«Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հերթական ծրագիրն Արցախում
ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամն Արցախում հերթական ծրագիրն է իրագործում: Հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՅԴ Արցախի կառույցի հետ համադրաբար Արցախի Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի շարք գյուղերի բնակիչներ հավի ճտեր են ստանալու:
«Արցախ ֆոնդի» Արցախի մասնաճյուղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ընդհանուր առմամբ երեք շրջաններում 10500 հատ հավի ճուտ են բաժանելու: «Ծրագրից արդեն օգտվել են Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Ննգի, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր գուղերի բնակիչները, առաջիկա օրերին էլ կհասցնենք Մարտակերտի շրջան: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացնում ենք 25 հատ 1 ամսական հավի ճտեր»,- ասել է Տրդատ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամի այս ծրագրով գյուղացիները եկամտի հավելյալ աղբյուր կունենան, և հետագայում հավաբուծությամբ զբաղվելու հնարավորություն կստանան նաև այն ընտանիքները, որոնք դեռևս չեն զբաղվում: