Սպիտակավոր վանքը: Տեղացիների,  ՀՀ տարբեր մասերից ժամանած ուխտավորների շարքում էին նաև Նժդեհի մասունքներն ամփոփելու գործում անմիջական մասնակցություն ունեցած մարդիկ՝ գեղանկարիչ Ժորա Բարսեղյանը և մաթեմատիկոս Գարեգին Մխիթարյանը: Ժորա Բարսեղյանը ականատեսի աչքերով ներկայացրեց նժդեհյան մասունքների դեգերումները.

«Երբ նշխարները դրված էին գերեզմանում, ես հոգացի, որ ոսկորներից ամեն մեկն իր տեղում լիներ: Առաջինը պրոֆեսորն օրհնանքով հող լցրեց աճյունի վրա, հետո լցրինք մնացած հողը և գերեզմանը հավասարեցրինք շրջապատին: Մեր պատրաստած «Վկայությունը», որ «մագաղաթի» վրա արտագրելուց հետո դրել էի շշի մեջ, որոշեցինք չդնել գերեզմանի մեջ: Մտածում էինք, որ դեռ կարող են գալ և քանդել գերեզմանը: Մոմեր վառեցինք:

— Վերջապես հանգրվանեց իր հայրենիքում։ Կգա Նժդեհի ժամանակը, և այստեղ նույնպես սրբատեղի կդառնա…, — ասաց պրոֆեսորը:

Մագաղաթի վրա գրել էի հետևյալ գրությունը, որ պիտի դրվեր Նժդեհի աճյունի հետ. «ԳԱՐԵԳԻՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՆԺԴԵՀ): Հա՛յ պարմանի, եթե երբևիցե ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայությունը, իմացիր, որ դու գտել ես հայ հերոսաց հերոս Նժդեհի հավետ սրբազան աճյունը: Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սյունյաց բարձր լեռները, և հայ ազգի երկու արյունարբու թշնամիները թաքնվում էին ձորերում ու լեռներում: Ծնկի՛ եկ այս աճյունի առջև, ինչպես այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին հանձնողներն արեցին»: 

Նժդեհի հոգին սավառնում է հայ լեռնաշխարհի վրա, և այդ հոգին գալիք ազատագրական կռվում դարձյալ առաջնորդելու է մեզ:

Նժդեհն իր հայրենիքում արդեն գերեզման ուներ: Դա տարիների ձգտում էր: Արգելքները հաղթահարվել էին:

Տարիներ անց Սուրբ Սպիտակավոր վանքի բակում թաղված մասունքներից նաեւ Կապանում կառուցված Նժդեհյան հուշահամալիրում վերաթաղվեցին՝ հիմք դնելով Նժդեհի 3 սրբազան աճյունավայրերի ուխտագնացություններին:

Հայոց հողը ծարավ էր Նժդեհի «վերադարձին»: Հողը հագեցավ, հողը գրկեց իր արժանավոր զավակին:

Հեղինար Գրիգորյան

1