Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված գրքի շնորհանդեսն Արցախում

Հունիսի 11-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում Արցախի ընթերցողներին է ներկայացվել Լիլիթ Հարությունյանի «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գիրքը:
Գիրք գրելու առաջարկը հեղինակը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հորից՝ Ալեքսանդր Աբաջյանից: «Ռոբերտի, իր ընկերների սխրանքի մասին գրելիս ոչ մի երանգ ավելացնել պետք չէ. իրենց դա դուր չէր գա»,- Արցախի հերոսի հոր հորդորն էր Լիլիթին: Մոտ երեք տարվա աշխատանքից հետո 2021թ. նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտի ծննդյան օրը, Երևանում տեղի ունեցավ շնորհանդեսը: Դրանից հետո Լիլիթն ամեն օր մտածել է գիրքն Արցախ բերելու մասին:
«Այս գիրքը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին է, բայց գրքում էլի անուններ կկարդաք: Այս տղաներն իրենց արտաքին ու բնավորության տարբերություններով այնքան նման են: Բոլորի գիտակցական ընտրությունը հայրենիքն է: Վերջերս ինձ մոտեցավ 44-օրյա պատերազմի տղաներից մեկի հայրն ու ասաց, որ իր տղային գաղափարապես մկրտել է Ռոբերտ Աբաջյանը: Նա մեր նորագույն ժամանակների հերոսի կերպար է»,- նշում է Լ. Հարությունյանը:

Գրքի շնորհանդեսին ելույթի խոսքով հանդես են եկել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, գրող, հրապարակախոս Միքայել Հաջյանը:
«Որքան էլ տարօրինակ հնչի՝ այս գիրքը Ռոբերտի մասին չէ, մեր՝ ապրողների մասին է, մեր խոցված լինելու մասին է: Ռոբերտի կյանքին ու սխրանքին մենք ոչ մի բան չենք ավելացնելու, ոչ էլ որևէ բան կկարողանանք գողանալ իրենից ու մյուս տղաներից: Սա մեզ համար պետք է լինի ուղեցույց, առաջնորդող, սովորական ընթերցանություն չպիտի լինի, բոլորս այնտեղ մեզ պետք է տեսնենք: Այս նաև նրանց մասին է, ովքեր ասում են, որ կյանքը շարունակվում է: Կյանքը չի շարունակվում, եթե շարունակվում է, բա ո՞ւր է Ռոբերտը, ո՞ւր են մյուս տղաները, մեր հայրենիքը, մեր ինքնությունը: Կյանքը շարունակողը դու չես, դու իշխանություն, որևէ տիրապետություն չունես այդ կյանքի վրա: Կարևոր է կյանքի որակը: Սողունն էլ է ապրում, առյուծն ու արծիվն էլ են ապրում: Մենք պետք է ընտրենք՝ որ կյանքն ենք ուզում ունենալ»,- նշել է Բագրատ սրբազանը:

Արցախյան ապրիլյան և վերջին պատերազմում զոհված երկու եղբայրների հայր Միքայել Հաջյանն իր խոսքում առաջարկեց քննարկել Արցախյան պատերազմների հերոսների, նահատակների սրբադասման հարցը, քանի որ նրանք բոլորը սրբեր են:

«Մինչև զինվորագրվելը Ռոբերտը սովորական երիտասարդ էր, ծառայության ժամանակ էլ սովորական ծառայող էր, բայց երբ վտանգն էր կախվել հայրենիքի գլխին, նրա մեջ հրդեհ է բռնկվել, որը նրան մղել է թշնամու դեմ պայքարի: Խաղաղ պայմաններում մենք մեր զավակներին այդպես չէինք ճանաչում, գիտեինք, գնահատում էինք, կշտամբում էինք, բայց չգիտեինք, թե ովքեր են նրանք»,- նշել է Մ. Հաջյանը:
Գրքի հեղինակի խոսքով՝ Ռոբերտի ու իր մարտական ընկերների պայքարը 2020թ. պատերազմից հետո առավել կարևորվեց: Հայրենիքը չսակարկելու, չզիջելու, խաղաղություն չմուրալու սկզբունքայնությունն այս անփառունակ օրերին ամենակարևորն է:

