Ամփոփվել են «Արցախը ես եմ» խորագրով լուսանկարչական մրցույթի արդյունքները
Գլխավոր » Լրահոս » Ամփոփվել են «Արցախը ես եմ» խորագրով լուսանկարչական մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Արցախը ես եմ» խորագրով լուսանկարչական մրցույթի արդյունքները

Հունիսի 11-ին Ստեփանակերտի «Մարաշլեան» ֆոտոատելիեում ամփոփվել են «Մարաշլեան» ֆոտոատելիեի և «Փախստականների միավորում հանուն արդարության» կազմակերպության կողմից սկսնակ լուսանկարիչների համար նախաձեռնված «Արցախը ես եմ» խորագրով մրցույթի արդյունքները։

Նախաձեռնողների կողմից 5 հաղթողներ արժանացել են տարբեր մրցանակների։

Միջոցառումը մեկնարկեց «Մարաշլեան» ֆոտոատելիեի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանի խոսքով։ Նա ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպված միջոցառման համար․

«Շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ գտնվել Արցախում և իրականացնել երազանքներիցս փոքր մի հատված։

Անցյալ տարի՝ պատերազմից հետո, որոշեցինք, որ պետք է Ստեփանակերտում ունենանք լուսանկարչական տուն՝ «Մարաշլեան» ֆոտոատելիե, որտեղ որ պետք է հանրահռչակենք ազգային հագուստը՝ Արցախի տարազը և, իհարկե վերածնունդ հայկական ընտանիքի հասկացությանը, ինչպես նաև մտածեցինք իրականացնել կրթական ծրագրեր։

Սա մեր առաջին ծրագիրն է Սնեժանայի հետ միասին․ շնորհակալ եմ նրա աջակցության համար, շնորհակալ եմ ընկեր Դավիթ Իշխանյանին, որ սատար է մեզ, որ մեր մեջքը ամուր է պահում։ Շնորհակալ եմ այսօրվա կազմակերպված միջոցառման համար»,-ասել է Է․ Մարաշլյանը։

Նա իր խոսքում նշեց, որ գտնվում է իր սիրելի վայրերից մեկում՝ Արցախում, և որ Արցախն իր ուժն է, իսկ Հայաստանը՝ հոգին։

«Այս 2-ն անփոփոխ են և իմ ապրելու իմաստն են, որովհետև այս ամենի մեջ կա մեծ սեր, մեծ զգացմունք, հիացմունք, և ես ուրախ եմ, որ այսօրվա մրցույթը Արցախում ապրող երիտասարդների համար է։ Մենք փորձում ենք տեսնել, գնահատել նրանց թաքնված տաղանդիկները, որպեսզի կարողանանք նրանց ուժ տալ ու նրանց հետ միասին կերտել այս ամենը։

Խորագիրն այսպիսինն է՝ «Արցախը ես եմ» և ամեն անգամ երբ ես բացում եմ յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր երիտասարդի կողմից զգացվում էր սերը դեպի Արցախը։ Ես շնորհակալ եմ ձեզանից ՝ 54 մասնակից, որ չլսված բան է, սակայն հասկանալի է այն փաստը, որ այսօր ամենքս Արցախ ենք»,-նշել է Է․ Մարաշլյանը։

Նա հավելեց, որ թեև հաղթողները 5-ն են, սակայն հաղթել բառը իր խոսքի մեջ արդիական չէ, քանի որ իր կարծիքով բոլորն էլ հաղթող են։

«Բոլոր մասնակիցներն էլ հաղթող են․ սերը, ցանկությունը, աշխատասիրությունը, պատերազմից հետո պատրաստակամությունը արարելու, ստեղծագործելու և լինելու Արցախում, դա ինքնին հաղթանակ է։

Ես միշտ ասում եմ․ «Եկեք լինենք ոչ թե Արցախում, այլ Արցախի կողքին»»,-եզրափակել է Է․ Մարաշլյանը։

Միջոցառման ընթացքում ստեղծագործական կատարումներով հանդես են եկել Ասկերանի Արվեստի դպրոցի, Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Չլդրանի դպրոցի աշակերտները, ինչպես նաև Ասկերանի մշակույթի տան երաժիշտներն ու երգիչներիը։

1