104 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը

104 տարի առաջ 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո ստեղծվեց Հայաստանի Հանրապետութունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաեւ Բրիտանական Կայսրության դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: Առաջին հանրապետությունը գոյատեւեց մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արեւմտյան եւ հարավ -արեւմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալուն, Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արեւելյան գավառները խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ չնայած կարճ կյանքին:
1918 թավականի մայիսյան հերոսամարտերի օրինաչափ լուսապսակը պետք է լիներ հայ ժողովրդի հազարամյակների պատմության խորքից եկած եւ գրեթե 6 դար դադարած պետականության վերականգնումը: Անդրկովկասը Թուրքիայի ասպատակումից պաշտպանելու գործին լծված հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինող «Հայկական ազգային խորհուրդը» մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի Հանրապետությունը: Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ եւ առաջ, Հայոց Պետականությունը վերակերտելու առումով, եթե չլիներ այդ պետությունը հայերն այդպես էլ իրենց պատմական հողերում կապրեին օտար իշխանությունների լծի տակ առանց սեփական պետության:
yerkirmedia.am