ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հունիսի 30-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Խորհրդարանական երկու՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները դեմ են քվեարկել բյուջեի կատարման հաշվետվությանը, «Արցախի Արդարություն» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, կողմ են քվեարկել «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները: Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Նախքան քվեարկությունը խմբակցությունները ներկայացրել են 2021թ բյուջեի կատարման վերաբերյալ իրենց կարծիքները: Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը.

«Պետական բյուջեի մասին օրենքը և դրա կատարողականներն ամեն տարի քննարկում ենք Ազգային ժողովում, մեր եզրակացությունն ենք ներկայացնում ու նշում ենք, որ որպես թիվ մեկ ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթ՝ պետական բյուջեն արտացոլում է այն մարտավարությունն ու ռազմավարությունը, որը կառավարությունը կիրառում է պետության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, խնդիրները լուծելու առումով: 2021թ. պետական բյուջեն ընդունվել է հետպատերազմյան իրողությունների շրջանակում, և մենք, հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկել էինք չշտապել և թեկուզ մեկ ամիս ուշ ընդունել, բայց հիմնական մարտահրավերները, առաջնահերթությունները ֆիքսել և անցնել առաջ:

Ցավոք սրտի, ինչպես միշտ մեր տեսակետը հաշվի չի առնվել և արագորեն ընդունվել է բյուջեի նախագիծը՝ հետագայում «կարկատաններ», փոփոխություններ, բայց էականը միայն դա չէ: Էականն այն է, որ բազմաթիվ անգամ մենք տարբեր տեղերից, այդ թվում նաև այս ամբիոնից ֆիքսել ենք, որ հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով՝ մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները հիմնականում անվտանգային են: Առաջինն անվտանգության հարցն է, երկրորդը՝ կարգավիճակի հարցը, երրորդը՝ հումանիտար աղետի հասցրած Արցախի Հանրապետության բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, որը նույնպես անվտանգային հարց է: Ցավոք, 2021թ. բյուջեի ընդունումն ու կատարողականը այս հիմնական մարտահրավերների պատասխանը չեն տալիս: Այս «ափալ-թափալ» գործելաոճը պատերազմից մեկ-երկու տարի անց այլևս չի համապատասխանում իրականությանը:

Այսօր նշվեց, որ խստացնելու են վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ, և Արայիկ Հարությունյանն անգամ նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանն է հանձնարարվել վերահսկել: Դրանից հետո իմ գործընկեր Դավիթ Իշխանյանը շեշտեց, որ Արտակ Բեգլարյանը հանդիպել է ոչ միայն ՀՀ արտաքին գործերի նախարարի, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ, այսինքն՝ իր գործառույթներից դուրս արտաքին քաղաքական գործունեությամբ է զբաղվում: Հիմա կարող ենք ասել հումանիտար և այլ հարցերով է հանդիպել, բայց սա է իրականությունը: Մենք ամենամեծ անվտանգային խնդիրը ունենք, և ԱԱԾ-ն իր գործառույթները լիարժեք իրականացնելու փոխարեն զբաղվում է տնտեսական հարցերով: Այն դեպքում, երբ ունենք բազմաթիվ ստուգող, վերահսկող մարմիններ՝ Հաշվեքննիչ պալատ, ֆինանսական վերահսկողություն:

Հաջողում է այն կառավարությունը, որը համակարգային իմաստով կարողանում է խնդիրներ լուծել: Մեր մոտ արդեն պարզ չէ, թե ով ինչով է զբաղվում, մանավանդ նախագահի հրամանը կա, թե ով իրավունք ունի զբաղվելու արտաքին քաղաքականության ոլորտով: Այդ գործառույթն իրականացնում են նախագահի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը:

Մենք միացել ենք քաղաքացիական պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների ավելացման առաջարկին: 2020թ. մեկ մլրդ դրամ էր նախատեսված, համարյա ոչինչ չի արվել, 2021թ. նախատեսվել է երկու մլրդ դրամ, համարյա ոչինչ չի արվել կամ շատ անբավարար է արվել, որի պատասխանատուն ի պաշտոնե  պետնախարարն է: Ամեն մարդ իր գործով չի զբաղվում ու զբաղվելու դեպքում էլ դեռ հարց է՝ կարողանո՞ւմ է հաջողել, թե՞ ոչ: Օրինակները բազմաթիվ են, ես ընդամենը մի քանի օրինակ ներկայացրի: Ես այս օրինակներով ոչ թե անպայման ուզում եմ քննադատական խոսք հնչեցնել, այլ ուզում եմ ներկաների ուշադրությունը հրավիրել ավելի արդյունավետ գործելակերպի վրա:

Պատասխանատվություն, արհեստավարժություն, նպատակայնություն: Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք ունենում է ցանկացած հաջողած կառավարություն: Պետք է ասել, որ այս կառավարությանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում նման բառերից որևէ մեկը չենք կարող վերագրել, ուստի ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2021թ. բյուջեի կատարողականին:

1