Մենք պետք է որոշենք մեր ճակատագիը. Հանրահավաք Ասկերանում

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում կազմակերպվել է հանրահավաք: Հավաքին ներկա էին ԱՀ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ասկերանցիներ: Նրանք Հայոց պետականության վերականգնման օրը հավաքվել էին՝ վերահաստատելու, որ արցախցու կամքն անփոփոխ է, և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, շնորհավորելով մայիսյան հաղթանակների առթիվ, նշել է, որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագիր կունենար հայ ժողովուրդը, եթե Հայաստանն այդ ժամանակ չհռչակեր իր պետական անկախությունը: «Հենց հայոց պետականության անկասելի ուժի աջակցությամբ Արցախը կարողացավ 1988թ. ազատության դրոշ բարձրացնել և վստահաբար բռնել անկախության ուղին: Մեր գալիք հաղթանակները խարսխվել են այն արժեքների վրա, որոնք նվաճվել են հայ քաջորդիների նվիրական պայքարով, ասել է թե՝ Սարդարապատի ազգափրկիչ դերն ու ոգեշնչումի ուժն ամբողջացնում են հայ ժողովրդի ազգային հպարտությունը: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանզի համաժողովրդական համարտահայտությամբ ավելի քան 3 տասնամյակ առաջ արդեն ընտրել ենք ապագայի մեր ուղին»,- ասել է Հ. Ապրեսյանը:

ԱՀ ԱԺ փոխանախագահ Գագիկ Բաղունցը, շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ, խոսել է Արցախյան հարցով ընթացող բանակցությունների մասին. «Մենք չպետք է թույլ տանք փոխել բանակցությունների ձևաչափը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը: Մենք պետք է խուսափենք եռակողմ ձևաչափով բանակցություններից, քանզի Եվրոպան այսօր շահագրգռված է Ադրբեջանին ներքաշելու ՌԴ դեմ հակամարտության մեջ: Հայաստանի իշխանությունները պետք է արտահայտեն Արցախի ժողովրդի կամքը: Ոչ մի դեպքում չպետք է ստորագրվի փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է գտնվել Ադրբեջանի կազմում, դա է մեր հիմնական պահանջը և անկախ ամեն ինչից մեր կամքն այդ հարցում լինելու է անկոտրում: Մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կարողանալո՞ւ ենք մենք պահպանել հազարավոր մեր հերոսների արյան գնով ձեռք բերված անկախությունը, այդ հարցում մենք միակամ ենք լինելու»,- ասել է Գագիկ Բաղունցը:
Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել նաև Միրա Հայրապետյանը, Կառլեն Մայիլյանը, Ալյոշա Գաբրիելյանը:

«1988թ. բռունցքվեցինք, մի ընտանիք դարձանք, կարողացանք մեր հակառակորդին ծնկի բերել, ստեղծեցինք երկու պետականություն: Բայց եկավ 2018թ., և ազգիս մեջ ճաք տվեց միաբանությունը, դարձանք «նախկիններ», «ներկաներ», թշնամիներ, և այսօր եկել է պահը, որ մեզ պարտադրում են ստրուկի կարգավիճակում ապրել: Ոչ ոք չի կարող որոշել մեր ճակատագիրը, մենք արդեն մի անգամ 1991թ. մեր «այո»-ն ասել ենք: Մենք պետք է որոշենք մեր ճակատագիըը. ոչ ոք իրավունք չունի առանց մեզ մեր կարգավիճակը որոշելու, ոչ ոք նրանց մանդատ չի տվել: Մեզ նորից համախմբվել է պետք, նորից մեզ հարկավոր է բռունցք դառնալ, մոռանալ մեկս մյուսի հանդեպ վիրավորանքները ու սուրբ նպատակ ունենալ՝ ազատ, անկախ Արցախ»,- իր խոսքում նշել է Ասկերանի Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը:
