30 տարի առաջ այս օրը ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը

Արցախի Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Վլադիկ Հակոբյանի որդին՝ պատմական գիտություների թեկնածու Տարոն Հակոբյանը, տեղեկացնում է, որ 30 տարի առաջ այս օրը` 1992 թ. հունիսի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի որոշմամբ ընդունվեց մեր պետականության խորհրդանիշներից մեկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
ԱՀ դրոշի հեղինակը սփյուռքահայ նկարիչ Վահե Ֆատտալն է: Ինչպես ժամանակին ասել է նախկին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը` «Դրոշի նախագիծը հավանության է արժանացել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից» («Երկիր» 03.06.1992 թ.):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:
Տեսանյութի հեղինակ՝ Բենիկ Ղարախանյան։