Ես գիտեմ, որ սատանայի դեմ քաղաքակիրթ ձեւով պայքարելն անիմաստ է
Գլխավոր » Լրահոս » Ես գիտեմ, որ սատանայի դեմ քաղաքակիրթ ձեւով պայքարելն անիմաստ է

Ես գիտեմ, որ սատանայի դեմ քաղաքակիրթ ձեւով պայքարելն անիմաստ է

«Հայաստանում մի պլոճիկով տղամարդ չկա՞, որ սրա հարցերը լուծի, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ բան, ինձ ոչ մեկը չի հետաքրքրում, սրա հարցերը դեռ 2020 թվականին պետք է լուծեին»,- վրդովված ասում է Արցախի հերոս Ժաննա Գալստյանը: Նրա պնդմամբ` քաղաքակիրթ ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնելն անհնար է. ֆանտաստիկայի ժանրից է:

— Տիկի՛ն Ժաննա, Ձեր կարծիքով` որտե՞ղ սխալվեց ընդդիմությունը:

— Ես անգամ չեմ ուզում խոսել այդ մասին: Իմ տեսակետը լրիվ ուրիշ է, չեմ կարծում, որ իրատեսական էր Նիկոլ Փաշինյանի դեմ իր իսկ մեթոդներով պայքարելը, բայց դե ի՞նչ արած: Պայքարողները դա չհասկացան: Նիկոլի հարցը պետք է դեռ 2020 թվականին լուծեին: Բանը չպետք է սրան հասներ: Դուք տեսնում եք, չէ՞, որ ակտիվ չեմ, ոչ մի ակցիայի չեմ մասնակցում, չեմ խոսում:

— Ինչի՞ց եք հիասթափված:

— Ոչ մի բանից էլ հիասթափված չեմ, պարզապես ես գիտեմ, որ սատանայի դեմ քաղաքակիրթ ձեւով պայքարն անիմաստ է ու անարդյունք: Դա իմ կարծիքն է, իսկ եթե մարդիկ ցանկանում են այդպես պայքարել, ես ի՞նչ կարող եմ ասել՝ թող պայքարեն:

— Գուցե նոր արտահերթ ընտրությունների՞ գնան:

— Չեմ կարծում, չէ` պետք չէ: Էդ ո՞ր իշխանության դեմ կարողացան ընտրություններով պայքարել: Իշխանությունն ունի բոլոր լծակները: Եկեք հաշվենք, թե քանի ուժային է պայքարում սրա համար: Համակիրներին էլ մի կողմ եմ դնում…. երկիրս ինչ օրը գցեց, իմ դրախտավայր երկիրը…

— Արցախում ինչպիսի՞ տրամադրություն է հիմա: Մարդիկ հիասթափվա՞ծ են Հայաստանի ընդդիմությունից:

— Արցախցին միշտ հույս ունի, որ մի բան կստացվի: Մարդիկ հասկանում են, որ քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում որոշումներ կայացնողը, ոչ մի լավ բան չի կարող տեղի ունենալ, սակայն մարդիկ հույսով ապրում են:

— Հայաստանում անգամ սպանություններ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար…

— Ես այդ ամենին ոչ մի գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ երեկ լսեցի, թե ինչպես էր սպանվածի հորեղբայրը Նիկոլ Փաշինյանին գովերգում: Ասում էր, թե Նիկոլին է ընտրել, պայքարել է նրա՝ իշխանության գալու համար եւ շարունակելու է պայքարել: Էլ ի՞նչ ասես այդ մարդկանց: Սա մեծ ողբերգություն է: Մարդուն անգամ իր հարազատի սպանությունը չի սթափեցրել:

—  Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը, դադարեցրեց համագործակցությունը ՀՀԿ-ի հետ: Առհասարակ, չե՞ք կարծում, որ ընդդիմությունը պառակտված է, ու նաեւ դա է պարտության պատճառը:

— Ինձ ընդդիմությունը չի հետաքրքրում, ինձ հետաքրքիր է, թե էս երկրում կա՞ մի պլոճիկով տղամարդ, որ իմանա իր անելիքը դավաճանի հետ: Մնացածը լրիվ սուտ է:

— Չկա՞ այդ պլոճիկով տղամարդը, թե՞ կա, պարզապես չի ցանկանում պայքարել:

— Պլոճիկով տղեն ոչ մեկից չպետք է վախենա: Հենց տարբերությունը դա է: Ես նայում եմ, թե այսօր ինչ է կատարվում, ու սարսափում եմ: Երեւի տարիներ են պետք, որ հայ ժողովրդի մեջ տղամարդկությունն արթնանա: Մարդիկ հանցագործություն են կատարել, երկիրը սատկած շան նման թշնամուն են հանձնել, հիմա նրանց ուզում են քաղաքակիրթ ձեւով հեռացնել…

— Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում զորամասեր է կառուցում…

— Դե թող Հայաստանից շարունակեն քաղաքակիրթ պայքարի կոչեր անելը, մյուս կողմից էլ թող էդ կոչեր անողներին հանդուրժեն: Էս ի՞նչ բան է, սրանք մտածում են՝ Եվրոպայի կենտրոնում են ապրում, էս ի՞նչ սուտ արժեքների ետեւից են գնում: Տղամարդկությունը լրիվ վերացել է… եթե մարտի ես գնում, ուրեմն պետք է պատրաստ լինես զոհվելու: Եթե դրան պատրաստ չեն մարդիկ, ոչ մի բան չի ստացվի:

hraparak.am
 

1