Ամփոփվեց «Ապրելու ձայնը» գրական-մշակութային շաբաթը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային շաբաթը ամփոփվեց Ստեփանակերտի «Ֆորեսթ Հաբ» -ում՝ գրական մրցանակաբաշխությամբ և սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանի երգերով։

Ելույթներ ունեցան Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօերն Հերմինե Ավագյանը,երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանը, Երևանից Արցախ ժամանած բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը։« Արցախի ապրելու ձայնը պետք է հնչի ոչ միայն Հայրենիքում, այլև Հայրենիքի սահմաններից դուրս, ու այդ ձայնի արձագանքը պետք է լինի այն, որ մեզ գնահատեն մեր գրականությամբ, մեր մշակույթով, մեր արժեքներով։ Ես հավատում եմ, որ « Ապրելու ձայնը» մեկնարկ էր, որը դեռ ճանապարհ է անցնելու, սա կանչ էր, որը դեռ արձագանք է ունենալու։
Սա հետպատերազմյան Արցախում գրված գրական մի նոր ստեղծագործություն էր, որը մրցանակ չի ուզում, որը ուզում է դառնալ ապրելու մասին լավագույն ստեղծագործությունը և թարգմանվել բոլոր լեզուներով․․․»,- իր խոսքում նշեց Հերմինե Ավագյանը՝ շեշտելով, որ Համազգայինը կարողացավ իր շուրջը համախմբել մտավորականներին ու երիտասարդներին, ցույց տալ, որ նպատակի գիտակցումը խոսքը գործի վերածելու կարևոր պայման է։
Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց գրական-մշակութային շաբաթվա համար և կարևորեց Համազգայինի Արցախի գրասենյակի դերը Արցախի գրական-մշակութային կյանքում։ Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը միշտ պատրաստ է համագործակցելու Համազգայինի ծրագրերին։
Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը պատվոգրեր հանձնեց Հերմինե Ավագյանին և Սերգեյ Սաֆարյանին, որ կարողացան հետպատերազմյան Արցախում նման շաբաթ կազմակերպել։ Երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ սիրով ու պատրաստակամությամբ է համագործակցել Համազգայինի Արցախի գրասենյակի հետ և ուրախ է, որ գրասենյակն իր շուրջն է համախմբում Արցախի ստեղծագործող երիտասարդներին։ Նա հույս հայտնեց, որ Համազգայինն այս նախաձեռնությունն ամենամյա կդարձնի, որովհետև հետպատերազմյան Արցախում սա առաջին կարևոր ու հաջողված գրական միջոցառումների շարքն էր։ Հերմինե Ավագյանը ամփոփեց գրական մրցանակաբաշխության արդյունքները և պատվոգրեր ու մրցանակներ հանձնեց հաղթողներին։ Նա նշեց, որ մրցույթի ժյուրին փորձել է ներկայացված գրական գործերում գտնել ժամանակի շունչը, նոր տող, նոր որակ, նոր ասելիք ու այս առումով սպասելիքներն ավելին էին։ Առանձին գրական գործեր արժանացան տարբեր անվանակարգերի ու պատվոգրերի։

Սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանն իր հոգեպարար երգերով ողջունեց գրական մրցույթի հաղթողներին և շեշտեց, որ Արցախի ապրելու ձայնը միշտ և միշտ հնչելու է․․․

