«Ապրելու ձայնը» Աշանում և Նորշենում
Գլխավոր » Լրահոս » «Ապրելու ձայնը» Աշանում և Նորշենում

«Ապրելու ձայնը» Աշանում և Նորշենում

Հունիսի 27-ին «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Մարտունու շրջանի Աշան և Նորշեն համայքներում:

Ծրագրի շրջանակում համայնքներ են այցելել Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Տիգրան Ճինպաշյանը, բ.գ դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բ.գ դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանը, գրող, գրականագետ Զարինե Սառաջյանը, բանաստեղծ, գրականագետ Տաթև Սողոմոնյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը, նույն հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանը, գրականագետ Միհրան Հովհաննիսյանը, բ.գ դոկտոր, գրող, բանասեր, գրականագետ Զինաիդա Բալայանը, բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանը, բանաստեղծներ Նորեկ Գասպարյանն ու Վիտալի Պետրոսյանը:

Նորշենում հյուրերին դիմավորեցին դպրոցի «Զարթոնք» մանկապատանեկան խմբի աշակերտները՝ գեղեցիկ և հուզիչ մշակութային ձեռնարկով, իսկ հյուրերն էլ ձեռնունայն չէին այցելել դպրոց. «Արմավ» հրատարակչության նվիրատվությամբ դպրոցի գրադարանը համալրվեց նոր և ժամանակակից գրողների գրքերով:

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը ողջունեց դպրոցականներին և ներկաներին, շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման համար՝ նշելով, որ սա համազգայինի առաջին միջոցառումը չէ Նորշենում:

Ելույթ ունեցավ նաև «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը, ով նույնպես ողջունեց ներկաներին և նշեց, որ մեր ձայնը պետք է լսելի լինի առանց խոսափողի.

«Մեր ձայնը, որպեսզի անիմաստ չլինի, պետք է բովանդակալից լինի, ինչի կապակցությամբ «Արմավ» հրատարակչությունը Նորշենի դպրոցին է նվիրում նոր գրքեր: Գրքերի մեծ մասը արցախցի գրողների գրքերն են՝ Վիտալի Պետրոսյանի, Հերմինե Ավագյանի, Նորեկ գասպարյանի, Վարդան Հակոբյանի»,-ասել է Ա. Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ դպրոցից է սկսվում մեր հզորությունը, իսկ հզորանալու ճանապարհն այսօր գրականությունն է:

Ա. Ավանեսյանը ընդգծեց հատկապես այն փաստը, որ սահմանային լարված իրավիճակներում դժվարանում է հատկապես ուսուցիչների գործը, բայց աշակերտների հզոր աչքերը, որ նա է տեսնում, իրեն հավատով են լցնում.

«Հավատում եմ այն գալիքին, որին որ հավատում էր Չարենցը: Չարենցը չսխալվեց, հավատաց այդ գալիքին, և եռագույնը ծածանվեց Արցախ աշխարհում ու դեռ ծածանվում է: Այսօր մի քիչ բզկտված, մի քիչ խոցված, բայց կանգուն, իր ապրելու իրավունքին տեր Արցախ աշխարհը՝ հայոց աշխարհի փոքրիկ դրախտային հատվածը, պետք է հզոր լինի, այլ տարբերակ չկա»,-նշել է Ա. Ավանեսյանը:

Գրականագետ Միհրան Հովհաննիսյանն էլ իր խոսքում մեջբերեց Մոնթե Մելքոնյանի «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը» խոսքերը՝ նշելով, որ մեր հայրենիքը թեև բզկտված է ու ծնկած, բայց մենք ծնկել ենք մեր պատիվը վերցնելու համար.

«Եվ մենք կվերցնենք այդ պատիվը, որովհետև եթե չկա Արցախ՝ Հայաստանը չունի պատիվ»,-ասել է Միհրան Հովհաննիսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց թշնամու նշանառության տակ ապրող արցախցիներին՝ հավելելով, որ այստեղ ապրողներն են պահում և ապրեցնում Մայր Հայաստանը, Սփյուռքը և ընդհանրապես հային:

Նորշենի միջոցառումից հետո մասնակիցները ժամանեցին Աշան, որտեղ մասնակցեցին հացաթխման արարողությանը, համտեսեցին անուշաբույր թոնրի հաց:

Հյուրերը այցելեցին նաև բանահավաք Լևոն Հարությունյանի տուն, ծանոթացան նրա բացառիկ գրադարանին: Նրա տիկնոջ՝ վաստակաշատ մանկավարժ Էմմա Բալայանի ներկայությամբ գրականագետ Տաթև Սողոմոնյանը ներկաներին պատմեց Լևոն Հարությունյանի գործունեության և իր հետ ունեցած հիշողությունների մասին:

Հյուրերի վերջին կանգառը Աշանի Անիթա Հովսեփյանի անվան միջնակարգ դպրոցն էր, որտեղ հյուրերին ևս աշակերտները դիմավորել են գեղեցիկ գեղարվեստական ձեռնարկով, բեմական ներկայացումներով: Պարային և երաժշտական կատարումներով հանդես են եկել Համազգայինի «Մունք» պարի խմբի Աշանի սաները: Դպրոցականներն արտասանեցին նաև Արցախի գրողների ստեղծագործություններից։

Ելույթով հանդես է եկել դպրոցի ուսուցչուհի Մանուշակ Շինդյանը: Նա իր խոսքում նշեց, որ «Ապրելու ձայնը» խորագրով արժևորվում է մեր գրական, մշակութային ժառանգությունը, բոլորին ոգևորում և համախմբում է նույն գաղափարի շուրջ՝ ապրել Արցախում, շենացնել սրբացած հողի յուրաքանչյուր թիզը, հնչեցնել դպրոցների և եկեղեցիների զանգերն ու հավատալ վաղվա օրվան:

Հերմինե Ավագյանը ներկայացրեց «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային ձեռնարկի էությունը և հիմնական ասելիքը.

«Նախաձեռնությունը կոչվել է Ապրելու ձայնը, որովհետև այս նախաձեռնության շեշտադրումն այն է, որ Արցախում անկախ մեր առջև ծառացած բազում մարտահրավերներից, անկախ այն հանգամանքից, որ շատ անդառնալի կորուստներ ենք ունեցել, այս փոքրիկ հողակտորը շարունակում է շնչել, շարունակում է ապրել, և այստեղ ապրող հայ մարդը մի երազանք ունի՝ իր սեփական հողի վրա ազատ ապրել, արարել, ստեղծագործել», — ասել է Հ. Ավագյանը:

Նրա խոսքով՝ այս միջոցառումների շարքով ուզում են շեշտել նաև, որ պատերազմը միայն սահմանին չէ, այլ սահմանից այս կողմ ևս՝ մեր մշակույթի, կրթության, գիտության, մեր ազգային ինքնության ու արժեքների պահպանման ոլորտում, և այդ ասպարեզներում հաղթանակները պակաս կարևոր չեն սահմանին ունեցած հաղթանակներից:

Զարինե Սառաջյանը ևս իր խոսքն ասաց՝ նշելով, որ ապրելու ձայնն այսօր չէ, որ մեկնարկում է.

«Պատերազմից հետո հենց Հերմինեն ձեռնամուխ եղավ արցախցուն ապրեցնելու և իր շուրջը համախմբեց բոլոր-բոլոր մտավորականներին. սա եզակի երևույթ է»,-ասել է նա:

Դպրոցի տնօրեն Մխիթար Շինդյանն էլ նշեց, որ համազգայինի ծրագրերով տարիներ շարունակ դպրոցում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն Աշանում, այլև տարբեր գյուղերում:

Նա շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին՝ շեշտելով, որ երեխաններն ավելի մոտիկից առիթ ունեցան ծանոթանալու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գրողների ստեղծագործություններին:

Ելույթներով հանդես եկան նաև Սոկրատ Խանյանը, Սերգեյ Սաֆարյանը ու Արմեն Ավանեսյանը:

Նկատելի էր գյուղերի բնակիչների և աշակերտների ոգևորությունը, որովհետև պատերազմից հետո նմանատիպ միջոցառումներ հազվադեպ են կազմակերպվում:

1