Հիտլերյան Գերմանիայում եթե հեռուստատեսություն լիներ, տիպիկ Հայաստանի հիմիկվա Հ1-ի նման կլիներ․ Գեղամ Մանուկյան

-Հանրային հեռուստատեսությունը որ տեսա, հասկացա, որ շատ դժվար աշխատանք ունենք անելու,- ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Դիմադրություն» շարժման ավտոերթի մեկնարկին։
«Հայաստանում միշտ էլ ազատության սահմանը հեռուստաընկերությունների ղեկավարներն են գծել, ոչ թե կառավարությունն անձամբ, և այսպիսի տոտալ անբարո քարոզչություն չի եղել։ Հիտլերյան Գերմանիայում այն ժամանակ եթե հեռուստատեսություն լիներ, տիպիկ Հայաստանի հիմիկվա Հանրային հեռուստատեսության նման կլիներ։ Ուղղակի ահավոր է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Ավտոերթի մասին նա ասաց, որ և՛ միացողներ կան, և՛ քաղաքացիները ազդանշաններով ողջունում են։
«Սա արդեն մեր առօրյայի մաս է դարձել, երբ մեր հայրենակիցներից շատերը, եթե նույնիսկ զբաղված են, աջակցություն հայտնելու համար ազդանշան են տալիս, մեկն առաջարկեց իրենց ավտոլվացման կայանում ավտոմեքենաները լվանալ, ամեն մեկը փորձում է ինչ-որ մի բանով աջակցել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ մարզային այցերը ևս շարունակվելու են։
yerkir.am