Ադրբեջանի կազմում մեզ համար չեն կարող ազատություններ ու իրավունքներ լինել
Մենք ունենք մեր օրակարգը, որի մասին միշտ բարձրաձայնում ենք և որևէ բան չենք թաքցնում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով հունիսի 16-ին Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի արած այն հայտարարությունը, որ Արցախի իշխանությունները կիսում են Արցախի հարցով իրենց տեսակետը:
«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական կարծիքը հետևյալն է՝ մենք ուզում ենք, որ համապարփակ կարգավորվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, ձգտում ենք, որ խաղաղություն լինի, բայց մեզ համար եղել է, կա և կմնա այն փաստը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ որևէ կարգավիճակով»,- նշել է Դ. Բաբայանը:
Անդրադառնալով Վ. Խաչատուրյանի այն կարծիքին, որ Արցախի ժողովրդի անվտանգությունից ու իրավունքներից պետք է բխեցնել կարգավիճակի հարցը՝ ԱՀ ԱԳ ղեկավարն ասել է, որ կարգավիճակը փոխկապակցված է անվտանգության, իրավունքների հետ և հակառակը, բայց Ադրբեջանի կազմում Արցախի ո՛չ իրավունքները, ո՛չ ազատությունները չեն կարող ապահովվել որևէ ձևով:
«Ես միշտ այս օրինակը բերել եմ, մեկ անգամ ևս կրկնեմ. համակենտրոնացման ճամբարներում խեղճուկրակ բանտարկյալները նույնպես ունեին իրավունքներ և ազատություններ: Իրավունք ունեին քնելու, ազատ էին երազներ տեսնելում, եթե կարողանում էին քնել: Դա ի՞նչ իրավունք է, ի՞նչ հնարավորություն է: Ադրբեջանի կազմում մեզ համար որևէ հեռանկար չկա: Ադրբեջանի կազմում մեզ համար չեն կարող լինել ազատություններ ու իրավունքներ: Սա է մեր մոտեցումը, և ես կարծում եմ՝ սա իրատեսական մոտեցում է»,- նշել է Դավիթ Բաբայանը: